Բացառիկ լուսանկարներ` 1905-1907թթ. Շուշիում, Բաքվում, Գանձակում և Նախիջևանում տեղի ունեցած կոտորածներից

1905-1907 թվականներին Շուշիում, Բաքվում, Նախիջևանում և հայկական այլ քաղաքներում հայ–թուրքական ընդհարումների ժամանակ հրդեհի ու թալանի մատնվեցին շատ շինություններ, հոգևոր ու մշակութային կենտրոններ։ Այդ թվականների զարհուրելի իրադարձությունները տեղ են գտել նույն ժամանակաշրջանում լույս տեսած տարբեր թերթերում։ Մասնավորապես, Մոսկվայում տպագրված պարբերականներն անդրադառնում էին Նախիջևանում տեղի ունեցած իրադարձություններին.

«Առևտրականներից մեկը` Ստեփան Գուլգուլևը, կրակոցներ լսելով` նետվեց դեպի խաները օգնություն խնդրելով, սակայն նույն պահին դաշույնի հարվածներից ընկավ Ջալալկուլի խանի ոտքերի տակ։ Հրաձգությունը սկսվելուն պես բարձրաստիճան պետերը չքացան շուկայից իրենց տները և չերևացին մինչև կոտորածի ավարտը։ Պրիստավ Մեհթի խանը մի ոստիկանի հետ մնաց շուկայում` ղեկավարելով կողոպուտը։ Բացի նրանից` ավազակախմբի պարագլուխներից էին գավառային վարչության պաշտոնյա Կ.-ն, ազդեցիկ մտավորական մուսուլման Ա.-ն, Նախիջևանում հայտնի մարդասպաններ Հուսեյն Նավրուզը, Հաջի-Հուսեյն Ալի Կուրբանովը և ուրիշներ։ Փականագործ Ֆարադնեն հատուկ զբաղվում էր չհրկիզվող պահարանները ջարդելով։ Այս ավազակները հայերից ոչ մեկին չխնայեցին. Սպանե՛ք անհավատներին, կողոպտեք, այրեք։ Թող անիծվի նա, ով թեկուզ մի տաշեղ կթողնի»։ («Санкт-Петербургские ведемости», 01.07. 1905: Հատվածը մեջբերված է Սեն Հովհաննիսյանի «Նախիջևան» գրքից։ Երևան, 2015 թվական, էջ 131)։

Հայկական թերթերը ևս լուսաբանում էին Նախիջևանում և այլ տեղերում կատարված վայրագությունները։ Եթե համեմատականներ տանենք, ապա հայ ու օտար մամուլում լույս տեսած հոդվածների բովանդակությունն ու սյուժեները նույնն էին։ Երկու դեպքում էլ ներկայացվում էին թուրք-թաթարական ուժերի վայրագությունները.

«Ջահուկ կամ Ջահրի. Նախիջևանի գավառի ամենամեծ ու հարուստ գյուղն է, որի ազգաբնակության երեք քառորդը  թուրքեր են, իսկ հայերը կազմում են 176 տուն։ Այս գյուղը հռչակվեց Նախիջևանի գավառի ջարդերի մեջ։ գյուղի թուրք բնակչությունը իր տանուտեր Աբասի ղեկավարությամբ մայիսի 12-ին հարձակվեց հայ թաղի վրա և անսպասելի կերպով սկսեց կոտորել անզեն հայ գյուղացիներին։ Թալանվել էին հայերի տները, եկեղեցին, երեք դպրոց և հայերի խանութները, հրդեհված են չորս տուն և ութ խանութ, սպանված են հիսունմեկ հայ և վիրավորված տասներեք հոգի։ Հայ ազգաբնակչության ընդհանուր նյութական վնասը հաշվում է 395 հազար ռուբլի։ Հայ գյուղացիները փախել էին շրջակա հայ գյուղերը և դեռ մինչև օրս չեն կարողանում վերահաստատվել իրենց տներում, յուրաքանչյուր անգամ վտանգ զգալով թուրքերի կողմից»։ («Արշալույս» թերթ, հոկտեմբերի 2, 1905 թվական: Նույն տեղում` էջ 140)։

Հետաքրքրական է, որ 1905-1907 թվականներին Նախիջևանում, Գանձակում և Շուշիում տեղի ունեցած կոտորածներից կան բացառիկ լուսանկարներ, որոնք 1907 թվականին լույս են տեսել Սանկտ Պետերբուրգում տպագրված «Արցունքներ» գրական-երաժշտական-գեղարվեստական ժողովածուում։ Լուսանկարների հենց սկզբում պարբերականի խմբագրակազմը գրում է. «S.P. Դժբախտաբար մեր հրապարակական կոչը լրագրութեան միջոցով և առանձին դիմումները զանազան անհատներին, շատ չնչին դրական հետևանք ունեցան և մենք անկարող եղանք ձեռք բերել աւելի մանրամասն և բազմաթիւ նկարներ. Մեր դիմումները մնացին «Ձայն բարբառոյ յանապատի»……։ Բացի այդ` մեզ ուղարկուած լուսանկարներից շատերը այնքան թոյլ և վատ էին հանուած, որ դոցանից կլիշէներ պատրաստել անկարելի էր, ուստի մենք զետեղել ենք այն լուսանկարները, որոնք պէտք եկան կլիշէներ պատրաստելու համար» («Արցունքներ», 1907 թվական, էջ 59):

Լուսանկարներին կից խմբագրակազմը ևս մեկ հետաքրքիր գրառում է կատարում. «Մեզ ուղարկուած լուսանկարներից շատերը առանց ստորագրութեան էին, և մենք ստիպուած ենք առանց ստորագրութիւնների հրապարակելու, որովհետև չգիտենք, որ քաղաքի տեսարաններից են և ինչպես են» (Նույն տեղում` էջ 65):

 

Լուսանկարներից մեկի ներքևում գրված է, որ դա Շուշիի Ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որ թալանվել է թուրքերի կողմից 1905 թվականի օգոստոսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում։ 1822  թվականին կառուցված եկեղեցին վերջնականապես ավերվեց 1920 թվականի մարտին, երբ ոչնչացվեց նաև Շուշի քաղաքի հայկական թաղամասը։ Եկեղեցուց ոչինչ չի պահպանվել։ Լուսանկարներից հաջորդ բացառիկը ևս չունի գրառում, թե այն որտեղ է արված։ Սակայն մենք ենթադրում ենք, որ այն արված է Շուշիում։ Լուսանկարում երևում է մարդկանց խումբ, որոնք հավաքված են մզկիթի մինարեթի մոտ։ Սա ամենայն հավանականությամբ Շուշիում գտնվող մզկիթներից է։ Այն մինչ օրս կանգնում է և կարծես թե լուսանկարում պատկերվածը հենց Շուշիի մզկիթն է։

Ցավալիորեն պետք է փաստել, որ 20-դարում մենք նախ նորովի բացահայտեցինք թուրքական վայրագությունների նոր ձեռագիրն ու բնավորությունը, ապա հետագայում ստիպված եղանք ինքներս մեզ տանել դեպի թուրքական կեռ սուրը։ Սա փաստում ենք ցավալիորեն, որպեսզի ներկայում և ապագայում նորից չփորձենք հավատալ մեր գենետիկ թշնամու «բարի կերպարին»։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս