Ի՞նչ առանձնատուն է ձեռք բերել Փաշինյանի աներորդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունն օրերս հեռարձակել է «Կորսված փողեր և հույսեր» փաստագրական ֆիլմը: Տեսանյութում, ի թիվս այլ պաշտոնյաների՝ անդրադարձ է կատարվում նաև Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի վերջին երկու տարիներին ձեռք բերված միջոցներին։  Ըստ այդմ՝ «Իմ քայլի» պատգամավորի կողմից Ձորաղբյուր թաղամասում գնվել է առանձնատուն, որի մասին հայտարարագրում ոչինչ հիշատակված չէ:

168.am-ը որոշեց գտնել պատգամավորի առանձնատունը, ինչը, ի դեպ, դժվար չէր. Ձորաղբյուրի կենտրոնում՝ խանութի մոտ կանգնածները գիտեին, թե Հրաչյա Հակոբյանը որտեղ է ձեռք բերել նոր տունը:

Մինչ նկարահանումը պատգամավորից հետաքրքրվեցինք՝ թույլ կտա՞ նկարահանել առանձնատունը, նա պատասխանեց.  «Չէ, որովհետև հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում»:

Թե ինչո՞ւ չի հայտարարագրվել՝ հարցին ի պատասխան էլ՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը նշեց.

«Որովհետև 2020 թվականին եմ ձեռք բերել՝ չէի կարող 2020 թվականին ձեռք բերված գույքը 2019 թվականի հայտարարագրում հայտարարագրեի»:

Այդուհանդերձ, մեր նկարահանող խումբը դրսից մի քանի կադրեր ֆիքսել է. առանձնատանն իսկապես վերանորոգում էր.

Նկատենք՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատգամավորը մասնավորապես տեղեկացրել է, որ գույքը ձեռք է բերել 25 հազար դոլարով:

«20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի, տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա է, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները և դրսից քարով երեսապատել եմ: 500 քմ հողատարածք է, տան ընդհանուր մակերեսը երկու հարկ է՝ 55քմ մակերեսներով, մի հատ էլ տանիքային հարկ է, մոտ 120 քմ տուն»,- ասել է նա:

Մենք զանգահարեցինք անշարժ գույք գործակալություն՝ ճշտելու, թե այս պարամետրերով առանձնատունը որքան կարժենա Ձորաղբյուրում: Աշխատակցուհին տեղեկացրեց, որ գները կարող են տատանվել 30-130 հազար դոլարի սահմաններում՝ կախված տարածքից, կոմունիկացիաների հասանելիությունից, ջրի-գազի առկայությունից:

Տեսանյութեր

Լրահոս