«Որևէ խոստում չեմ հիշում, որը մենք խոստացել ենք և չենք արել». Տիգրան Ավինյան

«Արտակարգ դրության պայմաններում սրվեց Ամուլսարի հիմնախնդրի շուրջ իրավիճակը, և ես վստահ եմ, որ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր տեսել եք, թե ինչ է կատարվել այնտեղ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորը փոխվարչապետին հետևյալն հարցերն ուղղեց. «Ո՞վ է պատասխանատու 2018թ. Ամուլսարի պաշտպաններին իշխանության կողմից տրված խոստումների համար: Ո՞վ է պատասխանատու պետական բյուջեից մոտավորապես 400 հազար դոլար «Էլարդի» անարդյունավետ փորձաքննությանը տրամադրելու համար, որը մեզ չտվեց այն հարցերի պատասխանները, որը մենք կարող էինք նպատակային օգտագործել: Ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումների, տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար: Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում կառավարության անբարեխիղճ լռության համար»:

Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը հետևյալն ասաց. «Ես, անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ կարողացել եմ քայլ առ քայլ, կադր առ կադր հետևել բոլոր զարգացումներին, որովհետև, ցավոք սրտի, հենց այդ օրերին այլ աշխատանքով եմ զբաղված եղել, որի մասին բարձրաձայնում եմ: Ինչ վերաբերում է Ձեր բարձրաձայնած գնահատականներին, Դուք դրանց իրավունքը ունեք, ես կարող եմ, ընդհանուր առմամբ, միայն մի բան հավելել, որ այսօրվա մեր կառավարության որոշման ընդունմամբ՝ հանվել է հավաքների անցկացման սահմանափակումները, և այն անձինք, որոնք որոշակի բողոք ունեն որևէ պրոցեսի հետ կապված, կանոնների պահպանմամբ՝ իրենց կարծիքը կարող են արտահայտել»:

Անի Սամսոնյանը նկատեց. «Առավել ևս, եթե ժամանակ չունեիք հետևելու, լավ կլիներ՝ կառավարությունն այնտեղ ունենար գոնե մեկ ներկայացուցիչ, որը կհետևեր իրադարձություններին և որը կպատասխաներ մարդկանց հարցերին»:

Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում մարդկանց թողնել մենակ և առհասարակ անհաղորդ մնալ ստեղծված իրավիճակին և խնդիրներին, կառավարության կողմից ճիշտ չէ. «Ամուլսարի պաշտպանները բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կառավարությանը, որ պետք է չեղարկվի ՇՄԱԳ-ը, և պետք է այդ պահնորդական ծառայություն իրականացնող անձինք հեռացվեն տարածքից: Պահնորդների մասով ես ուղարկել եմ կառավարությանը գրավոր դիմում, որպեսզի վերանայվի այդ կազմակերպության լիցենզիան, որովհետև օրենքի խախտումներ է թույլ տվել, և վերջապես այս պահանջներին, օրինակ՝ ՇՄԱԳ-ի չեղարկման և մնացած այլ պահանջներին դուք ի՞նչ արձագանք ունեք, ի՞նչ կարող եք ասել այսօր այն մարդկանց, ովքեր ձեր խոստումների մասին ձեզ հիշեցնում են և բարձրաձայնում են, բայց դուք այդպես էլ նրանց չեք արձագանքում»:

Տիգրան Ավինյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ խոստումներ են տվել, որ չեն կատարել. «Խոստումների մասով կարող եմ ասել այն, որ, եթե մենք որևէ խոստում ենք տվել, որը չենք իրականացրել, ես պետք է խնդրեմ՝ շատ ավելի հասցեական դա ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ես նման որևէ խոստում չեմ հիշում, որը մենք խոստացել ենք և չենք արել, նույն՝ Ամուլսարի հետ կապված: Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ, և մեր նախկին արված հայտարարություններն ուժի մեջ են, և, ընդհանուր առմամբ, այն պահանջների հետ կապված, որոնք ներկայացնում են բնապահպան մեր հարգելի գործընկերները, և այն բողոքների հետ կապված, որ «Լիդիան» ընկերությունն էր բարձրաձայնում կառավարության նկատմամբ, և կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն թե ՇՄԱԳ-ի, թե՛ պահնորդական ծառայության լիցենզիայի զրկման հետ կապված, դրանք համապատասխանաբար օրենքի և կառավարության համապատասխան որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն: Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանել նախկինում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ՇՄԱԳ-ը պետք է չեղարկվի, եթե համապատասխանել է, խնդիր չկա: Եթե լիցենզիայից զրկելու համար հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը պետք է դա անի: Եթե ներկայացվեն այդ հիմքերը, խնդրեմ, միանշանակ դա կարվի, եթե կան այդպիսի հիմքեր»:

Տեսանյութեր

Լրահոս