Զորաց քարերում չափագրության արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 նոր անցքով քարեր
Հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում Զորաց քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի տարածքում կատարվել են չափագրության աշխատանքներ:
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ համատեղ իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է հուշարձանի և հարակից տարածքի համակարգչային ծրում (scanning), հուշարձանի և հարակից տարածքի օդային լուսանկարում-ծրում, հուշարձանի բոլոր քարերի լուսանկարում բոլոր կողմերից, հուշարձանի բոլոր անցքով քարերի անցքերի լուսանկարում, գծանկարում, չափագրում, անցքերի առանցքների վեկտորների որոշում և այլն։
Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի, ինչպես նաև նույն կարգի աստղագիտական կարևորության քարեր, որոնք մինչ այդ հաշվառված չեն եղել։
«Աշխատել ենք 5 օր՝ հուլիսի 27-31-ը, եղել է համալիր արշավախումբ, որոնց թվում էին աստղագետներ, ճարտարապետներ և երկրաբաշխներ: Նպատակն էր՝ ունենալ հուշարձանի ամբողջական ու շատ ճշգրիտ եռաչափ չափագրություն՝ քարերի դասավորությամբ, չափսերով, տեղանքի անհարթություններով, անցքերի ուղղվածություններով: 5 օր աշխատելով՝ այդ տեղեկությունը կարողացել ենք հավաքել: Օգտագործել ենք այսօրվա ժամանակակից սարքերը: Սարքավորումը տրամադրել է Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:
Նրա փոխանցմամբ՝ 90-ական թթ. Պարիս Հերունին այդպիսի մի արշավախումբ ունեցել է, ցավոք, մի քանի հանգամանք կա, որ վատ է:
«Նախ՝ շատ փոքր հատվածն է չափագրել: Միայն այն մասը, որն իր կարծիքով՝ կապված է եղել աստղագիտության հետ: Մենք հիմա նաև հարակից տարածքներն ենք չափագրել: Երկրորդ, Հերունու օգտագործած սարքերը, մեղմ ասած, շատ հեռու են այսօրվա պահանջները բավարարելուց: Մենք օգտագործել ենք այսօրվա ամենաարդիական սարքավորումը, բնականաբար, շատ բարձր ճշգրությամբ ենք այդ չափումները կատարել, որը Հերունու ժամանակ ուղղակի հնարավոր չէր: Եվ երրորդ, Պարիս Հերունու արած չափագրությունների տվյալների ամբողջական փաթեթը մեզ հասանելի չէ: Միայն կարող ենք ունենալ այն, ինչ տպված է իր մի քանի հոդվածներում և գրքերում: Մնացածի տեղը ոչ գիտենք, ոչ էլ դրանց հասնելու հնարավորությունն ունենք: Դրա համար մենք որոշեցինք զրոյից սկսել, ամբողջական անել, քանի որ և՛ մեծ ծավալն էր մեզ պետք, և՛ ճշգրտությունները»,- մանրամասնեց Գրիգոր Բրուտյանը:
Ինչ վերաբերում է հայտնաբերված շուրջ 30 անցքով քարերին՝ նա նկատեց.
«Քարերը բոլորն էլ տեսել են, ուղղակի մենք գտանք, որ դրանք էլ համալիրի մաս են, իսկ առաջ Հերունին դրանք չի համարակալել, հուշարձանի մաս չի համարել: Մենք այսօր դրանց բոլորին նոր համարներ տվեցինք, չափագրեցինք, տեղերը որոշեցինք, և վստահ ենք, որ դրանք էլ այդ ամբողջ աստղագիտական համալիրի մասն են կազմում, ու դրանով ավելի կդյուրանա համալիրի հետազոտությունը՝ հենց աստղագիտական առումով: Հերունին 70-ից մի քիչ ավելի անցքով քարեր էր նշել, մեր ցուցակում այսօր 100-ից ավելի է»:
Հարցին՝ սա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ վերջապես աստղագետները, հնագետները միասին աշխատեն, Գրիգոր Բրուտյանը դրական պատասխան տվեց՝ նշելով.
«Այո, մեր նպատակներից մեկն էլ այն է, որ չափագրությունների արդյունքներն ազատ դրվեն համացանցում, աշխարհի բոլոր ծայրերից ցանկացողները հնարավորություն ունենան դրանցից օգտվել: Մենք ինքներս ևս ստացած թվերի հիման վրա կկարողանանք կատարել հաշվարկներ, տեսնել՝ հուշարձանն ինչքանո՞վ կապ ունի աստղագիտական դիտումների հետ, կապը ինչպիսի՞ն և ե՞րբ է եղել: Հուշարձանը չափազանց հին է, բնականաբար, երկար պատմության ընթացքում նա շատ փոփոխությունների պետք է ենթարկված լինի հենց օգտագործողների կողմից: Իսկ առանց այս ճշգրիտ չափումների՝ հնարավոր չէր այդ հարցերին պատասխաններ տալ: Հիմա հույս ունենք, որ չափումների արդյունքները մշակված կլինեն ու մատչելի, կկարողանանք արդեն այդ հարցերին սկսել պատասխանել: Չեմ ասում, թե բոլոր հարցերին միանգամից կպատասխանենք: Խնդիրը չափազանց ծավալուն է ու շատ բարդ: Դա տարիների տքնաջան աշխատանք է պահանջում և մեծ ռեսուրսներ, շատ թվով մարդիկ, որ դրանով զբաղվեն»: