Հակակոռուպցիոն դատարանն ուղղված է լինելու բացառապես կրոնը չընդունած անձանց նկատմամբ ճնշում գործադրելուն. փաստաբան

Այս օրերին հանրային քննարկման է դրված ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն իրագործելու համար նաև նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Մասնագիտացված այդ դատարանի համար արդեն իսկ սահմանված է դատավորների քանակը, ընտրության չափանիշը: Հակակոռուպցիոն դատարանում դատավորի պաշտոնի համար հայտարարվող մրցույթին կկարողանան մասնակցել թե՛ գործող դատավորները, թե՛ դատավոր չհանդիսացող անձինք: Դատավորներն էլ ընտրվելու են բաց մրցույթի արդյունքում, իսկ ընտրվելուց հետո ստանալու են ավելի բարձր աշխատավարձ, քան ընդհանուր իրավասության դատարանի դատավորները:

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ձևավորման, այդ դատարանի առջև դրված նպատակների, նման դատարան ունենալու հանրային պահանջի ու դատավորների ընտրության չափանիշերի մասին 168.am-ը զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

– Պարոն Վարոսյան, արդյո՞ք Ձեզ համար հասկանալի ու ընդունելի են այն հիմնավորումները, որոնք ներկայացվում են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ:

– Ես, ըստ էության, հիմնավորումների չեմ էլ հանդիպել: Այսինքն՝ այդ պատճառաբանությունը, որ ներկայացվում է, ես դա հիմնավորում չեմ էլ համարում: Եվ դրա բացակայությունն ինքնին խոսում է այն մասին, որ այդ, այսպես կոչված, հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը բոլորովին այլ նպատակ ունի, քան հռչակվում է:

– Ի՞նչ նպատակներ եք Դուք տեսնում:

– Ակնհայտ է, որ, եթե կոռուպցիայի դեմ պայքարի իրական խնդիր կա, ապա առկա դատական համակարգը շատ հանգիստ այդ խնդիրները կարող է և լուծել: Տեսեք, այդ ի՞նչ ապացուցված մեղադրանքներ են եղել, որոնք լուծում չեն ստացել դատական համակարգում: Պետք է այդտեղից սկսենք: Չկան նման օրինակներ: Չկա որևէ խոսուն, ցցուն օրինակ, որ դատական ներկա համակարգն այդ խնդիրն ունակ չէ լուծելու: Այստեղից էլ հանգում ենք այն հետևության, որ իրական նպատակն այդ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման՝ կոռուպցիայի դեմ պայքարը չէ, բացարձակ:

Սա որոշակի խումբ անձանցով համալրված դատարան ունենալու նպատակ է հետապնդում, որը կառավարելը քաղաքական իշխանության կողմից շատ ավելի հեշտ կարող է լինել, քան ընդհանուր դատական համակարգը, որը շատ ավելի բարդ ստրուկտուրա է, և այն լիակատար վերահսկելը բավականին դժվար է: Իրական նպատակը սա է. ունենալ ձեռնասուն մի դատարան, որը պատրաստ կլինի դակել այսօրվա դատախազության կողմից ներկայացվող, դրանց որակի մասին էլ չխոսեմ, մեղադրանքները, որոնք սին են, որոնք որևէ ապացույցով հիմնավորված չեն, ընդամենը ենթադրություններ են: Սա է խնդիրը՝ ունենալ դատարան, որն այդ ամեն ինչը կդակի:

Եվ երկրորդ կարևորագույն հարցը կա՝ նաև այս ապօրինի ծագմամբ գույքն ապօրինի խլելու գործընթացի հետ կապված: Եվ այս իշխանությունը հասկացել է, որ անգամ մեր դատական համակարգը, որը, իհարկե, չի փայլում, իդեալական չէ, բայց անգամ այդ դատական համակարգը պատրաստ չի լինելու գնալ նման ապօրինությունների: Սա է խնդիրը: Իրականում ամեն ինչ թաքնված է քաղաքական նպատակի մեջ:

– Նշվում է, թե կա հանրային պահանջ՝ ունենալու մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Դուք տեսնո՞ւմ եք այդ հանրային պահանջը:

– Էդ ո՞վ է այդ հանրային պահանջը, էդ որտե՞ղ է հնչում, կամ էդ հանրային պահանջ հնչեցնողներն ովքե՞ր են, ո մենք դրանց չենք տեսնում: Կամ, կներեք, հանրությունն իրավական համակարգի ձևավորման հետ ի՞նչ առնչություն, առհասարակ, պիտի ունենա: Պարզ ասենք՝ դա հանրության ի՞նչ գործն է: Էդ ժողովրդի անունից խոսողները, հանրության անունից խոսողներն ընդամենը փորձում են դրանով քողարկել իրենց քայլերը: Դա լիրիկայի ժանրից է:

– Ինչպե՞ս կգնահատեք հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության չափանիշերը: Կխնդրեմ անդրադառնաք նաև այն առաջարկին, որ այս դատավորների համար սահմանվելու է շատ ավելի բարձր աշխատավարձ, քան ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար է սահմանված:

– Դա էլ է անհասկանալի, և սա լրիվ տեղավորվում է իմ՝ քիչ առաջ նշած մտքի մեջ այն առումով, որ սա լինելու է ձեռնասուն դատարան: Այսինքն՝ «մենք քեզ վճարում ենք ավելին, կգաս մեր ասածը կանես»: Սա է ամբողջ խնդիրը: Սա արդարադատության ողնաշարը Հայաստանում վերջնականապես կոտրելուն միտված նպատակ է:

– Պարոն Վարոսյան, դատավորների համար արդյո՞ք կա տարբերություն՝ իրենք ինչ գործ են քննում: Ավելի բարձր աշխատավարձ առաջարկելը կարելի՞ է հասկանալ այն ձևով, որ ավելի հեշտ է քննել որևէ գործ, օրինակ, սպանության վերաբերյալ, քան կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ:

– Իհարկե ոչ: Տեսեք, եթե մասնագիտացված դատարանների գաղափարը մի փոքր այլ կերպ մատուցվեր, օրինակ, որ անփորձ դատավորը քններ ավելի պարզ հանցագործություններով գործեր, իսկ փորձառուն՝ ավելի բարդ գործեր, սա կլիներ հասկանալի: Մարդը կգա, փորձառություն ձեռք կբերի, որից հետո հնարավորություն կստանա նաև բարդ գործեր քննելու: Կոռուպցիոն գործերը երբեք Ձեր նշած սպանությունների գործերից, այսպես ասած, բարդ գործ չեն կարող համարվել: Բայց լուծումը տրվում է ոչ թե, օրինակ, իմ նշած մոդելով, որ դատավորները տարանջատվեն, և սկսնակները այլ գործեր քննեն, փորձառուները՝ այլ, բոլորովին նոր օղակ է ստեղծվում՝ նոր պայմաններով, նոր աշխատավարձով ինչ-որ նոր, քիչ քանակությամբ գործեր քննելու:

Տեսեք, 2 տարի է՝ խոսում են դատարանների ահավոր ծանրաբեռնվածության մասին, և փոխանակ ներկայացվի նախագիծ, որով հնարավոր կլիներ, օրինակ, այդ ծանրաբեռնվածությունը թեթևացնել, առաջարկում են այս անհասկանալի հիբրիդը:

– Արդյո՞ք սրանով խախտվում է դատավորների հավասարության սկզբունքը:

– Այո, կարող ենք նաև դա նշել: Դատավորները չեն լինում լավը կամ ավելի լավը: Դատավորները չեն լինում մերը կամ ավելի մերը: Նկատի ունեմ՝ իշխանության տեսակետից:

– Որոշ մարդիկ նշում են, թե տպավորություն է, որ հակակոռուպցիոն դատարանը կոնկրետ անձանց դեմ է ուղղված լինելու: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք:

– Միանշանակ: Վերջին երկու տարիներն այլ բան մտածելու հնարավորություն չեն տալու: Ուղղված են լինելու բացառապես կրոնը չընդունած անձանց նկատմամբ ճնշում գործադրելուն և քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելուն: Այլ նպատակ չկա: Այս իշխանությունը այս երկուսուկես տարիներին ապացուցեց, որ իր միակ նպատակը եղել է իշխանության գալը, իսկ այսօր իր միակ նպատակն իշխանությունը լիակատար նվաճելն է ու հնարավորինս երկար իշխանության մնալը: Բոլոր գործողությունները տեղավորվում են միայն այս սխեմայի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս