«Իշխանության լռությունից հասկանում եմ, որ իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի». Անի Սամսոնյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նիստի ընթացքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին ուղղված իր հարցի պատասխանն իրեն չի բավարարել: Սամսոնյանը փոխվարչապետին հարցրել էր, թե ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումների, տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար, ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում Կառավարության լռության համար:
«Ես պարոն Ավինյանի պատասխանը պատասխան չէի համարի, այնտեղ պատասխան չկար, այնտեղ կար նախադասությունների շարան և բառակույտ, որտեղ որևէ էական համոզիչ փաստարկներ չկային: Պարոն Ավինյանը նաև չկարողացավ պատասխանել, թե ո՞վ է իրականում պատասխանատուն այն ամենի, ինչ կատարվել է Ամուլսարում, այնինչ այդ պատասխանատուն Կառավարությունն է, և պարոն Ավինյանը պետք է ասեր, որ, այո, մենք գիտենք, նույնիսկ չասաց, որ ինքը մանրամասն տեղյակ է խնդրից: Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ էլ գիտեն, եթե չգիտեն, նորից եմ կրկնում, դա շատ վատ է իրենց համար: Այս իրավիճակում չստացանք այն պատասխանները, որոնք անհրաժեշտ են, որ ստանանք, գիտեք՝ մարդիկ սպասում են»,- ասաց Սամսոնյանը:
Պատգամավորին հատկապես բարկացնում է այն փաստը, որ իշխանական խմբակցության պատգամավորները պարբերաբար գրառումներ են անում, որ քննարկումներ են ունենում Ամուլսարի հարցի շուրջ, սակայն այդ ամենը սահմանափակվում է միայն գրառումներով:
«Իշխանության լռությունից հասկանում եմ այն, որ իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի, հակառակ դեպքում այս ընթացքում կարվեին որոշակի աշխատանքներ: Ինձ համար զարմանալի է, երբ կարող են «Լիդիանի» աշխատակիցները Կառավարության առջև բողոքի ակցիա անել, բերման չենթարկվել, բայց Ամուլսարի բնապահպան- պաշտպանները կարող են բերման ենթարկվել, այդ թվում՝ իրենց հեծանիվներով»,- ասաց Անի Սամսոնյանը: