Սերժի ուղերձները և Նիկոլի վախերը

Հայաստանում քաղաքական բուն գործընթացը, որն ընդհատվեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, հանրային դիսկուրսին հետևող մարդու մոտ լուրջ ու փաստարկված խոսքի պահանջ է առաջացրել, քանի որ վերջին երկու տարիներին, բացի ամբոխահաճո, սուտ ու դատարկ հայտարարություններից ու ջղաձիգ դրսևորումներից, քաղաքացին ուրիշ ոչինչ չի տեսնում։

Ինչպես և կանխատեսելի էր՝ հայաստանյան տեղեկատվական ողջ տիրույթում Սերժ Սարգսյանի տեսանյութերի շարքը, որը հրապարակվել էր նախօրեին, բուռն քննարկման ալիք առաջացրեց։

Փաստ է՝ Սերժը փակ մարդ է․ դա ուղղակիորեն կապված է կենսափորձի ու նրա գերինֆորմացված լինելու հետ։ Երկար ժամանակ Պաշտպանության ոլորտը ղեկավարած, Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարար աշխատած, բավականին խճճված (և ներքաղաքական, և արտաքին քաղաքական) փուլում երկիրը ղեկավարած մարդը չէր կարող Նիկոլի նման հիպերակտիվ ու անպատասխանատու հայտարարություններ անել՝ չունենալով ոչ բնավորություն, ոչ որոշակի կամային ծանրություն։ Բնականաբար, Սերժը չէր կարող 24 ժամ ֆեյսբուքներում անցկացնել, երբ երկիրը բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների առջև է կանգնած:

Իշխանության ներկայացուցիչներից մեկը, ԱԺ ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերաբերյալ դիտարկումներ անելիս, իր խոսքում ակնարկել էր, թե առաջիկա ամսվա ընթացքում հանձնաժողովը կհրապարակի իր եզրակացությունը, և թեմայի հետ կապված հարցերի մասով հստակեցումներ կլինեն։

Նախօրեին հրապարակած տեսանյութերի՝ Սերժ Սարգսյանի սեղմ խոսքի վերաբերյալ իշխանական դաշտից եկող ջղաձգումները խոսում էին այն մասին, որ դրանք նախ՝ հասել էին իրենց նպատակին, և բուն հարցերի շրջանակն ու ներկայացված պնդումները հստակ հիմնավորված էին՝ նաև բովանդակային առումով։  Եթե հիշում եք՝ նմանօրինակ մի վայնասուն էլ բարձրացել էր մինչև Սարգսյանի՝ ԱԺ  ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ներկայանալու մասին հայտարարությունը, իսկ երբ արդեն ՀՀ երրորդ նախագահը հրապարակավ հայտարարեց, որ ներկայանալու է հանձնաժողովին և կպատասխանի բոլոր հարցերին, այդ արհեստական շահարկման տենդենցը միանգամից անհետացավ։ Նրանք հույս ունեին, թե Սերժ Սարգսյանը կարող է խուսափել իրենց հարցերին պատասխանելուց: Բայց նա ոչ միայն ամենայն հանգստությամբ ներկայացավ, այլև համբերատար մի քանի ժամ պատասխանեց հանձնաժողովականների՝ նույնիսկ՝ բացարձակ անտեղյակ հարցադրումներին:

Դաշտում առկա քննադատություններից մեկը վերաբերում էր նրան, որ նման տեսանյութեր հրապարակելով՝ Սարգսյանը փորձում է ակտիվություն ցուցաբերել ներքին, իսկ ավելի շատ՝ նաև արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ցանկացած շարքային քաղաքացու, եթե փողոցում հարցնես, նա միանգամից կպատասխանի, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանն ըստ էության չի հեռացել քաղաքականությունից և իր գրասենյակի պատուհանից լուռ հետևում է քաղաքական իրադարձությունների ընթացքին, իսկ արտաքին քաղաքականության մեջ կոնկրետ մասնակցում է, ի դեպ՝ շատ բուռն կերպով (գրասենյակում հանդիպումներ տարբեր երկրների դեսպանների հետ, պարբերաբար տեսակոնֆերանսներ, ինչպես նաև գործուղումներ տարբեր միջազգային գործընկերների հետ)։

Գործող իշխանությունները Սերժ Սարգսյանի այդ տեսանյութերից հետո սկսեցին շահարկումներ անել, թե երրորդ նախագահն «այս քայլին գնացել է ասուլիսից խուսափելու համար։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը կրկին անգամ շեշտում է, որ հրապարակային ֆորմատով պատասխանելու է հասարակությանը հուզող բոլոր կարևոր հարցերին:

Եվ, ուրեմն, ինչի՞ց են անհանգիստ իշխանությունները:

Փաշինյանի՝ օր օրի ընկնող վարկանիշն իշխանական շարքերում խուճապ է առաջացրել: Նրանք հասկանում են, որ հասարակությունը հոգնել է սպասումներից, իրականություն չդարձած խոստումներից, խայտառակ կառավարումից, հեղափոխական իշխանությունների հիստերիկ և ջղաձիգ հայտարարություններից, ուժային կառույցների՝ 37 թվին բնորոշ գործունեությունից, բյուջեի թալանից՝ միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներից… Շարքային քաղաքացին հասկանում է, որ օր օրի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, մարդկանց խնդիրներին չեն արձագանքում: Փոխարենը՝ «հեղափոխությամբ» եկած իշխանությունների առանձին ներկայացուցիչների կյանքի որակը տասնապատիկ բարելավվել է, փողոցից տառացիորեն տրեխներով եկած առանձին գործիչներ այսօր ճոխ մեքենաներ են ձեռք բերում, անշարժ գույք՝ Երևանում, և հողատարածքներ՝ մարզերում:

Քաղաքացուն այլևս չեն հետաքրքրում Փաշինյանի և նրա թիմակիցների հոխորտանքները, նախկինների դեմ ցեխ նետելը, ձերբակալություններով սպառնալիքները: Նրանք սթափ և հավասարակշռված խոսքի, գործի կարիք ունեն:

Փաշինյանի հակառակորդը դառնալու է փողոցում ընդվզող խաբված քաղաքացին, ժողովուրդը:

Ահա, թե ինչից է սարսափում Փաշինյանը և նրա թիմը՝ ծանրակշիռ խոսքից: Քաղաքական այն գործիչներից, ովքեր, իհարկե, իր պես չեն «փայլել» պատեհ-անպատեհ շատախոսությամբ, ջղաձիգ և հիստերիկ դրսևորումներով, սակայն իրական գործ են արել:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս