«Ոստիկանն ասում էր, եթե տեղ չունեք՝ կարող ենք երեխային ուրիշ տեղ տանել». ընտանիքին ստիպում են ազատել բնակարանը
«Ոստիկանության աշխատակիցների՝ մեր բնակարան մի քանի անգամ գալ-գնալուց հետո, 7 տարեկան տղայիս մոտ որոշակի առողջական խնդիրներ նկատվեցին»: 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքերից մեկում վարձակալությամբ բնակվող քաղաքացին (չցանկացավ ներկայանալ), որն ունի օրինական վարձակալական պայմանագիր, սակայն տանտիրոջ պահանջով ոստիկանները փորձել են նրանց դուրս հանել բնակարանից:
«Զգացի, որ երեխայիս մոտ կա խոսքի կակազում, գիշերամիզություն, տարել ենք նյարդաբանի մոտ, ասել է, որ երեխան շատ ուժեղ սթրես է տարել, դեղեր է նշանակել: Այնպես է լինում, որ երեխաս գիշերը քնից վեր է թռչում, քթից արյուն է գալիս, այսօր առավոտյան էլ հետ տվեց: Կանչ եմ գրել, բժշկուհին եկել նայել է, ասել է, որ երեխային պետք է հոգեբանի մոտ տանենք: Ոստիկանության աշխատակիցն ասում էր՝ եթե տեղ չունեք երեխային տանելու, կարող ենք տանել ուրիշ տեղ, կան մարդիկ, որ ուրախ են լինում, և այլն, երեխան այդ ամենը լսելով՝ ավելի էր վախենում, ու նրանք պարբերաբար կրկնում էին՝ եթե չունեք ինչ-որ տեղ երեխային տանելու, մենք պատրաստ ենք, կարող ենք տանել այսինչ տեղը, այդ ամենը երեխան լսելով՝ կրկնակի սթրեսի էր ենթարկվում: Այսօր էլ էլի եկել էին, որ մեզ բնակարանից վտարեին, բայց էլի եմ կրկնում, մենք ներխուժող չենք, քանի որ ունենք վարձակալության պայմանագիր»,- ասաց քաղաքացին:
Նրա խոսքով՝ 2 տարուց ավելի այդ բնակարանում են ապրում, վճարներումներն էլ ժամանակին կատարում են: «Մեզ բանկային հաշիվ են տրամադրել, և այդ հաշվեհամարին բոլոր փոխանցումներն արել ենք: Պայմանագրի ժամկետը լրացել է 2019 թվականի փետրվարի 1-ին, սակայն տանտիրոջ կողմից ոչ մի առարկություն չի եղել, և ՀՀ-ում օրենք կա, եթե պայմանագիրը լրանալուց հետո որևէ առարկություն չի լինում տանտիրոջ կողմից, և գումարը նույն ձևով շարունակում են վճարել, ապա պայմանագիրն անորոշ ժամկետով մտնում է ուժի մեջ»,- ասաց ընտանիքի մայրը:
Նրա խոսքով՝ մոտ 9-10 ամիս առաջ տանտերը զանգահարել է իրենց, տեղեկացրել, որ 15 օր ժամանակ է տալիս, որպեսզի բնակարանն ազատեն.
«Եթե իրենք ուզում էին վարձավճարն ավելացնել, մենք անգամ դրան ենք պատրաստ, բայց նման խոսակցություն չի էլ եղել, անգամ տանտիրոջ դեմքն էլ չենք տեսել, պայմանագիրը կազմել ենք իր հոր և մոր հետ: Ոստիկանները մոտ 2 ամիս առաջ էլ էին եկել, բայց մենք մեզ մոտ ունենք որոշում, որ ոստիկանները կառավարության որոշմամբ զերծ են մնում որևէ գործողություն կատարելուց՝ մինչև վերջնական դատական ակտը ընդունվի և ուժի մեջ մտնի: Նշեմ, որ մեր վեճն այս պահին դատարանում է, ունենք օրինական վարձակալական պայմանագիր: Նշեմ նաև, որ մենք ասել ենք՝ եկեք գնանք նոտարական գրասենյակ, պայմանագիրը վավերացնենք, բայց նրանք չեն համաձայնել, անգամ փակել են հաշվեհամարը, որի վրա մենք գումարը փոխանցում էինք, անգամ այդ հաշվեհամարին ունեինք ավելի վճարած գումար, բայց չէինք կարողանում հետ վերցնել»:
Այսօր էլ ոստիկանության աշխատակիցներ կային շենքի բակում, որոնք, ինչպես վարձակալը նշեց, եկել էին իրենց բնակարանից վտարելու: Ներկա էին ԱԻՆ-ի հոգեբանական ծառայությունից, որպեսզի երեխայի հետ հանդիպեին, սակայն նախորդ անգամ երեխան ոստիկաններից վախեցել էր, և ընտանիքի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանի հետ քննարկումից հետո որոշվեց նորից սթրեսի չենթարկել երեխային և չհանդիպել նրա հետ:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը մեր հարցին, թե ոստիկանության աշխատակիցներն ինչո՞ւ էին եկել, պատասխանեց.
«Ոստիկանությունը ղեկավարվելով կառավարության համապատասխան որոշմամբ՝ ցանկանում էր գործառույթներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ներխուժում է եղել: Ոստիկանությանը ներկայացրեցինք համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես, որ ներխուժում չի կարող դիտվել այնքանով, որքանով: Կողմերի միջև առկա է պայմանագիր, ավելին, այս վիճելի գույքի հետ կապված դատական գործ կա: Ոստիկանությունից տեղեկացրին, որ ի գիտություն են ընդունել այդ փաստաթղթերը, լրացուցիչ ուսումնասիրության կարիք են տեսնում և այս պահին ներխուժում չեն կատարի: Ցանկանում եմ արձանագրել, որ վերջերս ոստիկանության կողմից նման առերևույթ անօրինական գործառույթներն ակնհայտ է և պետք է թույլ չտալ: Ոստիկանությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ կանգնել քաղաքացու կողքին, այլ ոչ թե քաղաքացին փորձի պաշտպանվել ոստիկանությունից»:
Ընտանիքի անդամների խոսքով՝ իրենք պատրաստ են դուրս գալ բնակարանից, եթե օրենքի պահանջով դատարանը նման որոշում կայացնի: