Բաժիններ՝

«Իսաիաս» փոթորիկը թուլացել է մինչև արևադարձային մրրիկ

«Իսաիաս» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում եւ մոլեգնել Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափին, օգոստոսի 4-ին թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկ: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի հրապարակած տվյալները, կենտրոն, որի կենտրոնակայանը գտնվում է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ):

«Իսաիասը» թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկի մակարդակ Հյուսիսային Կարոլինայի արեւելյան մասում: Սաստիկ քամին ու անձրեւները, ինչպես նաեւ տոռնադոյի սպառնալիքն սկսում են տարածվել հարավ – արեւելյան Վիրջինիայի վրա»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ըստ կենտրոնի տեղեկատվության՝ քամու արագությունը մթնոլորտային երեւույթի սահմաններում հասնում է վայրկյանում 30,5 մետրի: Այն գտնվում է Գրինվիլ քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) 55 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք:

Մրրիկը շարժվում է հյուսիս – արւելյան ուղղությամբ վայրկյանում 10,8 մետր արագությամբ: «Իսաիաս» փոթորիկը Հյուսիսային Կարոլինայում մոլեգնել է օգոստոսի 3-ի երեկոյան: Դրա մոտենալու պատճառով փոթորկի նախազգուշացումներ են հայտարարվել Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում, ինչպես նաեւ Նյու Յորքում: Փոթորիկների սեզոնն Ատլանտիկայում սովորաբար շարունակվում է կես տարի՝ հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը:

Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես արեւադարձային մրրիկ եւ ստանում է անուն, եթե քամու արագությունը դրա սահմաններում հասնում է վայրկյանում շուրջ 17,5 մետրի: Քամու՝ վայրկյանում 33 մետր եւ ավելի արագության դեպքում մրրիկը դառնում է փոթորիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս