«Կարճատև կտրվածքով ականատեսը կլինենք Իրանի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի սերտացման». Արամ Շահնազարյան

Լիբանանում ներկա դրությամբ քաղաքական անորոշ վիճակ է, նույնիսկ կարելի է ասել՝ քաղաքական քաոս է տիրում. կառավարություն ձևավորել ոչ մի կերպ չի ստացվում: Եվ սրա արդյունքում Լիբանանը դարձել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի, խաղացողների մրցակցության թատերաբեմ:

168.am-ի հետ զրույցում ասաց Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը:

«Այստեղ գլխավորը, որն աչքի է ընկնում, դա Լիբանանում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև մրցակցությունն է, մնացյալ ուժերն ինչ-որ կերպով հետևում են դրան: Մասնավորապես, Իրանը հետևում է այդ իրադարձություններին և փորձում ամեն գնով պահպանել «Հեզբոլլահի» դիրքերը: Այսինքն, որքան հնարավոր է՝ փորձում է անմիջականորեն չմիջամտել, որ «Հեզբոլլահը» կարողանա իր քաղաքական դիրքերն ամրապնդել: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը ևս ուշիուշով հետևում են տեղի ունեցող զարգացումներին, թեև կրկնում եմ՝ հիմնական մրցակցությունը Ֆրանսիայի և Թուրքիայի միջև է: Այսպիսի մի բան կա. Լիբանանի ֆրանսիական մանդատի 100-ամյակի առիթով Ֆրանսիան փորձում է վերադառնալ տարածաշրջան, Լիբանան և ստանձնել իր հիմնական դերակատարությունը, որն ունեցել է Լիբանանում»,- նշեց նա:

Մյուս կողմից, ըստ Շահնազարյանի՝ Թուրքիան է փորձում է ամբողջ տարածաշրջանով՝ լինի դա Սիրիա, Իրաք, Արաբական երկրներ, Հյուսիսային Աֆրիկա, վերականգնել երբեմնի Օսմանյան կայսրության ազդեցության գոտին, ինչը Թուրքիան, բնավ, չի թաքցնում:

«Հիմա գլխավոր մրցակցությունն ընթանում է Միջերկրական ծովում և Լիբանանում, և հենց Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև»,- ընդգծեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը՝ հավելելով, որ Ֆրանսիա-Թուրքիա մրցակցային, կոնֆլիկտային հարաբերություններում, բացի աշխարհաքաղաքական շահերից, նաև տնտեսական հսկայական շահեր կան:

Օրերս Եգիպտոսում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ «մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, որոնք տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են»:

Ի դեպ, այս մասին տեղական և ոչ տեղական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվում դեռևս տավուշյան մարտական գործողությունների օրերին:

«Այո, դա փաստ է, որ այդ վարձկանները, որոնք դերակատարություն են ունեցել Սիրիայի քաղաքացիական պատերազմում՝ որպես ահաբեկչական խմբավորումների մասնիկներ, տեղափոխվելու են Ադրբեջան, բայց դրանց այդտեղ կամ Թուրքիայում մնալը գլխացավանք է լինելու հենց Թուրքիայի համար: Այսօր Էրդողանի իշխանությունը փորձում է դրանց տեղափոխել Ադրբեջան, որ, այսպես ասած, հայկական ֆրոնտում կարողանա հարկ եղած դեպքում դրանց ծառայությունից օգտվել: Սա փաստ է, նրանք վարձկաններ են և վարձատրվում են Թուրքիայի կողմից»,- ասաց Արամ Շահնազարյանը:

Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի այցին Եգիպտոս և դրան հաջորդած մեկնաբանություններին, թե Հայաստանը փորձում է ամրապնդել արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի ուղղությամբ, մեր զրուցակիցը շեշտեց՝ դա շատ ճիշտ քայլ և քաղաքականություն է՝ մատնանշելով Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների ակտիվացման ՀՀ փորձերը, ինչպես նաև մերձավորարևելյան մյուս երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը:

Իսկ թե ո՞ր դեպքում Ւրանը կփորձի ինչ-որ կերպ զսպել Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու ֆոնին, Արամ Շահնազարյանը նախ ասաց՝ որքան Թուրքիան ամրապնդի իր տարածաշրջանային դիրքերը, որքան կարողանա վերականգնել Օսմանյան կայսրության ազդեցության գոտին, այնքան կհզորանա նրա դերակատարումը կովկասյան ճակատում, ինչը չի բխում ՀՀ-ի, Արցախի անվտանգային շահերից: Ինչ վերաբերում է Թուրքիա-Իրան հարաբերություններին, ապա նշվածը դամոկլյան սրի պես մի բան է Իրանի համար:

«Մի կողմից՝ պետք է նկատել, որ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հակամարտության ֆոնին, ինչո՞ւ չէ՝ Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների, Իրանին օդի և ջրի պես տարածաշրջանային դաշնակիցներ են անհրաժեշտ, և Թուրքիան այս առումով հիմա խաղում է Իրանի կողմից: Երկու երկրներն ունեն մարտավարական շահեր, կամ այս առումով ժամանակավոր ռազմավարական շահեր: Մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ երկու երկրների երկարատև անվտանգային և ռազմավարական շահերը տարածաշրջանում, Կովկասում, Մերձավոր Արևելքում չեն համընկնում: Ամենակարևոր գործոնը՝ Թուրքիայի ակտիվությունը Լիբանանում և Սիրիայում, չի բխում Իրանի շահերից, քանի որ Սիրիայում Իրանի համար գլխավորն Ասադի իշխանության պահպանումն է, Լիբանանում՝ «Հեզբոլլահի» դիրքերի ամրապնդումը: Ըստ այդմ՝ կարճատև կտրվածքով ականատեսը կլինենք Իրանի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի սերտացման, զարգացման և ամրապնդման, բայց կարող եմ վստահաբար ասել, որ սա կրելու է ժամանակավոր բնույթ, քանի որ 2 երկրների աշխարհաքաղաքական, տարաշաշրջանային, անվտանգային շահերը չեն համընկնում իրար բացարձակ»,- եզրափակեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

Տեսանյութեր

Լրահոս