Դա ճարահատյալ հարցազրույց էր՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպը շտկելու համար. Ալեն Սիմոնյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցի մասին
«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ, ու կարող եմ ասել, որ քաղաքական և իրավական հարթակից դուրս շատ, կարելի է ասել, նորմալ եմ վերաբերվում իրեն: Եվ համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է մնար օրենքի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով օրեր առաջ ParaTV-ի եթերում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ապա անդրադարձավ նաև նախկին ոստիկանապետի այդ նույն հարցազրույցում արված հայտարարություններին.
«Ինչ վերաբերում է իր հայտարարություններին, ես կարծում եմ՝ դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը, կարծում եմ՝ չստացվեց, որովհետև մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին իր անցած մեծ ուղու շնորհիվ»,- ասել էր ԱԺ փոխխոսնակը:
Վլադիմիր Գասպարյանն այդ հարցազրույցում նաև սթափության կոչ էր արել ներկա իշխանություններին՝ շեշտելով, որ ինքը ոչ թե նախկին է, այլ ապագա: Անդրադարձել էր նաև ոստիկանության քաղաքականացվածությանը և ասել, թե իր պաշտոնավարման ժամանակ ոստիկանությունը քաղաքական պրոցեսներում ներգրավված չի եղել, ապաքաղաքական կառույց է եղել, մինչդեռ ըստ նախկին ոստիկանապետի՝ այսօրվա ոստիկանությունը միանգամայն քաղաքականացված է: Այսօրվա ճեպազրույցում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանելով նախկին ոստիկանապետի հնչեցրած կարծիքին վերաբերող լրագրողների հարցին՝ այսպես արձագանքեց.
«Դե գիտեք ինչ, մեղմ ասած, չեմ համաձայնվի նրա ասածների հետ, որովհետև այն բոլոր դեպքերը՝ սկսած տոնածառի պատմությունով, վերջացրած Սասնա ծռերի շուրջ՝ էդ ժամանակահատվածում, Էլեկտրիկ Երևանի շուրջ տեղի ունեցածի հետ կապված, երբ որ կոնկրետ Բաղրամյան փողոցում այն գործողությունը, որը որ իրականացվեց, շատ ավելի քաղաքականացված է, մի խոսքով:
Գիտեք ինչ, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիները շատ շուտ մոռանում են և շատ շուտ մոռանալու են էն ամենը, ինչ որ եղել է: Ես շատ կուզենայի, որ ձեզանից որևիցե մեկը իրենից հարցազրույց վերցներ, որ, օրինակ, խոսեր Արշակի մասին՝ իր աշխատակից, կամ քաղաքական գործերի, որոնց էդ տարիներին մենք ականատես եղանք»,- անդրադառնալով Գասպարյանի հնչեցրած տեսակետներին՝ ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը նաև հավելեց, որ ինքը Վլադիմիր Գասպարյանին ևս ասել է, որ նա իր գործունեության հետ կապված՝ «Աստծո մասին խոսելով՝ պետք է նաև հասկանա, որ պատասխան է տալու և ոչ իշխանությունների առջև»: