Մարդը վտանգի տակ է դրել ամբողջ երկրագնդի կյանքը
Երկրագնդի վայրի բնաշխարհն ապրում է աղետալի անկում: Պատճառը բնության մասնիկ` մարդու կողմից իրականացվող կործանարար գործողություններն են: Երկրագնդի կյանքի վերջին մի քանի միլիոն տարվա միայն վերջին 50 տարվա ընթացքում վայրի բնությունը կորցրել է իր ծավալի երկու երրորդը: Ինչպես Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն է իր զեկույցում նշում, «Կործանարար այս ընթացքը ցույց չի տալիս արագության գոնե չնչին անկում: Մարդը բնությունը ոչնչացնում է այնպիսի արագությամբ, ինչպես չի եղել նախկինում երբեք»։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ինչպես գիտնականներն են ասում, վայրի բնությունը գրանցել է «ազատ անկում, երբ այրում ենք անտառները, շարունակում անվերահսկելի ձկնորսությունը, տարբեր նպատակներով ոչնչացնում դաշտերը: «Մենք կործանում ենք այն, ինչն անվանում ենք մեր տունը: Մենք վտանգի տակ ենք դնում երկրագնդի բնակելի լինելու պայմանները»:
1970 թվականից ի վեր ոչնչացել է կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների ու ձկների 20 հազար տեսակների 68 տոկոսը: Ու եթե ոչինչ սրա դեմ չիրականացվի, կխախտվի ամբողջ էկոհամակարգը, որից կախյալ է մարդու գոյությունը:
Ըստ հիմնադրամի զեկույցի, կովիդ 19-ի համաճարակը մի լուրջ հիշեցում է այն մասին, թե ինչպիսի ուղիղ կապ կա մարդու ու բնության միջեւ:
Համաճարակների առաջացմանը նպաստող գործոնները, ինչպես օրինակ վայրի կենդանիների առևտուրը, նույնպես դարձել են վայրի բնության անկման պատճառ:
Սակայն կարո՞ղ է արդյոք մարդը կանգնեցնել կործանման ընթացքը:
«Այո»,– պատասխանում են գիտնականները ու շեշտում, որ հնարավոր է նույնիսկ վերականգնել կորսված բնության մի մասը, եթե սկսենք լուրջ քայլեր ու փոխենք մեզ համար սննդամթերք արտադրելու միջոցները: Ըստ «Կենդանի մոլորակ. 2020» վերտառությամբ աշխատաության, մարդը դա կարող է անել, եթե ստեղծի էներգիա ստանալու այլընտրանքային աղբյուրներ, մաքրի օվկիանոսներն ու մթնոլորտը, կրճատի թափոնների ծավալները, դադարեցնի սավանանների ու խոնավ բնակավայրերի կործանումը: Դա կարող է անել, եթե կանգնեցնի Երկրագնդի ջերմացման ընթացքը:
Վայրի բնությունն ամենամեծ կորուստն արձանագրել է ու շարունակում է արձանագրել արեւադարձային գոտում: Լատինական Ամերիկայում ու Կարիբյան ավազանում 94 տոկոսի անկումն ամենամեծ կորուստն է աշխարհում որեւէ տեղ գրանցված անկման ցուցանիշներից:
Բնության պահպանման միջազգային միության տվյալներով, որն ուսումնասիրել է բույսերի ու կենդանական աշխարհի 100 հազար տեսակ, 32 հազարը կանգնած է վերացման եզրին: 2019 թվականին գիտնականների միջկառավարական խորհուրդը եզրակացրեց, որ եկող մի քանի տասնամյակների ընթացքում կենդանական աշխարհը կարող է կորցնել կես միլիոն տեսակ, կես միլիոն տեսակ էլ կկորչի միջատների աշխարհից:
1970 թվականից ի վեր ամեն տարի կենդանական աշխարհի մոտ 4 տոկոսը կորսվել է գետերի վրա ամբարտակների ոչ ճիշտ կառուցման, քաղցրահամ ջրի պաշարները ոչ ճիշտ կիրառելու պատճառով նաեւ:
21-րդ դարը սնելու եւ այն վառելանյութով ապահովելու նպատակով մարդը Երկրագնդի կենսակարողությունը չարաշահում է առնվազն 56 տոկոսով:
Աշխարհն այսօր հայտնվել է կորոնավիրուսի համաճարակի կործանարար ազդեցությունը վերացնելու ճգնաժամի մեջ: Իսկ վայրի բնության կործանման այս ընթացքը, որի մեջ գտնվում է մարդկությունը, կարող է տանել դեպի նոր համաճարակներ, մեծացնել կենդանիներից մարդուն անցնող հիվանդությունների թիվն ու ամբողջ մեր մոլորակը վերածել աղետի գոտու:
«Մենք չունենք բնության հետ մոլեխաղի մեջ մտնելու իրավունք, քանի որ այդ մոլեխաղում մարդը կպարտվի»,– ասում են գիտնականները ու կոչ անում աշխարհին լավ մտածել աշխարհը փրկելու մասին: