«Եկել եմ այն եզրահանգման, որ գումարով «սպառնալը» կարող է իր ազդեցությունն ունենալ». Ալեն Սիմոնյանը՝ հեղինակած նախագծի մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Համապատասխան առաջարկն օրենքի նախագծի տեսքով նա ներկայացրել է Պետաիրավական հանձնաժողովին։
Առաջարկվող նախագիծը վիրաբերում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափին։
ԱԺ փոխնախագահն առաջարկում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափերը մեծացնել՝ հասցնելով համապատասխանաբար մինչև 5 և 10 մլն դրամի, սակայն այդ ամենը թողնելով դատարանի որոշմանը։
Հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ կիսում է Ալեն Սիմոնյանի և մյուս գործընկերների կարծիքները, որ այսօր իրավիճակը մոտենում է ծայրահեղ լարված վիճակի։
«Այս ատելության մթնոլորտով հիմա ես էլ հայց եմ ներկայացրել մեկ այլ լրատվամիջոցի դեմ, ով իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն էր տարածել։ Ըստ էության սա բոլորիս է վերաբերում, և նման թեմայի շուրջ անընդհատ խոսելն առնվազն անհրաժեշտություն է։ Երկու հարց ունեմ՝ ես էլ, Դուք էլ իրավաբան ենք և շատ լավ գիտենք, որ իրավական գործիքներով նման երևույթներով պայքարելը այդքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտ է նաև սոցիալական այլ գործիքների օգտագործում՝ սկսած բարոյահոգեբանական մթնոլորտի ավելի բարենպաստ միջավայր դարձնելով և այլն։ Եթե միայն իրավական գործիքներն աշխատեցնենք և մնացածի մասին մոռանանք, կարծես թե խնդիրը չի լուծվի։ Դուք սոցիալական ի՞նչ գործիքներ եք տեսնում, որ սրան զուգահեռ՝ կարելի է օգտագործել այդ խնդիրը լուծելու համար։ Եվրոպական դատարանի մասին խոսք եղավ, օրինակ, Եվրոպական դատարանը վերին շեմի մասին չի խոսում, և վերին շեմ, որպես այդպիսին չկա։ Դատարանն ինքն է գնահատում, թե որ դեպքում որքան պետք է սահմանվի։ Երբ վերին շեմ ենք սահմանում, ես ուզում եմ հասկանանք դրա նպատակահարամարությունն ու պատճառաբանությունը»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Մինչև հնչեցրած հարցերին պատասխանելն Ալեն Սիմոնյանը նախ պարզաբանեց, որ ինքը քրեական իրավունքի մասնագետ է և կարող է ասել, որ պատժի հետ կապված չափերը 35-40 տոկոսի դեպքում նաև պատճառ են հանդիսանում կանխելու հանցագործությունները։
«Ցավում եմ, որ մենք բոլորս արդեն համաձայն լինելով, որ նման խնդիր է առկա, մենք պտտվում-պտտվում ենք ու… օրինակ, ես եկել եմ այն եզրահանգման, որ գումարով «սպառնալը» կարող է իր ազդեցությունն ունենալ։ Անկեղծ ասած, բացի մշակույթ զարգացնելուց և սեփական օրինակով ցույց տալուց, չէ՞ որ ես հանդիսանում եմ մարդ, որը բազմաթիվ հարցազրույցներ է տալիս և հրապարակային ելույթներ է ունենում։ Այն նախագիծը վերաբերում է ոչ միայն իմ մասին գրողներին, այլև ինձ է վերաբերում, ես խոսում եմ բազմաթիվ քաղաքական գործիչների, լրատվամիջոցների մասին։ Անկեղծ ասած, այս պահին այլ ձև չեմ տեսնում, քան այդ պատասխանատվության աստիճանը բարձրացնելը»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահի բերած նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, սակայն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այն կներկայացվի ոչ թե այս լիագումար նիստում, այլ հաջորդ նիստերից մեկի ժամանակ։