«Չէի ցանկանա, որ նման օրինագիծ շրջանառվեր». Թագուհի Թովմասյանը դեմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծին

Սեպտեմբերի  7-ին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ   քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որը հանձնաժողովին էր ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Առաջարկվող նախագիծը վերաբերում էր վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափին։

Քաղաքացիական գործող օրենքով նախատեսված է նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկ փոխհատուցում՝ վիրավորանքի դեպքում, իսկ զրպարտության համար՝ նվազագույն  աշխատավարձի մինչև 2000-ապատիկի փոխհատուցում: ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 1000-ապատիկը դարձնել 5000-ապատիկ, 2000-ը՝ 10.000-ապատիկ, եթե դրամայինի վերածենք, ապա 1 մլն դրամը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն դրամ։ Նախագծի հեղինակն ընդգծեց, սակայն, գումարի չափի վերջնական որոշումը թողնվում է դատարանին:

168.am ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վերաբերմունք ունի Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծի հետ կապված, քանի որ կարծիքներ են հնչում, որ այն ուղղված է ազատ խոսքի դեմ:

«Նախ, ուզում եմ արձանագրենք, որ այն օրենքը, որն այսօր գործում է, տուգանքի հստակ սահմանաչափով՝ 2 մլն դրամ, գործում է: Եթե մենք խոսենք, որ այդ 2 մլն  դրամը կարող է խոսքի ազատությանը խոչընդոտել, ուրեմն՝ կարող ենք ասել, որ 10 մլն դրամն էլ է խոչընդոտելու: Այսինքն՝ 2 մլն դրամը փոքր գումար չէ, որ որևէ լրատվամիջոց կամ անհատ պետք է հեշտությամբ տանի և վճարի: Կարծում եմ՝ այստեղ խնդիրն ավելի շատ վերաբերում է սկզբունքի որդեգրմանը, ենթադրում եմ, որ գործընկերս սա է դրել հիմքում: Այնուամենայնիվ, նախագիծը դեռ չկա օրակարգում: Եվ հիմա ես չեմ կարող իմ դիրքորոշումը հայտնել, մինչև վերջնական խորհրդարանում նախագծին չծանոթանանք, այդ քննարկումների ժամանակ ես իմ տեսակետը կհայտնեմ»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը կարծում է, որ նախագիծն ուղղված չէ ազատ խոսքի արտահայտման դեմ, այլ՝ ևս մեկ քայլ է, որպեսզի հանրային դաշտում հնարավորինս զերծ մնան վիրավորանքներից:

«Այդուհանդերձ, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սա էլ է լինելու ոչ արդյունավետ միջոց, քանի որ կյանքը ցույց է տվել, որ մենք խնդիրներ ունենք դատական նախադեպերի, այսինքն՝ մենք միմյանց քիչ ենք դատի տալիս վիրավորելու համար: Եթե այդ դեպքերը շատանան, այդ դեպքում մենք կկարողանանք խոսել ընդհանրապես վիրավորանքի և զրպարտության մասով դատական գործընթացներում տարած հաղթանակների, հետևաբար՝ նաև խնդրի կարգավորման մասին: Կարծում եմ՝ սրանով խոսքի ազատությունը չի վնասվի, թեպետ ես չէի ցանկանա, որ նման օրինագիծ շրջանառվեր, ու դեռ քվեարկության մասով որոշում ունեմ»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը:

Հարցին՝ այսինքն՝ հնարավո՞ր է՝ նախագծին դեմ քվեարկի, Թ. Թովմասյանը պատասխանեց. «Չի բացառվում»:

Դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ առաջին հերթին իշխանությունը պետք է իր վարքը վերանայի, քանի որ համատարած զրպարտությունն ու վիրավորանքը տարածվեց իշխանափոխությունից հետո, այս առումով ի՞նչ կարծիք ունի, պատգամավորը պատասխանեց, որ, եթե որևէ մեկը կարծում է, որ դիմացինն իրեն վիրավորել է, պետք է դիմի դատարան՝ այլ ճանապարհ չկա:

«Բայց, ցավոք, մենք ունենք միայն դժգոհություններ հրապարակային դաշտում և ոչ իրավական ճանապարհ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ թե տուգանքի չափի մեջ է, այլ օրենսդրության ձևի ու բովանդակության: Թերևս, առաջիկայում ես էլ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգամ, որ ավելի դյուրինացվի վիրավորանքի և զրպարտության դեպքերում դատարան դիմելու և դատարանից պատասխան ակնկալելու մասով: Հիմա ի՞նչ իրավիճակ ունենք․ մեկը մեկին վիրավորում է, ու այդ հայցը տարիներով մնում է դատարանում, մինչև քննության ավարտ այդ վիրավորանքը մոռանում են, և անիմաստ է դառնում դատարան դիմելը: Ըստ իս, մենք այստեղ խնդիր ունենք և այդ հարցը պետք է կարգավորենք: Այնուամենայնիվ, ինքս նման բովանդակությամբ քննարկումների ժամանակ միշտ ասում եմ, խնդրում եմ, որ բոլորին կարող են քննադատել, սակայն զերծ մնան միմյանց վիրավորելուց»,- ընդգծեց պատգամավորը:

Ի դեպ, հարցազրույցը դեռ չէինք հրապարակել, Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք, այդուամենայնիվ՝ նախագծին ինչպե՞ս է քվեարկելու, ինչին ի պատասխան՝ պատգամավորը հակիրճ պատասխանեց. «Դեմ եմ քվեարկելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս