Նյու Յորքում ավտոմեքենան մխրճվել է բողոքի ակցիայի մասնակիցների բազմության մեջ
Անհայտ անձն ավտոմեքենայով անցել է Նյու Յորքի Թայմս-սքվերում կազմակերպված Black Lives Matter (Սեւամորթների կյանքը նշանակություն ունի) բողոքի ակցիայի մասնակիցների բազմության միջով, երեք հոգի աննշան վերքեր են ստացել:
Այդ մասին հաղորդել է տեղի New York Daily News թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հրատարակության տվյալներով՝ տեղական ժամանակով սեպտեմբերի 3-ի երեկոյան Մանհեթենի հրապարակի շրջանում հավաքվել էր շուրջ 300 մարդ:
Նրանք ցույց են անցկացրել՝ «ռասայական արդարադատություն» պահանջելով աֆրոամերիկացու զոհվելու կապակցությամբ, որը ոստիկանության ձեռքով տեղի էր ունեցել Ռոչեսթեր քաղաքում: Ցուցարարները ճանապարհի վրա հեծանիվներով գիծ էին կազմել՝ փորձելով փակել երթեւեկությունը: Ford Taurus մակնիշի ավտոմեքենան մոտեցել է հեծանիվներով արգելափակոցին, բայց սկզբում կանգ է արել: Սակայն քիչ անց անցել է բազմության միջով: Թերթը նշում է, որ ավտոմեքենան կտրել անցել է երեք հեծանիվներով փակված ճանապարհը: Նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, որոնց տեղում օգնություն են ցուցաբերել կամավոր բժիշկները:
Ինչպես հրատարակությանը հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը, ավտոմեքենայի ղեկին նստել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը. հրապարակից ոչ հեռու ոչ մեծ հանրահավաք էր անցկացվում ի պաշտպանության ԱՄՆ-ի ղեկավարի: Նրա խոսքով՝ ոստիկաններն սկզբում ցանկացել են ավտոմեքենան ուղղել բազմությունից հեռու: Իր Twitter-ում Նյու Յորքի ոստիկանությունը նշել է, որ կատարվում է Թայմս-սքվերում տեղի ունեցածի հետաքննություն: «Ներկայում բողոքներ չկան: Եթե ինչ-որ մեկը տուժել է, խնդրեմ, դիմեք Նյու Յորքի ոստիկանությանը»,-ասվում է կարգի պահապանների հաղորդագրության մեջ: Պորթլենդում եւ ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնք սկսվել էին Մինեապոլիսում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո: Բողոքները հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: