Բաժիններ՝

«Մենք կողոպուտ, հրկիզումներ, բռնություն եւ անօրինականություն թույլ չենք տա ամերիկյան փողոցներում»․ Թրամփն ազգային գվարդիա է ուղարկում Վիսկոնսին

ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 26-ին դաշնային ուժայիներ եւ ազգային գվարդիա են ուղարկում Վիսկոնսինի նահանգի Քենոշա քաղաք, որպեսզի տեղի իրավապահներին օգնեն այնտեղ բողոքի ակցիաների բորբոքման ֆոնին, որոնք վերաճել են ավերածությունների: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Անցած կիրակի օրը՝ օգոստոսի 23-ին, ոստիկանները Քենոշայում կրակել են աֆրոամերիկացի Ջեյկոբ Բլեյքի մեջքին, երբ նա փորձել է միմյանցից հեռացնել երկու կռվող կանանց: Ոստիկանները նրա նկատմամբ կիրառել են էլեկտրաշոկեր, այնուհետեւ՝ կրակել: Այդ մարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են:

Վիսկոնսինի նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննում է միջադեպը: Արտակարգ պատահարը քաղաքում հանգեցրել է բողոքի զանգվածային ակցիաների, որոնք վերաճել են ջարդերի եւ ոստիկանության հետ բախումների: Իշխանությունները հայտարարել են պարետային ժամ եւ գործի դրել ավելի քան 160 գվարդիականների: Օգոստոսի 26-ին Քենոշայի ոստիկանությունը հայտնել է գիշերը հրաձգության ժամանակ երկու զոհվածների մասին:

«Մենք կողոպուտ, հրկիզումներ, բռնություն եւ անօրինականություն թույլ չենք տա ամերիկյան փողոցներում: Իմ թիմը հենց նոր է ավարտել հեռախոսազրույցը (Վիսկոնսինի) նահանգապետ (Թոնի) Էվերսի հետ, որը համաձայնել է ընդունել դաշնային աջակցությունը… Այսօր ես դաշնային իրավապահներ եւ ազգային գվարդիա կուղարկեմ Քենոշա, Վիսկոնսին՝ օրենքը եւ կարգուկանոնը վերականգնելու համար»,- Թրամփը գրել է իր Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի իշխանությունները դիմել են Էվերսին՝ խնդրելով ուղարկել նահանգի ազգային գվարդիայի 1,5 հազար ծառայողների: Գվարդիականների սահմանափակ զորակազմն արդեն գտնվում է քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս