«Իմ մոտ կոնկրետ շատ մեծ մտահոգություն է առաջացնում այն, ինչ որ տեղի է ունենում այսօր Բելառուսում». Ալեն Սիմոնյան

«Շուտափույտ չեմ համարում շնորհավորանքը, որովհետև, օրինակ, ՀԱՊԿ երկրների ցանկում, որոնք  շնորհավորել են, Հայաստանը, կարելի է ասել, վերջինն է եղել՝ որպես շնորհավորող: Բայց դա ուղղակի տեխնիկական բան է, որը որ ասում եմ, պետք չի դրա վրա որևիցե ձևով հենվել:  Կասեմ հետևյալը: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր երկրի ղեկավար հենվում է այն պաշտոնական տվյալների վրա, որ գոյություն են ունենում այդ պահի դրությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցած ընտրություններին և ՀՀ իշխանությունների շնորհավորանքին։

Հիշեցնենք, որ մամուլում ակտիվորեն քննարկվում ու քննադատվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ ուղղված շուտափույթ շնորհավորանքը՝ քվեարկության հենց հաջորդ օրը, օգոստոսի 10-ին։ Հիմնական փաստարկն այն էր, որ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց ներկայացնում և դիրքավորում են՝ որպես ժողովրդավար իշխանություններ, չպետք է շտապեին շնորհավորել ակնհայտ ընտրակեղծարարությունների միջոցով վերընտրված Լուկաշենկոյին՝ հատկապես այն դեպքում, երբ երկրում հետընտրական զարգացումները դեռ չեն դադարել։

Հարցին պատասխանելիս Ալեն Սիմոնյանը կրկին հիշեց նախկիններին:

«Օրինակ, 2008 թվականի մարտի 1-ին գրեթե բոլոր եվրոպական երկրները, նաև հենվելով այդ պաշտոնական տվյալների վրա, նույնպես շնորհավորեցին նույն Սերժ Սարգսյանին:

Հիմա իմ ասածը հետևյալն է: Իմ մոտ կոնկրետ շատ մեծ մտահոգություն է առաջացնում այն, ինչ որ տեղի է ունենում այսօր Բելառուսում: Եվ իմ համար անընդունելի է որևիցե խաղաղ ցուցարարի նկատմամբ և ցուցարարների նկատմամբ ուժի, բռնության գործադրումը ու խիստ դատապարտելի է: Պետական մակարդակով Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ տվյալ ստացված Բելառուսի Հանրապետության կողմից այս պահի դրությամբ: Եվ մենք, որքան էլ տեղ չտանք ցանկություններին, էմոցիաներին, մեր անձնական դիրքորոշումներին, ՀՀ-ն պետություն է, որը որ իր գործառույթը պետք է կատարի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս