«Նախ պիտի հասկանանք, թե այդ թույլտվությունն ի՞նչ եղանակով է տալու, ո՞վ է տալու․․․». Արսեն Բաբայան

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով։ Դրան հաջորդեց ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումն էր։

Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով, այդ թվում՝  ՀՀ ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր:

Արդյո՞ք քաղաքական ուժերը, հաշվի առնելով նոր որոշումը, իրենց օրակարգերը կտեղափոխեն նաև հանրահավաքների հարթակ․ 168.am-ն այս հարցն ուղղեց արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության մի քանի ներկայացուցիչների, նրանք, սակայն, եղան շատ հակիրճ:

«Մենք առաջիկայում մեր անելիքների մասին հանդես կգանք»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը նկատեց, որ իրենք քաղաքական գործունեությունն իրականացնում են՝ ըստ խնդիրների. «Այսինքն՝ որ պահին մենք կտեսնենք, որ կա հավաք կազմակերպելու անհրաժեշտություն, մենք կիրականացնենք մեր հավաքը, որովհետև հաշվի առնենք, որ այդ փոփոխություններն, ըստ էության, այնպես չի, որ ամբողջությամբ բացել են. կառավարության նիստին երբ հետևում էի, հայտարարվեց, որ դա լինելու է թույլտվությամբ: Նախ պիտի հասկանանք, թե այդ թույլտվությունն ի՞նչ եղանակով է տալու, ո՞վ է տալու, և այլն»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կարծիքով էլ՝ արտակարգ դրության ռեժիմն առհասարակ պետք է հանվի, քանի որ այն, ըստ նրա, արդեն ոչ մի հարց չի լուծում, իսկ կուսակցությունը նախատեսո՞ւմ է հանրահավաքներ հարցին ի պատասխան՝ նա ասաց.

«Քաղաքական ընթացքներ են, իհարկե, քաղաքական ամբողջ գործիքակազմն առկա է, և այստեղ խնդիրը հիմնարար ազատությունների մասին է»:

Ճշգրտմանը՝ այսինքն՝ չե՞ք բացառում, պատգամավորն արձագանքեց. «Այո, քաղաքական ընթացքը ցույց կտա, չենք բացառում»:

Տեսանյութեր

Լրահոս