Նիկոլ Փաշինյանի անհաղթահարելի ողբերգությունը

Մի հերետիկոսի պատմություն

Ո՜վ դուք, որ գալու եք վաղը կառուցելու այստեղ,
Այս անապատում ամայի բազմաժխոր քաղաք․-
Ահավասիկ գրում է ձեզ համար մի անհայտ

բանաստեղծ
Յոթը խորհուրդ, որ շինեք ձեր կառուցման շաղախ։
Առաջինը. – ո՛ւր էլ որ կամենաք, թեկուզ
անապատում,
Շինել ձեր նոր քաղաքը – չմոռանա՛ք երբեք,
Որ այդտեղ, այդ անապատո՛ւմ անգամ, ավազներում

նրա անհատնում
Երբեմն կանգնել են ու խորտակվել բազմաթիվ

քաղաքներ ու բերդեր։
Քանզի, – և չմոռանա՛ք դուք այս, ո՜վ ապագայի

որմնադիրնե՛ր,-
Աշխարհի մեկ ծայրից մինչև մյուսը, արեգակի

ներքո՝
Չկա և ո՛չ մի թիզ հող, որ բազմիցս անգամ մեր

նախնիները
Չլինեն հերկած ու կործանած իրենց ստեղծարար

ձեռքով․․․

Եղիշե Չարենց, «Յոթը խորհուրդ քաղաք կառուցողներին»

Չարենցն իր այս տողերով, թերևս, առավել պատկերավոր, քան որևէ պատմիչ ու փիլիսոփա, ուվագծել է ժամանակների միջև կապը, անցյալի, ներկայի ու ապագայի քվինտեսենցիան, բանաձևել է առանց անցյալի՝ ներկայի չգոյությունն ու առանց անցյալն իմաստավորող ներկայի՝ ապագայի դատարկությունն ու արատավորությունը։ Քաղաքական եզրաբանությամբ դա այն է, ինչին ընդունված է անվանել ինստիտուցիոնալ հիշողություն։ Այն օբյեկտիվ իրողություն է։

Ինստիտուցիոնալ  հիշողությունը չի լինում լավը կամ վատը, դրական կամ բացասական։ Այն անայլընտրանք սուբստանցիա է, առանց որը հաշվի առնելու՝ հնարավոր չէ արդյունավետ կառավարել պետությունն ու հասարակությունը։

Բազմաթիվ առիթներով ու օրինակներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ չի ճանաչում Հայաստանի անցյալը, առնվազն Երրորդ Հանրապետության նորագույն պատմությունն ընդգրկող անցյալը։ Նա մի շարք նշանային ու խորհրդանշական օրինակներով ազդարարել է, որ ժամանակակից թվագրության մեկնակետ է համարում 2018 թվականի ապրիլ-մայիսը, այսինքն՝ հեղափոխությունը։ Դա վտանգավոր մոլորություն է անգամ մտազբաղմունքի հարթությունում։ Որովհետև այդ մտայնությունն առաջին հերթին՝ անձի հոգեբանության ու աշխարհընկալման տիրույթում, ապա նաև՝ արժեբանական ու վարքագծային կողմնորոշիչներում կարող է առաջացնել դիսոնանսներ՝ սկսած օբյեկտիվ իրականության գնահատման անկարողությունից՝ մինչև ժամանակային ընկալման բարդություններ։

Ժամանակ։ Ահա այն, ինչի դեմ պայքարել ու պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Նրա գործունեության ողջ ընթացքում ժամանակի չափումը դեֆորմացված է եղել ու է՛։ Որպես լրագրող ու ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ Նիկոլ Փաշինյանը պայքարել է գործող իշխանության, իմա՝ ներկայի դեմ։ Պայքարել է առանց անցյալի ու դրա իմաստավորման։ Գալով իշխանության, այսինքն՝ հաջողելով արդեն անցյալ դարձած ներկայի դեմ պայքարում, նա սկսել է պայքարել անցյալի դեմ՝ դրա՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ գլոբալ, աշխարհայացքային իմաստով։

Հիմա Նիկոլ Փաշինյանն անցյալում է, որովհետև նրա կռիվն անցյալի հետ է։ Եվ քանի որ այդ պատերազմն ի սկզբանե դատապարտված է պարտության, առաջին հերթին՝ ժամանակային ու տարածական չափողականության պատճառով, նա որոշել է հայտարարել իր անվերապահ հաղթանակը, կապիտուլյացիայի ենթարկել անցյալը՝ «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» ապոկալիպտիզմը փոխարկելով «ինձանից առաջ՝ միայն ջրհեղեղ» պատմուրացությամբ։

Սա է կյանքի ու իրականության մեկնակետը 2018 թվականից հաշվելու Նիկոլ Փաշինյանի իրական մոտիվացիան, որովհետև նա՝ անգամ իշխանության գալով, չի գտնում իր տեղը ժամանակի հորձանուտում։ Կապիտուլյացնելով անցյալը՝ Նիկոլ Փաշինյանն անցյալին է զոհում ներկան, հետևաբար՝ զոհաբերում է նաև ապագան, քանի որ առանց ներկայի չի կարող լինել ապագա։

Ապագա։  Ահա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ու անպարտ թշնամին։ Նա վախենում է ամենայնից վեր հենց ապագայից, քանի որ այն պահանջում է պայքար ոչ թե՝ ընդդեմ, այլ՝ հանուն ապագայի։ Իսկ Փաշինյանն ընդդեմի դեմ պայքարի վարպետ է, հետևաբար՝ անկար հանուն ապագայի պայքարում։ Ապագան անցյալ չէ, որը կարելի է ջնջել տեկտոնիկ պաթոսով։ Անցյալի դեմ պայքարում պաթոսն ու խոսքը բավարար է, հանուն ապագայի պայքարը պահանջում է աշխատանք։ Իսկ Փաշինյանը ոչ թե գործի, այլ խոսքի մարդ է։ Եվ ուրեմն, նա ոչ թե ապագա է կառուցում, ինչպես տարփողում է հոգնատանջ քարոզչությունը, այլ քանդում է անցյալը, այն անցյալը, որը պետք է լիներ և լինի ներկայի ու, ամենակարևորը՝ ապագայի հիմքը։

Ապագան Նիկոլ Փաշինյանի ողբերգությունն է, գուցե չգիտակցված, չարձանագրված, բայց անհաղթահարելի ողբերգությունը։

Ապագայի ողբերգականությունը գուցե ոչ գիտակցված, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանին ստիպում է վերացնել պետության ու հասարակության, հայկականության անհատական ու հավաքական ինքնության ժամանակային կապերն ու կապվածությունները, ինչն ըստ էության ու ըստ վտանգավորության՝ քաղաքական ու պետական հերետիկոսության անկարելի օրինակ է։ Հերետիկոսություն, որի դատավորը լինելու է պատմությունն ու ապագան։
Այն, ինչից ամենաշատն է վախենում Նիկոլ Փաշինյանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս