Բանակցային գործընթացը՝ նոր հորձանուտում. Արդյո՞ք օրակարգում մանդատային կարգավորումն է

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հայեցակարգային մոտեցումներ։ Այս մասին օրեր առաջ հայտնեց Արցախի ԱԽՔ մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը:

Թե ի՞նչ հայեցակարգային մոտեցումների մասին է խոսքը, արդյո՞ք դա Հայաստանից իջեցված օրակարգ է, ի՞նչ է ենթադրում այդ մոտեցումների ձևավորումը, դեռևս պարզ չէ:

Շատ կարևոր է հասկանալ, թե մշակվող կամ վերամշակվող փաստաթուղթն արդյո՞ք կապ ունի Սամվել Բաբայանի՝ տարիներ շարունակ ներկայացվող մանդատային կարգավորման մոտեցումների հետ:

Երկրորդ, Սամվել Բաբայանը դեռ նախորդ տարի, տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացը տանում են Մադրիդյան փաստաթղթի հիման վրա, ինչն անընդունելի է և ենթադրում է տարածքների վերադարձ: Արդյո՞ք Բաբայանը շարունակում է նույն կարծիքին մնալ, և երկրորդ, արդյո՞ք Արցախի մոտեցումները տարբերվում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից, որի պայմաններում Արցախում ստիպված են կարգավորման այլընտրանքային հայեցակարգ մշակել:

Գանք առաջին հարցադրումից, ի՞նչ կապ ունի ունի մշակվող նոր փաստաթուղթը տարիներ ի վեր Սամվել Բաբայանի կողմից ներկայացվող մանդատային կարգավորման  առաջարկի հետ:

Հիշեցնենք, որ Բաբայանի առաջարկում նշվում էր, որ կարևորելով պետությունների միջև համակողմանի ու փոխշահավետ համագործակցություն հաստատելու տվյալ միջազգային կազմակերպության դերը, ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերին և հիմնարար սկզբունքներին համապատասխան խաղաղ կարգավորելու իրենց վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը կնքում են բազմակողմ, փակ համաձայնագիր՝ մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղում կառավարման նոր կարգի՝ մանդատային տարածքի ստեղծման մասին։

Ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի միջոցով, որը կանցկացվի մանդատային տարածքում՝ սույն պայմանագրի կնքումից հետո:

Ինքնորոշման ժամկետները որոշում է մանդատի կրողը, այսինքն՝ տվյալ միջազգային կազմակերպությունը: Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանուր հարցերի կարգավորման իր իրավունքը Լեռնային Ղարաբաղը պատվիրակում է միջազգային տվյալ կազմակերպությանը, Լեռնային Ղարաբաղի սահմանները հաստատված են համաձայնագրով և չեն կարող փոխվել՝ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության:

Ըստ հայեցակարգի հեղինակների՝ ստեղծվում է Փախստականների և տեղահանված անձանց հարցերն ուսումնասիրող դիտարկման խառը խումբ, որի շրջանակներում կողմերը պարտավորվում են պայմաններ ստեղծել նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակման համար՝ առանձին դեպքերում հնարավորություն տալով նրանց՝ կամավորության սկզբունքով փոխանակելու իրենց նախկին բնակարանները: Վերաբնակված քաղաքացիներն օգտվում են նույն իրավունքներից, ինչ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները:

Մի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Բաբայանը՝ բարձր պաշտոն ստանձնելով Արցախում, իսկ ըստ կուլիսներում շրջող տեղեկությունների՝ իշխանությունը կիսելով Արայիկ Հարությունյանի հետ և իշխանությունն ամբողջությամբ վերցնելու հեռահար նպատակ ունենալով, իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հանձն է առել գործընթացը մանդատային կառավարման տանելու պրոցես:

Երկրորդ, դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք այդ մոտեցումները կիսում է Արցախի նախագահը: Սա առաջին հայացքից զարմանալի հարցադրում է, որովհետև ինչպե՞ս կարող է ԱԽՔ քարտուղարը, ով Արցախի նախագահի ենթական է, առանց նրա փաստաթուղթ մշակել: Սակայն Արցախում ստեղծված իրավիճակում նման հարցադրում օբյեկտիվորեն կարող է առաջ գալ: Դեռ պարզ չէ, թե այս ողջ գործընթացում ինչ դերաբաշխում ունեն Արցախի նախագահն ու ԱԽ քարտուղարը, կամ, ավելի ճիշտ՝ ի՞նչ դեր են նրանց տվել Հայաստանից:

Եվ ոչ պակաս կարևոր մեկ այլ հարցադրում: Արդյո՞ք Սամվել Բաբայանը շարունակում է պնդել, որ Հայաստանի իշխանությունները բանակցություններն իրականում մադրիդյան փաստաթղթի շուրջ են տանում, և նա՝ Արցախում պաշտոնատար անձ լինելով, արդյո՞ք կիսում է այդ մոտեցումը:

Արցախում 2020 թվականին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի գործող նախագահն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ մի քանի անգամ հանդես եկավ ծրագրային ելույթով, որը բովանդակային առումով ապահովում և երաշխավորում էր հարցի կարգավորման ճիշտ ճանապարհը:

Սակայն Հայաստանի իշխանությունների պահվածքը բանակցային գործընթացում, անընդհատ շրջանառվող՝ մեզ համար անընդունելի թեզերը, ինչպես նաև՝ Արցախում ընտրություններից հետո բավականին հակասական դեմքերի՝ բարձր պաշտոններում հայտնվելը գործընթացն անորոշությունների դաշտ են հրել: Ի վերջո, շատ բան կերևա, թե ինչ կետից բանակցությունները կշարունակի Նիկոլ Փաշինյանը Տավուշյան զարգացումներից հետո, ինչ խնդիրներ կիջնեն Արցախի իշխանություններին, և իրականում ինչի՞ շուրջ կընթանան բանակցությունները:

Նույն Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ գեղեցիկ հայտարարությունների միջոցով խոսում է Արցախի հարցի կարգավորման մասին, սակայն միջնորդների հայտարարությունները հակառակի մասին են խոսում՝ նվազագույնը ցույց են տալիս, որ գործընթացն այլ ուղիով է ընթանում:

Նույնը վերաբերում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ով ծրագրային առումով սահմանում է մեր շահերը սպասարկող դրույթներ, սակայն իր ԱԽ քարտուղարը մինչև պաշտոնավարումը և պաշտոնավարման ընթացքում շարունակում է ներկայացնել մի դիրքորոշում, որը հակասում է ՀՀ և Արցախի պաշտոնական շահերին։

Արման Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս