«Եթե նոր ես, բայց քո հայացքներն այնքան հետամնաց են, որ 30-ականների Գեբելսի «Կորսված օրագրից» ինչ-որ մտքեր ես մեջբերում ու դա անում ես հպարտությամբ, սա ուղղակի խեղկատակություն է». Գրիգոր Մուրադյան
«Այս պահին մակերեսային եմ հետևում այլևս, որովհետև այդ գործընթացն ի սկզբանե հակասահմանադրական է, և այդ ընտրությունը ոչինչ չի փոխելու այդ հարցում, նույնիսկ, եթե ընտրվեն առավել անկախ դատավորներ: Դա չի լեգիտիմացնի հետագա ՍԴ մեծամասնությանը: Նույնիսկ ավելին, այդ կասկածները նման ընտրություններով ավելի են խորանում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հետևո՞ւմ է արդյոք ՍԴ դատավորների ընտրության գործընթացին:
Խոսելով ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման անհնարինության մասին, ինչին օրեր առաջ անդրադարձել էր նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, Գրիգոր Մուրադյանն ասաց, որ կարծում է՝ օրենսդրի կողմից տեքստային արտահայտություն չի ստացել այն, որ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցված են:
«Սահմանադիրն այնքան ապաշնորհ է գտնվել, որ ունակ չի եղել պատշաճ ձևակերպել Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարման փաստը»,- նկատեց Գ. Մուրադյանը՝ հավելելով, որ, եթե Ալվինա Գյուլումյանը նիստերին չի մասնակցում հիմա, ուրեմն այս կազմն ինքնին լեգիտիմ չէ:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով նախատեսվող ՍԴ և Վճռաբեկ դատարանների՝ մեկ մարմնում միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հարցին՝ Գրիգոր Մուրադյանն ասաց, որ սա շինծու օրակարգ է, որը քաղաքական նպատակներ է հետապնդում:
«Այդ նպատակները, իմ գնահատմամբ՝ հետևյալներն են: Նախ՝ ստեղծել հնարավորություն, որպեսզի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների բոլոր դատավորների մասով կադրային որոշումներն իրենք կայացնեն: Բացի դրանից, նրանց պահել լարվածության մեջ՝ ստիպելով, ըստ էության, նրանց կայացնել իշխանահաճո որոշումներ, և երրորդը՝ լիազորությունների հայեցողաբար բաշխում»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ում 250 դատավորի չի կարելի վստահել նորմի սահմանադրականությունը որոշելու հարց, որովհետև ոչ բոլորն ունեն բավարար իրազեկվածություն և մասնագիտական հմտություն, և եթե 5 տարի էլ պետք է դատավորներին կրթեն, որ նրանք ձեռք բերեն այդ հմտությունը, դա անհեթեթություն է:
«Կարծում եմ՝ գերխնդիրը հենց այն է, որ վերաձևեն լիազորությունները, ու այնպիսի լիազորություններ թողնեն Գերագույն դատարանին, որոնք կլինեն իշխանահաճո: Օրինակ, վերացնել սահմանադրական փոփոխությունների նախնական սահմանադրական վերահսկողության ինստիտուտը, ինչի մասին այս իշխանության ներկայացուցիչները քաղաքական ակնարկներ անում էին»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Վերջինս անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որը նա արել էր BBC-ի HARDtalk-ին տված հարցազրույցում, թե իրենք ցանկանում են ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որն ամբողջովին կհամապատասխանի մեր Սահմանադրության տառին և ոգուն:
«Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք ուզում հիմա լուծարել երկու ատյանները և ստեղծել Գերագույն դատարան: Եթե դա արել եք, ինչո՞ւ եք դա հիմա անում: Ես խիստ թերահավատ եմ, որ այդ անցումն իրենց մոտ ստացվելու է: Այնպիսի դատավարական նրբություններ և խնդիրներ կան… Պատկերացրեք, սահմանադրական դատավարության կարգը պետք է ինտեգրեն սովորական կարգերին: Եթե 5 նախադասություն գրելիս 10 հատ սխալ են անում, նաև քերականական, ինչպե՞ս կարող են այս մարդիկ այդ անցումն ապահովել»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ «նոր» դատավորների ընտրությանը, Գրիգոր Մուրադյանը տարակուսեց, որ, փաստորեն, Հրայր Թովմասյանը հին է, իսկ Երվանդ Խունդկարյանը՝ նոր:
«Թողնում եմ իրենց խղճին հնի և նորի այդ մոտեցումը: Դա մոտավորապես Վահե Գրիգորյանի անդամ-դատավոր բառախաղին է նման: Դա որևէ մեկի համար այլևս լուրջ չէ, որովհետև եթե նոր ես, բայց քո հայացքներն այնքան հետամնաց են, որ 30-ականների Գեբելսի «Կորսված օրագրից» ինչ-որ մտքեր ես մեջբերում ու դա անում ես հպարտությամբ, սա ուղղակի խեղկատակություն է: Երբ ասում են, որ ժողովուրդը բարձր է օրենքներից, նոր են, իսկ մարդիկ, ովքեր ասում են, որ ամեն ինչ պետք է անել օրենքի տառին համապատասխան, հին են»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս իշխանության հենարանը լոյալ դատավորներն են:
«Եթե չլինեն նրանք, այս իշխանությունը չի կարող գոյատևել, և սա իշխանությունները չեն էլ թաքցնում»,- ասաց Գրիգոր Մուրադյանը՝ հավելելով, որ, երբ իրենց ուզած մարդկանցով համալրեն վերադաս ատյանի կազմը, իսկ այդպիսիք կգտնվեն շատ հին դատավորների մեջ, ստորադաս ատյաններում այլևս վեթինգ անելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ իրենց անհրաժեշտ վճիռները կդակվեն Գերագույն դատարանում, ըստ էության:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով տուժողների, նրանց իրավահաջորդների ու ներկայացուցիչների՝ դատական նիստերին այլևս չմասնակցելու մասին հայտարարությանը՝ Գրիգոր Մուրադյանն ասաց, որ քաղաքական իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ՍԴ նախորդ կազմը չկարողանա քննել այդ գործի հիմքում դրված Քրեական օրենսգրքի սահմանադրականությունը:
«Սա ուղղակի պետք է փաստել, և այս հանգամանքին որոշակի անդրադարձ կարող է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այսինքն՝ դեռևս քննվող տարբեր գործերով հնարավորություն չտրվեց այն կազմին, որը պետք է դա աներ, ավարտել դրանց քննությունը»,- եզրափակեց Գրիգոր Մուրադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում