«Վերացվում է ՀՀ-ի ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը». Ռուստամ Բադասյան

Կառավարության հրավիրած արտահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ չնայած նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, այդուամենայնիվ շարունակում են բարձր մնալ վարակի հետևանքով մահացության և վարակի տարածման ցուցանիշները:  Ըստ Բադասյանի՝ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են:

Հենց այդ հիմքով կառավարությունը առաջարկեց ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել արտակարգ դրությունը: Սակայն այս նախագծով առաջարկվում է մի քանի էական մեղմացում:

Նախագծով վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ, եթե անձը չի հոսպիտալացվում, ապա 14 օրով պետք է ինքնամեկուսացվի: Նորամուծություն է արվել և ինքնամեկուսացման այդ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում, որի բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է:

Վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որոնք կարող են լինել  որոշակի կանոնների պահպանմամբ, այն է՝ անհրաժեշտ է լինելու դիմակի կրումն ու առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը:

Թույլատրվում է միջոցառումներ իրականացնել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները:

Որպես հավելում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, թե այս մեղմացումներն իրականացվում են վարակակիրների թվերի նվազման արդյունքում:

«Եթե հանկարծ, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ»,- նշեց Նիկոլ փաշինյանը:

Կառավարությունը հաստատեց արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը, որն առաջիկա ժամերին քննարկման կդրվի ԱԺ-ում հրավիրած հատուկ նիստում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս