«Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց՝ չարժի ոչ մի իշխանություն, որ արյունով վերցնես. ես համաձայն եմ իր հետ». Վլադիմիր Գասպարյան

Միգուցե 2008 թվականի իրադարձությունները կապ ունեն 2018-ի հետ՝ անձերի ու իշխանության գալու առումով, բայց ես դա չեմ ուզում պնդել, որովհետև դա իմ դաշտից դուրս է: Ես ուզում եմ ասել, որ ես որոշակի նմանություններ տեսնում եմ: Երբ նախկին իշխանություններին այսօրվա իշխանություններն ասում են՝ ռևանշիստներ, ռևանշիստներ են նաև այսօրվա իշխանության մեջ գտնվողները՝ մեկը՝ իր ֆիզիկական ներկայությամբ, մյուսը՝ իր որդու, երրորդը՝ բարեկամի տեսքով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, ինչ կատարվեց 2018թ.-ին, և արդյո՞ք այն կապ ուներ 2008-ի հետ:

«2018-ին աշխատեցին տեխնոլոգիաները՝ օտարերկրյա պետությունների կողմից կառավարվող, ֆինանսավորվող հասարակական, միգուցե և՝ արդեն քաղաքական կուսակցությունների կողմից: Դա կարճ իմ գնահատականն է»,- ասաց նախկին ոստիկանապետը՝ հավելելով, որ նպատակն իշխանության գալն էր, իշխանության գալու միջոցով էլ լուծել այն խնդիրները, որոնք այս կամ այն կազմակերպություններին ձեռնտու են:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հասարակությունը ներքաշվեց դրա մեջ:

«Այն աստիճանի ներգործություն եղավ, որ քաղաքական գործընթացների սկսեցին անչափահասներին ու դեռահասներին մասնակից սարքել: Դա տեխնոլոգիա էր: Հիշում եք, առաջին պլանում՝ հղի կին, մանկահասակ երեխաներ, և այլն… Մենք գիտեինք, որ դա տեխնոլոգիա է: Մենք դրանց պատասխանում էինք մեր օպերատիվ ինֆորմացիաներով և ամեն ինչ անում էինք, որ ազգաբնակչությունը չտուժի: Մենք գիտեինք՝ կառավարվող օղակները որտեղից են գալիս, և ցանկացած ակտիվ գործողություն մեր կողմից բերելու էր զոհերի ու վնասվածքների, որովհետև գործում էին օրենքով արգելված մեթոդներով՝ անչափահասներ, դպրոցներ, մանկապարտեզներ: Երբ այդ մեթոդով են գալիս իշխանության, անպայման հետո պտուղները քաղելու են»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ըստ նրա՝ 2018թ. օգտագործվեց կեղտոտ տեխնոլոգիա:

«Երբ հանում են երեխաներին, դեռահասներին, դու չես կարողանում ոչինչ անել: Մենք Ռուսաստանի նման երկիր չենք, որ պետությունը կարողանա Արխանգելսկից մարդ բերել, որ Մոսկվայում օգտագործի ինչ-որ միջոցառման համար: Բացի դրանից, մեր մենթալիտետն է ուրիշ: Եվ իսկապես ուրիշ է: Մենք չէինք կարող մտածել, որ որոշ հասարակական-քաղաքական կազմակերպություններ կարող են թույլ տալ իրենց երեխաներին հանել փողոց, որպեսզի պաշտպանվեն իրենց անօրինական գործողությունները»,- ասաց նախկին ոստիկանապետը՝ նշելով, որ այստեղ բացառվում էին ուժային լուծումները, լուծումները պետք է լինեին քաղաքական:

Վերջինս նշեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր մտածում, որ ուժային լուծումները պետք է բացառվեն, որովհետև երբ 2018-ին իրենք քննարկում էին իրադարձությունների զարգացումը, այդ թվում՝ ուժային մեթոդներով հավաքը ցրելու տարբերակը, Վ. Գասպարյանն ասել է, որ ցուցարարները կարող են պաշտպանվել երեխաներով և հղի կանանցով, նրանց օգտագործել՝ որպես վահան, որոնցից շատերի որովայնին, ինչպես հետո պարզվեց, պարզապես բարձ էր կապած:

«Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց՝ չարժի ոչ մի իշխանություն, որ արյունով վերցնես, և ես համաձայն եմ իր հետ»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Տեսանյութեր

Լրահոս