Բաժիններ՝

Օգոստոսի 12-13-ին սպասվում է Պերսեիդների ասուպային հոսք

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի:

«Ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է»,-  այս մասին ասված է աստղադիտարանի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս