Փաշինյանն առաջարկում է ՀԴՄ չտպած տնտեսվարողին թույլ չտալ օգտվել Covid 19-ի աջակցման ծրագրից
Կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի զեկուցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքի այն հատվածը, երբ նա հայտնեց, որ, եթե ծրագրով աջակցություն ստանալ ցանկացող կազմակերպությունը կատարել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում, և այդ արձանագրված ակտը դարձել է անբողոքարկելի, ապա այդ ամսվանից և հետագա ամիսների համար կազմակերպությունը կդադարի օգտվել այս աջակցության մեխանիզմից:
«Երբ որ ասում են, որ ՀԴՄ-ների հետ կապված ակտն անբողոքարկելի է, էդ նշանակում ա ի՞նչ, էդ նշանակում ա, որ դատական ատյաններով էլ անցա՞ծ»,- հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարը դրական պատասխան տալուց հետո տեղեկացրեց, որ ՊԵԿ-ի հետ քննարկման ժամանակ ստացել են առաջարկություն, որ ակտը պետք է վերջնականապես ուժի մեջ մտնի, որ համարվի, թե դա արձանագրված խախտման վերջնական եզրակացություն է:
«Բայց կներեք, կարող ա էդ դատական պրոցեսը 2 տարի տևի: Կարա, չէ՞: Մեր դատական պրակտիկայում էդպիսի դեպքեր լինում են… Բայց եթե բողոքարկվի, ենթադրենք՝ էս ծրագիրը մինչև ապրիլ ենք իրականացնում, ՀԴՄ խախտում եղավ, բողոքարկվեց և մի տարի էդ դատավարությունը տևեց, հետո դարձավ անբողոքարկելի, ընկերությունը արդեն ստացավ աջակցությունը, է՜ շատ լավ ձև ա, ի՞նչ ա եղել, ոչ մի ռիսկ չկա: ՀԴՄ խախտումն անում ա, գրում են ակտը՝ ՊԵԿ-ը, բողոքարկում ա դատարան, տենց մի տարի գնաց, ժամկետն անցավ, աջակցությունը սենց թե նենց ստացավ… Չէ, մենք կարող ենք էսպես տարբերակ անել, ասել հենց ակտը գրվելու, կամ բողոքարկման հանձնաժողովում քննարկվում ա, չէ՞, էդ հարցը, եթե բողոքարկման հանձնաժողովը չի վերացնում, էդ պահից մենք վերացնում ենք, աջակցությունը չենք տալիս: Հետագայում եթե դատական պրոցեսներով գնում ա, պարզվում ա, որ սխալ ա գրվել ակտը, էդ գումարը համարենք, որ ինքը պետք ա ստանար, մենք իրան կտանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահի, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների, փոխվարչապետների հետ երկար քննարկումից հետո որոշվեց 23-րդ միջոցառումն ընդունել այնպես, ինչպես կա՝ ընթացքում մոնիտորինգի ենթարկելու պայմանով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում