«Ադրբեջանի՝ «Caucasus Online»-ի բաժնետոմսերի 49%–ի ձեռքբերումը թույլ կտա ինտերնետ-թրաֆիկը վերլուծելով՝ հավելյալ տվյալներ ստանալ ՀՀ-ի հետ կապված, որոնք չկան բաց հասանելիության մեջ». Մեդիափորձագետ

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին միաձայն՝ 88 «կողմ» ձայնով ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կառավարության և Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները, որով ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։

Այս փոփոխությունները Վրաստանում միանշանակ չեն ընդունվել և դժգոհություններ են առաջացրել՝ ընդդիմության, նաև՝ արևմտյան դիտորդների շրջանում: Խնդիրը նրանում է, որ Վրաստանի խորհրդարանի որոշմանը նախորդել է տեղեկությունը «Caucasus Online» ինտերնետ-պրովայդերի մագիստրալային կապուղու բաժնետոմսերի 49%-ն ադրբեջանցի գործարարին վաճառելու մասին:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ունեցած տեղեկություններով` բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։

Նշենք, որ «Caucasus Online» վրացական ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա գնացող օպտիկական մալուխի օպերատոր է:

Թե ինչ ռիսկեր և վտանգներ է այս գործարքը պարունակում ՀՀ-ի համար, 168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ռիսկեր կան, իհարկե, սակայն պետք է հասկանալ, թե այդ 49 տոկոս բաժնեմասն ինչ իրավունքներ է տալիս ադրբեջանական կողմին:

«Ամեն դեպքում, այն, որ իրենք ինչ-որ չափով ներգրավված են, արդեն ռիսկեր պարունակում են և որոշակի հնարավորություններ տալիս ադրբեջանական կողմին: Դեռևս պարզ չէ, թե ինչ հիմքերով է ձեռք բերել ադրբեջանական կողմն այդ 49 տոկոս բաժնեմասը, և պայմանագրում ինչ է գրված, բայց, ամեն դեպքում, սա թույլ կտա ադրբեջանական կողմին ինտերնետ-թրաֆիկը վերլուծելով՝ հավելյալ տվյալներ ստանալ, որոնք չկան բաց հասանելիության մեջ, և դրանով հերթական վերլուծություններն անել ՀՀ-ի, ազգաբնակչության հետաքրքրությունների մասին, և, ընդհանրապես, շատ տվյալներ կարելի է կորզել:

Գործարքը, որքան հասկանում եմ, 61 մլն դոլար է․ սա այնքան մեծ գումար չէ, և հայկական կողմը կարող էր իրեն թույլ տալ առնվազն այդ 49 տոկոս բաժնետոմսը գնել, եթե պետք է, պահուստային ֆոնդից հատկացվեր այդ գումարը՝ ապահովելու տեղեկատվական անվտանգության պահը:

Բայց քանի որ վերջերս տեղեկատվական անվտանգության վրա ուշադրություն չի դարձվում ՀՀ-ում, շատ հավանական է, որ նույնիսկ տեղյակ էլ չէին այս ամեն ինչից: Մենք տեսնում ենք, որ կայքեր են կոտրում՝ վարչապետի, կառավարության, տվյալների մեծ արտահոսք է լինում՝ կապված կորոնավիրուսի հետ, զինվորական ինչ-որ փաստաթղթեր են հայտնվում համացանցում, ինչը նշանակում է, որ ԱԱԾ-ն մոռացել է իր ամենակարևոր գործառույթներից մեկը՝ պետական կայքերի անվտանգության ապահովումը, ինչը կապված է պետության հետ, փոխարենը՝ զբաղված է պատժամիջոցներով: ԱԱԾ-ն դարձել է երկրորդ ոստիկանական մահակն ազգաբնակչության գլխին»,- նշեց մեդիափորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս