Դոնալդ Թրա՞մփ, թե՞ Ջո Բայդեն․ ո՞վ կլինի Հայաստանին շահեկան ԱՄՆ նախագահ
Սպիտակ տանը հայտնվելու համար գլխավոր «մենամարտին» քիչ ժամանակ է մնացել։ Մինչ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ ԱՄՆ 46-րդ նախագահը դառնալու համար ամերիկյան քաղաքական ռինգում կմրցակցեն գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից, և Ջո Բայդենը՝ Դեմոկրատական կուսակցությունից։
Նախօրեին ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը, ինչպես և ակնկալվում էր, առաջադրեց գործող նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում, ավելի վաղ կուսակցության պատվիրակներն աջակցել էին Մայք Փենսի թեկնածությանը փոխնախագահի պաշտոնում։ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցությունն էլ առաջադրել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը, ով իր հերթին՝ հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում փոխնախագահի պաշտոնում նշանակելու է Կալիֆոռնիա նահանգից սենատոր Քամալա Հարիսին։
168․am-ը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ խոսել է Թրամփի նախագահության օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ում ծավալվող ընտրապայքարի, թեկնածուների հնարավորությունների, ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության և այն մասին, թե որ թեկնածուի հաղթանակը կարող է շահեկան լինել Հայաստանի Հանրապետության համար։
– Պարոն Սարգսյան, ավարտվում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունը, նա պաշտոնապես կրկին առաջադրվել է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում։ Նախ՝ ինչպե՞ս է Հայաստանն ամփոփում Թրամփի նախագահությունը հայ-ամերիկյան հարաբերությունների համար։
– Մի քանի կարևոր առանձնահատկություն կա։ Նախ՝ Թրամփի վարչակազմի և ՀՀ ղեկավարության միջև միակ շփումը եղել է փոխնախագահ Մայք Փենսի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը։ Սրանից զատ, այլ բարձր մակարդակի շփումներ չեն եղել, չեն եղել նախագահի և մեր վարչապետի միջև, պետքարտուղարի և մեր ԱԳ նախարարի միջև, պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների միջև, Անվտանգության խորհուրդների մասով, և այլն։ Եղել են տարբեր պաշտոնյաների այցեր Վաշինգտոն, բայց վարչակազմի հետ բարձր մակարդակի հանդիպում չի եղել։ Սա ամենաառաջին առանձնահատկությունն է, որը պետք է նշել, և սա խոսում է այն մասին, որ հարաբերություններում առանձնապես օրակարգ չկա։ Ինչ վերաբերում է այլ մակարդակով շփումներին, ապա եղել են շփումներ պետքարտուղարի օգնականի մակարդակով, և գիտեք, որ պետքարտուղարի օգնականի տեղակալն էր եղել Հայաստանում, ստորագրվել է համատեղ փաստաթուղթ ռազմավարական երկխոսության վերաբերյալ, ինչը մեկ քայլ առաջ է հարաբերություններում, բայց ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանին և Վրաստանին անվանում են ռազմավարական գործընկերներ, իսկ մեզ անվանում են բարձր առաջնահերթություն ունեցող պետություն ընդամենը։ Սա ևս պետք է հաշվի առնել։
Իհարկե, օրենսդիր մարմինների մակարդակում բարձր մակարդակի շփումներ եղել են, բայց դրանք էլ, ըստ էության, երկկողմ հարաբերություններում մեծ ազդեցություն չեն ունեցել։ Այստեղ կարևոր է առանձնացնել մեր լոբբիստների աշխատանքը, մեր համայնքի հետևողական աշխատանքը Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելու հարցում, Ցեղասպանության բանաձևերի անցկացման հարցում։ Ուստի այստեղ էլ դափնիները պատկանում են համայնքին ու լոբբիստներին, որոնք նաև լուրջ-լուրջ աշխատանք են կատարում միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման գործում։
– Մենք ավանդաբար ավելի լավ հարաբերություններ ենք կարողացել կառուցել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, և, բնականաբար, կան ակնկալիքներ, որ Բայդենի հաղթանակի դեպքում հարաբերությունները կարող են տեղից շարժվել։ Սակայն Հայաստանի կողմից նման որակի աշխատանքի դեպքում մենք կարո՞ղ ենք ունենալ արդյունքներ։
– Կարևորը ոչ թե որևէ կուսակցության թեկնածուն է, այլ այն, թե մենք ինչպես կաշխատենք այդ թեկնածուի հետ։ Իհարկե, միգուցե դեմոկրատների հետ մեզ համար ավելի հեշտ լինի աշխատելը, որովհետև մենք ունենք համայնք, որը բնակվում է դեմոկրատական նահանգում, այնտեղի կոնգրեսականների և սենատորների հետ ունենք լավ հարաբերություններ, բայց մենք այդ նույն կոնգրեսականների և սենատորների հետ լավ հարաբերություններ ունեինք Օբամայի օրոք, ով նույնպես խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը և չէր ճանաչել այնպես, ինչպես Բայդենն է խոստացել, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը մեր համայնքի առաջնահերթություններից է։
Այսինքն՝ այստեղ առաջնորդվել կանխավարկածով, որ դեմոկրատների հետ լավ ենք, ու դեմոկրատ նախագահի հետ հեշտ կլինի աշխատել, ես, իհարկե, չեմ կարող, դեմոկրատների հետ մեր կապերն այնքանով են, որ ունենք համայնք դեմոկրատ նահանգում, կապեր կոնգրեսականների և սենատորների հետ և գուցե կապ ունենանք վարչակազմի հետ Բայդենի հաղթանակի դեպքում այնպես, ինչպես ունեինք Օբամայի աշխատակազմի հետ, կային կապեր, ուղիղ շփումներ, բայց թե դա ինչ է տվել հայ-ամերիկյան օրակարգին, դա արդեն կարող ենք նայել պատմության տեսանկյունից։
– Խնդիրը նոր իշխանությունների՝ նման երկրների հետ հարաբերություններ կառուցելու փորձի բացակայությո՞ւնն է, ներքին օրակարգի վրա կենտրոնանա՞լը, որ մենք այս ուղղությունը նման վիճակում թողեցինք։
– Պատճառները մի քանիսն են։ Թրամփի վարչակազմի առանձնահատկությունները, բնականաբար, առանձնահատկությունները հաշվի առնելու մեր հնարավորությունը։ Մենք հնարավորություն չունեցանք հաշվի առնել այդ առանձնահատկությունները և աշխատել դրանց պայմաններում։ Իսկ սա չափազանց կարևոր էր, և կարծում եմ, որ մեր հետևողական աշխատանքի բացակայությունն է պատճառը, որ վերջին 4 տարիների ընթացքում չունեցանք բարձր մակարդակի շփումներ, որը, նորից եմ ասում, օրակարգի բացակայության պատճառով է, չկարողացանք ձևավորել որակյալ օրակարգ ԱՄՆ-ի հետ, գոնե այնպիսի օրակարգ, որը ձևավորել է հարևան Ադրբեջանը։ Այնպես որ, ես կարծում եմ, որ անելիքներ շատ կան, թեկուզ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կարող էր հնարավորությունների նոր էջ բացվել հայ-ամերիկյան հարաբերությունների համար, սակայն այդ հնարավորությունը որևէ կերպ չօգտագործեցինք։
– Այսինքն՝ Հայաստանի համար մեծ նշանակություն չունի, թե որ թեկնածուն կհաղթի, կարևոր է, թե ինչպիսի օրակարգ մենք կձևավորենք։
– Իհարկե, եթե մենք ցանկություն ունենք աշխատելու ԱՄՆ վարչակազմի հետ, ոչ թե միայն օրենսդիրների հետ, որն իրականում լավ է, բայց բավարար չէ, որովհետև ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշում է հենց վարչակազմը, մեզ համար, մեծ հաշվով, կարևոր պետք է լինի ոչ թե այն, թե ով կհաղթի, այլ, թե ինչ կերպով կաշխատենք հաղթողի հետ և և ինչ օրակարգային հարցեր կարող ենք ունենալ ԱՄՆ-ի հետ ամենատարբեր ոլորտներում, բնականաբար, չհակադրվելով մեր ռազմավարական գործընկերոջը։ Կարծում եմ՝ փայլուն դիվանագիտությունը կայանում է նրանում, որ պետք է կարողանաս առանց հակադրվելու մի պետության հետ հարաբերություններին՝ մյուսի հետ կառուցել հարաբերություններ, և դրանից օգտվում են բոլոր պետությունները։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ զարգացնենք օրակարգ, ինչը, ցավոք սրտի, վերջին տարիների ընթացքում չենք արել։
– Ինչպիսի՞ն են սպասումները, ակնկալիքները ԱՄՆ-ում, ի՞նչ իրավիճակով է Միացյալ Նահանգները մտնում նախընտրական քարոզարշավ, թեկնածուների դիրքերն ինչպիսի՞ն են, հանրային տրամադրությունները՝ ևս։
– Հանրային տրամադրությունները և սոցհարցումները ցույց են տալիս, որ Բայդենն ունի ընդհուպ մինչև երկնիշ առավելություն Թրամփի նկատմամբ տարբեր նահանգներում։ Իհարկե, սա դեռևս նախընտրական պայքարի սկսելուց առաջ էր, իսկ նախընտրական պայքարը սկսված է, և ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ ԱՄՆ-ում ընդհանրապես նախընտրական փուլը կարևոր է, քանի որ ցնցումներ կարող են լինել նախընտրական փուլում հանրային ընկլալումների տեսանկյունից։ Այսօր թվերը ցույց են տալիս, որ Բայդենն առաջատար է և շանսեր ունի հաղթելու համար, և 60-70 տոկոս հավանականություն կա, որ Բայդենը կհաղթի, բայց նման հավանականություն և նման թվեր կային նաև 2016 թվականին, բոլոր կանխատեսումներով՝ հաղթում էր Հիլարի Քլինթոնը, սակայն հաղթեց Դոնալդ Թրամփը։ Այնպես որ, թվերը չափազանց կարևոր են, բայց ամերիկյան նախագահական ընտրություններն այդ առումով մի փոքր անկանխատեսելի են։
– Թրամփի արտաքին քաղաքականությունն արդեն որոշակիորեն ճանաչելի, կանխատեսելի է, իսկ ինչպե՞ս կփոխվի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Բայդենի հաղթանակի դեպքում։
– Շատ կարևոր է, թե ովքեր են լինելու Թրամփի արտաքին քաղաքական թիմի պատասխանատուները, ով է լինելու անվտանգության հարցերով խորհրդականը, ով է լինելու պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարը, սրանք չափազանց կարևոր դետալներ են, որոնք նաև նախանշելու են նրա արտաքին քաղաքականությունը։ Այն, ինչի մասին Բայդենը կարողացել է խոսել այս ընթացքում արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, ընդհանուր առմամբ կարելի է պատկերը կազմել։ Պատկերը կարելի է կազմել՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա եղել է Օբամայի փոխնախագահը և Օբամայի արտաքին քաղաքական որոշումների կայացման գործում ազդեցություն ունեցող առանցքային գործիչ, այսինքն՝ կարելի է նաև ասել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Բայդենի օրոք լինելու է և որոշ հարցերում տարբերվող Թրամփից, որոշ հարցերում էլ՝ նմանվող։ Չինաստանի նկատմամբ քաղաքականությունը շատ չի տարբերվի երկու դեպքում էլ, քանի որ Չինաստանն արդեն մրցակից է ԱՄՆ-ին, Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական դինամիկա ակնկալել պետք չէ մոտակա 10 տարիների ընթացքում, և Իրանի մասով բանակցություններ Բայդենը կփորձի սկսել նոր միջուկային համաձայնագրի շուրջ կամ միգուցե հինը վերակենդանացնելու շուրջ։
– Իսկ մեր նման երկրների նկատմա՞մբ։
– Մեր նման երկրների դեպքում ամեն ինչ կախված է հենց մեզնից և մեր նախաձեռնողականությունից, մեր գաղափարներից և մտքերից։