«Կրիր դիմակ և մի՛ տուգանվիր». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստում անդրադարձավ Արտակարգ դրության ընթացքում «ոստիկանության շատ կոշտ արձագանքին»՝ նշելով, թե այսօր կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազմանը զուգահեռ՝ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք:
«Սա նշանակում է, որ էս ուղերձը թվերի նվազման մասին մեր քաղաքացիները էլի չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Եվ մեր մեծագույն խնդիրն այն է, եթե մենք հիմա ճիշտ այս իրավիճակը չգնահատենք, մենք էլի կարող ենք հետ գլորվել հունիսի իրավիճակին: Միանշանակ է, որ մենք այսօր ունենք շանս՝ ըստ էության արմատապես էս խնդիրը լուծել: Մենք տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներում էսօր նորից, էսպես ասած, երկրորդ ալիք է սկսվել, և նույնիսկ կան երկրներ, որոնք պաշտոնապես ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը, բայց հիմա իրենք ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների ռեժիմին:
Մենք էսօր անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսի պատճառով և 234 մահ այլ պատճառով, բայց կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում, մենք էսօր շանս ունենք աշնանն ընդհանրապես գտնվել բոլորովին ուրիշ վիճակում: Այսինքն, ըստ էության հաղթահարած վիճակում լինել՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի: Եվ դա կլինի այդպես, եթե մենք մեր ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ: Ի՞նչ է դա նշանակում: Եթե բոլոր մնացած բարդ տերմինները հանենք, դա նշանակում ա մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, անդրադառնալով քաղաքացիների բողոքներին՝ դիմակ չկրելու համար տուգանվելու վերաբերյալ, ասաց, թե այդ հարցի լուծման շատ պարզ եղանակ գոյություն ունի, այն է՝ «կրիր դիմակ և մի՛ տուգանվիր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում