
Ամենահարուստ երկրները հերթի են կանգնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերության հետազոտությունը:
Այսպես, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել Sanofi-ի եւ GlaxoSmithKline Plc-ի հետ, Ճապոնիան՝ Pfizer-ի հետ: Եվրամիությունը նույնպես «ագրեսիվորեն է տրամադրված» գնման հարցում, նշում է գործակալությունը, սակայն չի ճշտվում, թե ում հետ են եվրոպական երկրները պայմանագիր կնքել: Այսպիսով, չնայած այն բանին, որ նոր տիպի վիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը դեռ չի ապացուցվել, դրանք զգալի թվով արդեն պահեստավորվել են հարուստ երկրների կողմից եւ, ամենայն հավանականությամբ, գործարքների թիվը միայն աճելու է: Վերլուծաբանները նշում են, որ 7,8 մլրդ մարդու համար չափաբաժինը կարող է չբավարարել, եւ աղքատ երկրները կհայտնվեն «հերթի վերջում»:
Նման իրադրություն եղել է 2009 թվականին, երբ հարուստ երկրները մենաշնորհացրել էին խոզագրիպի դեմ պատվաստանյութի մատակարարումները: Անհայտ թոքաբորբի բռնկումն սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Ինչպես պարզվել է, հիվանդության հարուցիչը դարձել է նոր տիպի կորոնավիրուսը, ավելի ուշ հիվանդությունն ստացել է COVID-19 պաշտոնական անվանումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է գլոբալ համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն 18 017 556 դեպք, մահացել է 687 930 մարդ: Ընդամենն առողջացել է 10 642 251 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 665 932) արձանագրվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (2 733 677) եւ Հնդկաստանը (1 750 723), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-0-/56/