Լուսառատում լսել են, որ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ են եղել, բայց չեն զգացել
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 03:29-ին գրանցվել է Իգդիր (Թուրքիա) քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ. «Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ»։
Ավելի վաղ՝ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հնարավոր էպիկենտրոնին մոտ շրջան էր նշել նաև ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղը:
Լուսառատ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ծիծաղով նկատեց. «Ես էլ եմ կարդացել, որ էպիկենտրոնը եղել է Լուսառատը, բայց մենք չենք զգացել անգամ, որ երկրաշարժ է եղել»: