Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացիություն են ուզում, որովհետև ՀՀ կառավարությունը նրանց խնդիրների հետ թողել է միայնակ
Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող, բայց այդ հնարավորությունից զրկված քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց, ավտոերթով էլ հասան մինչև կառավարական առանձնատներ։ Ակցիա անող քաղաքացիների պահանջը ՀՀ իշխանությունից մեկն է՝ բանակցել ռուսական կողմի հետ այնպես, որ իրենք հնարավորություն ունենան մեկնել Ռուսաստան, որտեղ թողել են իրենց ընտանիքի անդամներին, աշխատանքն ու բիզնեսը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ակցիայի մասնակիցներից Ռուզաննա Թաթոսյանն ու Արթուր Ոսկանյանը նշեցին, որ եկել են Հայաստան ու գերի ընկել, ուստի դուրս են եկել ընդվզման ու պետությունից պահանջում են օգնել իրենց հասնել Ռուսաստան և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։
«Արդեն յոթ ամիս է՝ Հայաստանում պլեն ենք ընկել. մարդիկ եկել են Հայաստան, հիմա չեն կարողանում վերադառնալ, մինչդեռ Ռուսաստանում վարկեր ունեն, չեն կարողանում այդ վարկերը վճարել, հայտնվել են սև ցուցակներում, կորցրել իրենց բիզնեսը։ Այդ կարգավիճակում գտնվողներս Ֆեյսբուք սոցիալական ցանցում ունենք խումբ, որի անդամ են մոտ 3000 քաղաքացի, և նրանք բոլորն էլ ցանկանում են մեկնել Ռուսաստան։ Այս թիվը շատ ավելի է նաև ֆեյսբուքյան այդ խմբից դուրս, որովհետև շատ ավելին են արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները, որոնք ևս ցանկանում են մեկնել, բայց չեն կարողանում»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուր Ոսկանյանը։
Ռուզաննա Թադևոսյանն էլ, որը Ռուսաստանում է թողել ամուսնուն ու հունվար ամսին անչափահաս երեխաների հետ եկել Հայաստան, դժգոհեց.
«Արդեն 8 ամիս է՝ մենք էստեղ ենք ու չենք կարողանում վերադառնալ։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Անընդհատ ասում են՝ սպասեք, բայց ինչքա՞ն սպասենք։ Մենք որևէ տեղեկություն չունենք, թե դեռ որքան պետք է սպասենք, և դա էր նաև պատճառը, որ որոշեցինք դուրս գալ ընդվզման»,- ասաց նա։
Անդրադառնալով իրենց բարձրաձայնած խնդրի վերաբերյալ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն առաջարկին, որ Ռուսաստանի իշխանությունների վրա ազդելու լծակներ չունեն, բայց քաղաքացիները կարող են մտածել իրենց ընտանիքները Հայաստան բերելու մասին, Արթուր Ոսկանյանը հակադարձեց.
«Իսկ մեզ Հայաստան կանչողները մտածե՞լ են, թե մարդիկ, որոնք այնտեղ ունեն վարկեր և այլն, ինչպե՞ս են Հայաստանում 150 հազար դրամ աշխատավարձով այդ հարցերը լուծելու։ Գուցե մտածում են, որ մեր աշխատավարձը իրենց ստացածի չա՞փ պետք է լինի, կամ՝ եթե կանչում են Հայաստան, կարո՞ղ են այդ մարդկանց՝ եկողների խնդիրները լուծել։ Մեր աշխատանքային պայմանագրերը Ռուսաստանում խզված են, հայտնվել ենք սև ցուցակներում, հիմա ցանկանում ենք գնալ և այնտեղ զրոյից նորից սկսել, բայց դա էլ չեն թողնում։ Նամակ ենք տանում կառավարություն, ասում են՝ փոստով ուղարկեք, չեն զրուցում մեզ հետ»,- ասաց Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակի այն գրառմանը, որ իր հետ հանդիպումից հետո ոմանց հետ արդեն իսկ կապ է հաստատել իր գրասենյակը և անհատապես լուծում է փորձում գտնել, Ռուզաննա Թաթոսյանն ասաց.
«Ինձ ծանոթ որևէ մեկի չեն զանգել, իսկ եթե ինչ-որ մեկին գոնե զանգած լինեին, անպայման բոլորը կիմանային դրա մասին, իրենցից մեզ զանգ չի եկել»։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տպավորություն ունի, որ Հայաստանը ռուսական կողմի հետ առհասարակ չի էլ բանակցում, հակառակ դեպքում՝ պահանջում է թափանցիկ բանակցություններ։
«Մենք գնում ենք ՌԴ դեսպանատուն, այնտեղից մեզ ասում են, որ մենք որևէ կապ չունենք ձեր երկրի սահմանների բացման հետ, ձեր երկրի ղեկավարներն են պատասխանատու, նրանցից պահանջեք։ Գալիս ենք ՀՀ կառավարություն՝ ասում են, թե ՌԴ-ն է սահմանը բացողը, մենք գործ չունենք. էլ չգիտենք՝ ինչ անենք»,- ասաց նա։
ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները պնդում են՝ վերջին հույսը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն է, իսկ եթե այդ հանդիպումն էլ չկայացավ ու իրենց համար օրհասական համարվող խնդրին լուծում չտրվեց, ապա կդիմեն ծայրահեղ միջոցների։
«Հացադուլ, նստացույց, ամեն ինչի, ամեն ծայրահեղ քայլի պատրաստ ենք, իսկ ինչ վերաբերում է արտակարգ դրությամբ պայմանավորված տուգանքներին, ապա մենք ցանկանում ենք պայքարել, որ գոնե մինչև սեպտեմբերի 12-ը գոնե մեկ հարցի լուծում ստանանք, իսկ կարանտինի հայտարարումից հետո՝ չգիտենք, թե ի՞նչ է լինելու»,- ասաց նա։
Հարցին՝ այս քաշքշուկից հետո հնարավո՞ր է, որ վերադառնան ՌԴ և դիմեն ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, մանավանդ, որ այս ընթացքում ՌԴ քաղաքացներին վերադառնալու հնարավորություն տրվել է, Արթուր Ոսկանյանը պատասխանեց.
«Այո՛, շատ մարդիկ կան մեր խմբում, որոնք որոշել են դառնալ նաև Ռուսաստանի քաղաքացի, որ էսպիսի խնդիրներ չունենան, բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ գնալ դառնալ ՌԴ քաղաքացի, չէ՞ որ մենք հայ ենք, մեր բալիկները էստեղ պետք է մեծանան, բայց փաստորեն դուրս է գալիս, որ մենք մեր խնդիրների հետ մնացել ենք միայնակ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում