«1994թ․ ի վեր 2016թ․ ապրիլյան դեպքերն ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին․․․»․ Սերժ Սարգսյան
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը հրապարակել էր Սերժ Սարգսյանի խոսքը, որտեղ նա պարզաբանել է մի քանի հարցեր՝ ինչո՞ւ է մինչև այժմ լռել, ինչո՞ւ որևէ խոսք չի ասել 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ, ե՞րբ է պատրաստվում կազմակերպել մամուլի ասուլիս, և այլն։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
– Ինչո՞ւ որոշեցիք այժմ և այս ձևաչափով զրույց սկսել։
– Ես խոստացել եմ, որ հենց ավարտվի արտակարգ դրությունը, ես կհրավիրեմ մամուլի ասուլիս և շիտակ ու անկեղծ կպատասխանեմ ապրիլյան քառօրյային վերաբերող բոլոր հարցերին։ Այնուհետև տեղում կորոշենք, թե որը կլինի հաջորդ ասուլիսի թեման՝ ԼՂ բանակցային գործընթաց, 2018 թվականի ապրիլյան իրադարձություններ կամ որևէ այլ թեմա, որը կհետաքրքրի մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին։
– Ինչո՞ւ չեք հրավիրում Ձեր խոստացած մամուլի ասուլիսը։
– Ես ափսոսում եմ, որ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք՝ արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարելու խոստումս։ Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել։
– Արդյո՞ք սա նշանակում է, որ Դուք պայքարում եք անցյալը ետ բերելու համար։
– Միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու՝ անհնար է հասնել լավ ապագայի։ Չի կարող Հայաստանի Հանրապետության պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թվականի ապրիլից։
– Ուժի մե՞ջ է արդյոք Ձեր խոստացած մամուլի ասուլիսը։
– Ես որոշեցի ինչ-որ չափով կատարել իմ խոստումը և պատասխանել վերջին երկու տարիներին ավելի հաճախ հնչող հարցերին այս ձևաչափով։ Առաջին իսկ հնարավորության դեպքում, որովհետև ես էլ եմ դրան անհամբեր սպասում, առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կկազմակերպենք այդ ասուլիսը։
– Իսկ ի՞նչ անել հիմա։
– Մենք շատ բան ունենք անելու, առանց հուսահատվելու, անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին և անհատներին ու շարժվել առաջ։
– Ինչո՞ւ էիք Դուք լռում մինչև ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները։
– Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում է՛լ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ։
– Ի՞նչն էր Ձեզ խանգարում խոսել։
– 2018 թվականը շատ հուզական տարի էր, քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին։ Եվ այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ։
– Իսկ ո՞րն էր լուծումը։
– Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը։ Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք։
– Արդյո՞ք ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզեց ճշմարտությունը։ Ո՞րն է այն։
– Ճշմարտությունը հետևյալն է՝ 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց։ 1994 թվականից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները։ Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց։ Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին։ Եվ այսպիսի դեպքերում բանակն արժանի է միայն գովասանքի, այլ ոչ թե՝ մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության։
– Արդյո՞ք այս հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր։ Ինչո՞ւ որոշեցիք գնալ նիստին։
– Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիստին։ Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչինչ չունեմ։ Նույնիսկ, եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը, և դա պետք է արձանագրվեր։ Վերջնական եզրակացություն կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի Ազգային ժողով։ Ճշմարտությունը և ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից։
– Ձեզ մեղադրում էին նրանում, որ ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք։ Արդյո՞ք սա իսկապես հաղթանակ էր։
– Այո, անկասկած սա հաղթանակ էր, հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ։ Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները։ Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր, բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին։ Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է, և ոչ թե՝ 800։ Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտարը, այսինքն՝ 0,1 տոկոսը։
– Ինչո՞ւ Դուք Զինված ուժերին հրաման չտվեցիք վերադարձնելու անվտանգության գոտու այդ հատվածը։
– Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին։ Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական։
– Ինչո՞ւ մենք կորցրեցինք մեր զինվորների և սպաների այդքան կյանքեր։
– Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին, իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են։ Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա։ Բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները։ Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը։
– Ինչպե՞ս կգնահատեք հայկական բանակի գործողությունները։
– Արտաքին հետախուզական տվյալների համաձայն՝ մենք հակառակորդին հասցրեցինք չորս-հինգ անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում՝ ավագ սպաների և սպառազինության կորուստ։ Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակներս սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիներն իրենց տվյալներով՝ կորցրել են 1000-ից ավելի զինվորներ։
– Ի՞նչ զգացողություններ ունեիք ապրիլյան պատերազմից հետո։
– Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք և սգավոր, բայց միևնույն ժամանակ՝ հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով՝ բոլոր նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին։
– Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա։
– Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ այս պատերազմը որևէ օգուտ չբերեց Ադրբեջանին։ Հիշում եք Ալիևի հայտարարությունը, երբ նա ասաց, որ «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը»։ Իհարկե, այս հայտարարությունը վկայում է, շատ ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին։
– Ապրիլյան պատերազմից հետո եղե՞լ է որևէ այլ բարելավում բանակցային գործընթացում։
– Մեր դիվանագիտական հաջողություններից էին նաև, անշուշտ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները։ Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը։
– Հնարավո՞ր է դիվանագիտական ճակատում ձեռքբերումներն օգտագործել հօգուտ հայկական կողմի։
– Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին, համաձայն որոնց՝ անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է։ Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել ապրիլյան պատերազմի արդյունքները, և թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները։