Առաջիկա 3 տարում  կառավարությունը կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում

Բոլորովին վերջերս, շատերի համար աննկատ ու առանց իրեն բնորոշ աղմուկի, կառավարությունը հաստատեց 2021-2023թթ. Միջինժամկետ ծախսերի ծրագիրը։ Սա փաստաթուղթ է, որով ամրագրվում են իշխանությունների նպատակադրումներն առաջիկա 3 տարիների համար։ Այդ թվում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։

Սոցիալական ոլորտում սպասելիքները շատ համեստ են, եթե նույնիսկ կարելի է այդպես ասել։ Կառավարությունն իր առջև մեծ նպատակներ չի դնում, ու հասարակությունն էլ մեծ սպասելիքներ չպետք է ունենա։

Ծրագրով առաջիկա 3 տարում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Բայց աշխատավարձերը դեռ մի կողմ թողնենք, որովհետև այդ խնդրի լուծման համար, հասարակության աչքից հեռու, գտել են զարտուղի այլ ճանապարհ՝ մասսայաբար պարգևավճարներ են բաժանում։

Խոսենք կենսաթոշակների մասին։

Ահա թե ինչ է ամրագրել կառավարությունն այդ ծրագրում  կենսաթոշակային ապահովության ոլորտում։

«Միջնաժամկետ ժամանակահատվածում համապատասխանաբար նախատեսվում է հատկացնել 352,682.7 մլն դրամ, 359,011.5 մլն դրամ և 365,461.2 մլն դրամ 2020 թվականի 351,652.5 մլն դրամի դիմաց, կամ 2020 թվականի համեմատ 2021 թվականի աճը կազմում է 0.3 տոկոս, 2022 թվականի աճը 2021 թվականի համեմատ և 2023 թվականի աճը 2022 թվականի համեմատ՝ 1.8 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է կանխատեսվող շահառուների թվաքանակի փոփոխությամբ»,- ասվում է կառավարության Միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

Այս թվերը կենսաթոշակառուներին գուցե շատ բան չեն ասում։ Ու որպեսզի պարզ լինի, թե ինչ է ակնկալվում դրանց արդյունքում, բերենք ևս մեկ հատված կառավարության ծրագրից՝ «Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում միջին ամսական կենսաթոշակների չափերը»:

Ահա այն, ինչին պետք է սպասել։ Սա նշանակում է, որ առաջիկա 3 տարիներին կեսանաթոշակառուները չպետք է ունենան կենսաթոշակի բարձրացման ակնկալիք։ Կառավարությունը մտադիր չէ կենսաթոշակ բարձրացնել։

Խոսքը հասարակության ամենախոցելի խավերից մեկի՝ ավելի քան 450 հազար կենսաթոշակառուների մասին է։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես պիտի անդրադառնա այս մարդկանց կյանքի պայմանների վրա։

Իշխանափոխությունից հետո միայն երրորդ բյուջետային տարում կառավարությունը որոշեց բարձրացնել կենսաթոշակները։ Այն էլ՝ ընդամենը 10 տոկոսով, որը համարժեք էր հազիվ 3-4 հազար դրամի։ Եթե պիտի կյանքի կոչվեն կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագրի, այսպես կոչված, նպատակադրումները, ապա վերջին բարձրացումից լավագույն դեպքում առնվազն 3 տարի հետո կենսաթոշակառուները կարող են ակնկալել կենսաթոշակների բարձրացում։

Սա է լինելու այն իշխանության առաքելությունը կենսաթոշակառուների համար, որը եկել էր բարելավելու այս մարդկանց կյանքը։ Նրանք ստիպված կլինեն բավարարվել ընդամենը 3-4 հազար դրամով, ինչը որպես հավելում՝ պիտի ստանան իրենց խղճուկ կենսաթոշակներին։

Այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ պետական կառավարման ապարատում պատահաբար հայտնված բարձրաստիճան պաշտոնյաները շարունակելու են վայելել վարչապետի թեթև ձեռքով իրենց տրված պարգևավճարները։ Նրանք մտադիր չեն պարգևավճարներից հրաժարվել անգամ այն պարագայում, երբ պետական բյուջեն հայտնվել է կրախի առաջ, ու կառավարությունը պարտքեր է վերցնում՝ առաջացած հսկայական ճեղքվածքը փակելու համար։

Հիմա արդեն նույնիսկ կառավարությունն է սկսել գիտակցել, որ բյուջեի եկամուտների բացը շատ ավելին է լինելու, քան ի սկզբանե հաշվարկել էր։ Կառավարության Միջինժամկետ ծախսերի ծրագրում այս տարվա հարկային մուտքերի թերակատարման կանխատեսումը դարձել է 206 մլրդ դրամ։

Բայց դա էլ դեռ վերջը չէ։ Հաշվարկի հիմքում դրված է 2,6 տոկոս տնտեսական անկման ցուցանիշը, որի ապահովման հավանականությունն այս պահին մոտենում է զրոյի։ Իսկ դա նշանակում է, որ տարեվերջին ունենալու ենք շատ ավելի ծանր բյուջետային իրավիճակ։

Սպասվում է նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վատացում. նախորդ տարվա 22,3 տոկոսի դիմաց, կանխատեսվում է, որ 2020թ. հարկերը համախառն ներքին արդյունքի մեջ կկազմեն 21,5 տոկոս։ Այսինքն՝ կնվազեն 0,8 տոկոսային կետով։

Սա ոչ միայն հսկայական հետընթաց է, այլև ենթադրում է տնտեսության մեջ չհարկվող շրջանառության ավելացում։

Հիշեցնենք, որ ինչքան փոքր է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, այնքան ստվերն ավելի մեծ է։

Զարմանալի չէ, որ հաջորդ տարվա համար կառավարությունը ծախսերի աճ գրեթե չի նախատեսում։ Դրանք չնչին տարբերություն կունենան այս տարվա համեմատ։

Կառավարությունը սպառել է նույնիսկ վարկային միջոցների ներգրավման հաշվին բյուջեի ծախսերն ավելացնելու լիմիտը։ Ուստի ստիպված է խիստ կոնսերվատիվ մոտեցում ցուցաբերել հաջորդ տարվա ծախսերի նկատմամբ։

Միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է 2021թ. ծախսերն ավելացնել ընդամենը 23-24 մլրդ դրամով։ Ու դա, հավանաբար, առանց էական փոփոխության, տեղ կգտնի հաջորդ տարվա բյուջեի նախագծում, որը շուտով պիտի հաստատի կառավարությունը։ Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն Ազգային ժողովին է ներկայացվում տարվա ավարտից 90 օր առաջ։ Այսինքն՝ հոկտեմբերի 1-2-ին։

Բայց այդ փաստաթղթի հետ կապված մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Ծախսերը, այդ թվում՝ սոցիալական ոլորտում, կմնան հիմնականում նույնը, և ոչ մի նշանակություն չունի, որ սոցիալական իրավիճակը երկրում լարվել է, իսկ ապրելու պայմանները գնալով վատանում են՝ հասարակության հիմնական մասի եկամուտների ու գնողունակության կրճատման հետևանքով։

Այնպես որ, լավ ապրելու հույսերը կրկին հետաձգվում են։ Մինչդեռ, երբ Նիկոլ Փաշինյանին բերում էին իշխանության, մարդիկ մտածում էին, որ դրանից հետո իրենց կյանքը բարելավվելու է։

Հիմա արդեն այդ մասին նույնիսկ անիմաստ է խոսել։ Կյանքի բարելավման վերաբերյալ խոստումները վաղուց արդեն դարձել են վատ երազ։ Կյանքը բարելավելու փոխարեն՝ հետ է գնացել ու դեռ շարունակում է գնալ։

Չկան ակնկալիքներ նաև ապագայի հետ կապված։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս