«Ես հարցի հասցեատերը չեմ և իմ վրա պատասխանատվություն չեմ վերցնի հիմա դրա մասին խոսել». Ալեն Սիմոնյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Նախորդ շաբաթը բավականին լարված էր Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով՝ բողոքի ակցիաներ, կառավարությանն ուղղված պահանջներ: Ամուլսարի պահապանները երկու օր առաջ անգամ ԱԺ-ի դիմաց «գործնագործ» փորձեցին խաղալ՝ ԱԺ պատգամավորների ուշադրությունը խնդրի վրա սևեռելու համար: Եվ չնայած օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, թե հարցն իրենց տիրույթում չէ, Ամուլսարի հարակից տարածքների բնակիչները, Ամուլսարի պահապանները դեռևս արձագանքների են սպասում:
«Ես հարցի հասցեատերը չեմ: Ես չեմ տիրապետում բավարար չափով ինֆորմացիայի և իմ վրա պատասխանատվություն չեմ վերցնի հիմա դրա մասին խոսել: Կասեմ էն, ինչ մշտապես ասել եմ: ՀՀ իշխանությունը չի արել և չի անի որևիցե քայլ, որը կվնասի ՀՀ քաղաքացու կամ երկրի կամ բնության շահերին: Դրա մեջ թող բոլորը մեկընդմիշտ վստահ լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ մնացածը չի մեկնաբանում:
Հարցին, թե արդյո՞ք կողմ է Ամուլսարի շահագործմանը, պատասխանեց.
«Ես վստահում եմ մեր իշխանությանը և ես էդ վստահության վրա հենվելով՝ ասում եմ, որ որևիցե բան չեմ տեսնում անհանգստանալու իշխանության որոշման մեջ: Ինչ որոշում կընդունի իշխանությունը, կառավարությունը, տվյալ դեպքում՝ մարդիկ, ովքեր որ ավելի շատ են տեղեկացված, էդ որոշումը էս պարագայում կպաշտպանեմ, որովհետև իմ մասով ես ինֆորմացիայի բավարար քանակ չունեմ»: