«Փաշինյանի հեռացման պահանջ չկա, չեմ հասկանում՝ այս ինչ արհեստական օրակարգ են ստեղծում». Անի Սամսոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը չի կիսում տեսակետը, թե իրենց խմբակցությունը, չմասնակցելով Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների քվեարկությանը, բայց մասնակցելով ԱԺ նիստին ու թեկնածուներին հարցեր առաջադրելով, մաս է կազմում իրենց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի բնորոշած հակաօրինական գործընթացին։

«Մենք այս հակաիրավական գործընթացին մաս կկազմեինք, եթե նրանց քվեարկությանը մասնակցեինք, իսկ նիստին մասնակցելով ու թեկնածուներին հարցեր առաջադրելով՝ մենք նպատակ ենք ունեցել ցույց տալ, թե ինչպիսին են այն թեկնածուները, որոնցով այս իշխանությունը փոխարինում է ՍԴ նախկին դատավորներին։ Պարզվում է՝ պատկերն այնքան էլ ուրախացնող չէ. օրինակ՝ Երվանդ Խունդկարյանն ունեցել է ոչ տպավորիչ և խնդրահարույց անցյալ։ Էդգար Շաթիրյանին մեկ անգամ ընտրել ենք Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ, որից հետո այդ մարդը Ազգային ժողովից ճառեր էր ասում, թե ինչպես է ուզում իր ներդրումն ունենալ այդ պայքարում, բայց չընտրվեց հանձնաժողովի նախագահ և հեռացավ։ Ի դեպ՝ կարելի է իրենից հիմա հարցնել՝ այժմ է՞լ է կեսից թողնելու և հեռանա։ Ինչ վերաբերում է Արթուր Վաղարշյանին, ապա մեկ անգամ Ազգային ժողովն այդ անձին արդեն մերժել է, և սա անհարգալից վերաբերմունք է, երբ մի անգամ մերժված թեկնածուի հարցը բերում են խորհրդարան»,- ասաց Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի այն դիտարկմանը, որ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն նախընտրում են ոչինչ չանել՝ չմասնակցելով դատավորի թեկնածուների քվեարկությանը, Անի Սամսոնյանը հակադարձեց.

«Կան պահեր, երբ լռելն ու ոչինչ չանելն ավելի իմաստուն է, քան խոսելն ու ինչ-որ բան անելը։ Պարոն Ռուբինյանին պետք է ասեմ, որ երբեմն ոչինչ չանելը շատ ավելի լավ է, քան ինչ-որ բան անել՝ անօրինական ճանապարհով և Սահմանադրությունը խախտելով։ Իրենց դեպքում ավելի լավ էր ոչինչ չանեին և Սահմանադրական դատարանին ձեռք չտային, որովհետև հիմա հայտնվել ենք անհասկանալի իրավիճակում։ Ինչ վերաբերում է քվեարկությանը չմասնակցելուն՝ ապա ի՞նչ իմաստ ունի կողմ, դեմ, ձեռնպահ քվեարկել մի թեկնածուի, որը Ազգային ժողով է եկել հասել ոչ իրավական գործընթացի ճանապարհով, իսկ հարցեր տալիս ենք, որ հանրությունը տեսնի, թե նախորդների դիմաց ո՞ւմ են բերել՝ որպես թեկնածու։ Այս թեկնածուների անցյալն ավելի լավը չէ, քան նախկիններինը»,- ասաց Սամսոնյանը՝ հերքելով, որ ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկություններին չմասնակցելով՝ իրենք պատասխանատվությունից խուսափելու հարց չեն ուծում, քանի որ, ըստ նրա, նման հարց գոյություն չունի։

Դիտարկմանը՝ իսկ չի՞ կարծում, որ որպես ընդդիմադիր խմբակցություն՝ կարող էին ժամանակին կանխել ՍԴ-ում ստեղծված այս իրավիճակը, բայց չկանխեցին, Անի Սամսոնյանը պատասխանեց.

«Դրանում մենք մեղավոր չենք, դրանում մեղավոր է Սահմանադրական դատարանը, երբ որոշեց, որ Երկրորդ նախագահի գործը սեպտեմբերին քննելու փոխարեն՝ քննելու է հուլիսին։ Այդ վարքագիծը մեզ թույլ տվեց եզրակացնել, որ կարող ենք դառնալ որոշ ուժերի ձեռքին գործիք, և այդ մասին անկեղծ ասել ենք։ Չենք կարծում, որ մենք կարող էինք կանխել ՍԴ-ում առկա ճգնաժամը»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաև իրենց խմբակցության՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդման մասին, որը սեպտեմբերի 16-ին քննարկվելու է Ազգային ժողովում։

Հարցին՝ ինչո՞ւ հիմա և ոչ թե, ասենք, մի քանի ամիս առաջ, երբ, օրինակ, 19 միավոր ստացած դիմորդը զրկվում էր բուհ ընդունվելու հնարավորությունից, Անի Սամսոնյանը նշեց, որ անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել են դեռևս գարնանը՝ մայիսին, սակայն կա որոշակի ընթացակարգ, որը պետք է այդ նախաձեռնությունն անցներ։

«Գարնանը ներկայացրել ենք գիտության և կրթության հետ կապված բազմաթիվ հարցեր, և 30 օրվա ընթացքում նախարարությունից մեզ պատասխանել են, որից հետո նոր անվստահություն կարող ես հայտնել պաշտոնյային, եթե այդ հարցը նախապես քննարկվել է Ազգային ժողովում։ Ամռանը նիստեր չկային, այդ պատճառով հարցապնդումը կքննարկվի այս նստաշրջանում, թեև փաստ է, որ մինչև մեր հարցապնդումի պատրաստումն այնքան բան տեղի ունեցավ. Օրինակ, Արայիկ Հարությունյանը զբաղվում է հովանավորչությամբ և շատ կոպիտ միջամտում բուհերից մեկի կառավարման գործընթացներին. այլ խնդիրներ ևս կան»,- ասաց պատգամավորը՝ հերքելով տարածվող այն գնահատականները, թե Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու պահանջով ընդամենը փորձում են Փաշինյանի իշխանության նկատմամբ քննադատություններն առժամանակ մեղմել կամ այդ քննադատությունը կառավարելի դարձնել։

«Երբ կա ոլորտի պատասխանատուի հեռացման պահանջ, ես չեմ հասկանում, թե որտեղի՞ց են գալիս այս դավադրությունները։ Այստեղ Փաշինյանի իշխանության դեմ ընդվզման մասին չէ խոսքը։ Օրինակ՝ նույն դժգոհությունը կա նաև Արսեն Թորոսյանի դեմ, բայց մենք գարնանը, երբ ուղարկել էինք Արայիկ Հարությունյանի հարցապնդումը, համարել ենք անընդունելի համավարակի փուլում նախարար Թորոսյանի հեռացման հարցը դնելը։ Մենք հիմա ցանկանում ենք հեռացնել մի նախարարի, որը բացասական հետևանք է ունենալու մեր սերունդների կրթության վրա։ Սա է հրատապ հարցը, իսկ այդ դավադրություններն արհեստական են, և այն ստեղծում են իշխանությունը և նախկին իշխանությունը. իշխանությունը փորձում է փչացնել մեզ, որ մենք իշխանության չգանք, իսկ նախկին իշխանությունը փորձում է փչացնել մեզ՝ մեր տեղը գրավի։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ ապա դա պետք է հասունանա հանրության շրջանում, իսկ այսօր չկա Փաշինյանի հեռացման պահանջ, չեմ հասկանում՝ ինչ արհեստական օրակարգ են ստեղծում»,- ասաց Սամսոնյանը։

Հարցին՝ ԲՀԿ-ն պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել, կմիանա՞ն արդյոք այդ հանրահավաքին, թե՞ կրկին իրենց պատճառները կներկայացնեն, Անի Սամսոնյանը պատասխանեց.

«Նախ՝ այդ հանրահավաքի օրակարգը պետք է հասկանանք, եթե, օրինակ, կրթության հարցն է, կգնամ, կմիանամ, բայց պետք է հասկանանք՝ ի՞նչ օրակարգով են հանրահավաք անում, ես կարծում եմ, որ որոշ հարցեր միասնություն են պահանջում, և գուցե միանանք՝ ինչո՞ւ ոչ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս