Ճգնաժամը բացահայտեց կառավարության միֆերը

Հայաստանում հայտարարված «տնտեսական հեղափոխությունը» տեղի չունեցավ, ու հիմա եկել է ամեն ինչ նորից սկսելու ժամանակը։ Ճիշտ է, համավարակը թողեց իր ազդեցությունը տնտեսության վրա, բայց մինչ այդ էլ անիմաստ էր խոսել հեղափոխական ձեռքբերումների մասին։

Որևէ ոլորտում այդպես էլ չիրականացվեցին տեսանելի բարեփոխումներ՝ չնայած դրա համար թավշյա իշխանությունն ուներ բավարար ժամանակ։

Արդարության համար պետք է ասել, որ անցած տարի Հայաստանում բարձր տնտեսական աճ արձանագրվեց, բայց դա բոլորովին էլ «տնտեսական հեղափոխության» արդյունքը չէր։ Տնտեսության աճը ոչ թե արտադրողական բարձրացման կամ կառուցվածքային փոփոխությունների, այլ գերազանցապես վիճակագրության հաշվին էր։ Եթե հանում ենք վիճակագրության բաժինը, տնտեսական աճի տակ բան չի մնում։

Զարմանալի չէր, որ տնտեսական աճը շարունակեց ներառական չլինել։

Հասարակության հիմնական մասն այդպես էլ չզգաց տնտեսական աճի ազդեցությունը սեփական եկամուտների վրա։ Բնականաբար չէր էլ զգա, եթե հաշվի առնենք, թե ինչի հաշվին էր տեղի ունեցել տնտեսական աճը։ Հիմնական բաղադրիչը առևտուրն էր ու ծառայությունները։ Բայց առևտուրն ու ծառայություններն էլ ոչ թե իրականում էին աճել, այլ վիճակագրորեն։

Տնտեսության աճի կառուցվածքն այդպես էլ որակական փոփոխություն չկրեց։ Այսօր այն նույնիսկ ավելի վատ է, քան նախկինում էր։

Ճգնաժամը բացահայտեց տնտեսական ձեռքբերումների վերաբերյալ 2-2,5 տարի շարունակ կառավարության հյուսած միֆերը։

Ո՞ւր են տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած այն դրական փոփոխությունները, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Դրանք հօդս են ցնդել։

Միակ ոլորտը, որը դեռ շնչում է, նստած է երկրի բնական հարստությունների անխնա արդյունահանման ու վաճառքի վրա։ Ընդերքի շահագործումը հասել է աննախադեպ ծավալների։ Այնինչ՝ մշակող արդյունաբերության աճը կանգնել է։ Արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքարդյունաբերության տեսակարար կշիռը։ Եվ ոչ միայն արդյունաբերության, այլև արտահանման մեջ։ Այն դեպքում, երբ առանց այդ էլ արտահանման ամենամեծ հատվածը մետաղներն էին։

Ընդերքի հարստություններն արդյունահանել և արտահանելն ամենևին էլ դժվար չէ։ Բայց արդյո՞ք դա էր «թավշյա իշխանափոխության» նպատակը։

«Մեր ընդերքը քանդել ենք, վաճառել, ասել ենք՝ արտահանում ունենք: Ով ասես տենց կարտահանի, մենք դա ենք ուզո՞ւմ: Մենք ուզում ենք, որ ագրարային երկրից Հայաստանը վերածենք բարձր տեխնոլոգիաներ արտահանող երկրի»,- 2019թ. Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ահա թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյան ընդերքի դերի ու նշանակության մասին՝ համարելով, որ նախկինում եղած տնտեսական աճի վերաբերյալ պնդումները ֆեյք պնդումներ են եղել։

Իսկ ինչ ասել այսօրվա մասին, երբ ընդերքի արդյունահանումը շեշտակի ավելացել է։ Անգամ միջազգային շուկաներում գների կտրուկ նվազումը, ինչը տեղի ունեցավ համավարակից անմիջապես հետո, պատճառ չէր մետաղների արտահանումը սահմանափակելու համար։ Ու եթե այսօր արդյունաբերությունը դեռ 1-2 տոկոս աճ ունի՝ այն բացառապես ընդերքի հաշվին է։ Ընդերքի հաշվին է նաև, որ արտահանման անկումը շատ ավելի մեծ չէ, քան կարող էր լինել առանց ընդերքը անխնա քանդելու։

Դժվար չէ տեսնել, թե ինչ է փոխվել ընդերքի հաշվին նախկինում «ֆեյք» տնտեսական աճ ապահովելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներից հետո։ Այն է փոխվել, որ ընդերքի արդյունահանումն ու արտահանումն այսօր անհամեմատ ավելի մեծ ծավալների է հասել։

Եթե սա է իշխանափոխության ու «տնտեսական հեղափոխության» արդյունքը, ապա այդ արդյունքը ոչ մեկին պետք չէ։

Տնտեսության մեջ այդպես էլ բարեփոխումներ տեղի չունեցան։ Մինչև հիմա կառավարությունը չունի նույնիսկ տնտեսական քաղաքականության հստակ օրակարգ։ Հայտնի չէ, թե ուր է գնում երկրի տնտեսությունը։ Տնտեսական զարգացման ուղենիշները դարձել են վարչապետի հայտարարությունները, որոնք հնչեցվում են այս կամ այն առիթով։

Այսպես տնտեսություն չեն կառուցում։

Այդքանից հետո բնական է, որ ասենք՝ գյուղատնտեսությունը ռազմավարական ճյուղ ենք հայտարարում, բայց փակում ենք Գյուղնախարարությունը։ Արդյունքը լինում է այն, որ գյուղատնտեսությունն աճելու փոխարեն՝ անկում է գրանցում։

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչ բարեփոխումներ են արվել գյուղատնտեսության մեջ իշխանափոխությունից հետո։ 1-2 ծրագրեր ենք փորձել իրականացնել, բայց անարդյունք։ Գյուղատնտեսության ապահովագրություն ենք ուզում ներդնել՝ առանց հիմքերի։ Վաղը ունենալու ենք հերթական ձախողված նախաձեռնությունը, որը հետագայում շատ ավելի է բարդացնելու գյուղատնտեսության մեջ ապահովագրության ինստիտուտի ներդրումը։ Դեռ չհաշված, թե այսօրվա պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում որքան գումարներ են անիմաստ փոշիանալու։

Հայաստանն ագրարայինից բարձր տեխնոլոգիաներ արտահանող երկիր դարձնելու մասին ենք խոսում, բայց դրա համար ոչինչ չենք անում։

Հարկային օրենսդրության մեջ իբր թե բարեփոխումներ ենք անում ու մի գլուխ մեծացնում ենք հասարակության համեմատաբար աղքատ հատվածի հարկային բեռը։ Եկամտային հարկը իջեցնում ենք, բայց միայն նրանց համար, ովքեր առանց այդ էլ մեծ եկամուտներ ունեն։ Փոխարենը՝ բարձրացնում ենք մի շարք ապրանքների ակցիզային հարկը, որից տուժում են առաջին հերթին եկամտային հարկի նվազեցումից չօգտված քաղաքացիները։ Գյուքահարկ ենք բարձրացնում իբր թե հարուստներին հարկելու համար, բայց պարզվում է, հարկային բեռը շատ ավելի է ծանրանում աղքատների համար։ Հասարակության աչքին թոզ փչելու համար առանց հիմքերի նվազագույն աշխատավարձի շեմ ենք բարձրացնում ու ծանրությունը դնում տնտեսության վրա։ Այսօր, երբ տնտեսությունը հայտնվել է այսպիսի անմխիթար վիճակում, նաև դրա հետևանք է։

Փողոցից միանգամից իշխանության եկած պաշտոնյաներն անգամ 2,5 տարի հետո չեն պատկերացնում իրենց անելիքները։ Կարծում են, թե բավական է ասել՝ կոռուպցիա չկա, իսկ մենաշնորհները վերացել են, ու դա հերիք է տնտեսություն զարգացնելու համար։

Չկան տնտեսական զարգացման ծրագրեր։ Տնտեսությունն արտադրողականության բարձրացման կարիք ունի։ Դրա համար փող է պետք, բայց փող չկա։

Իշխանությունը դարձել է ներդրումների գլխավոր խոչընդոտը։ Այն տառապում է նախկիներին պատժելու ու նրանց նկատմամբ հնարավորինս շատ քրեական գործեր հարուցելու անհագուրդ մոլուցքով։ Չնայած նույնիսկ դա չի կարողանում պատշաճ ձևով իրականացնել։ Հարուցվող քրեական գործերն այդպես էլ դատարան չեն հասնում, որովհետև շատ ու շատ դեպքերում հիմնված են ենթադրությունների ու քաղաքական հրահանգների վրա։

Այսպես տնտեսություն չեն կառուցում։ Այսպես հեռուն չենք գնա։ Ու ոչ միայն «տնտեսական հեղափոխություն» չենք անի, այլև եղածն էլ կկորցնենք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս