Բաժիններ՝

1 մլն ԱՄՆ դոլարանոց ծրագիրն այլ ԲԿ-ից անցավ 100%-ով Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող կենտրոնին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարությանն է ներկայացել որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է 1 մլն ԱՄՆ դոլար արժեքով դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որը վերաբերում է առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկման կատարելագործմանը, վերցնել ծրագրում ընդգրկված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» բժշկական կենտրոնից և տալ «Վ.Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ին։

Նկատենք, որ այս վարկային համաձայնագիրը ստորագրվել է նախորդ իշխանության օրոք՝ 03․04․2018թ․ և ուժի մեջ է մտել 21․09․2018թ․։

Թե ինչու նպատակահարմար չէ, որ ծրագիրն իրականացնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», Առողջապահության նախարարությունը հիմնավորել է նրանով, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը», որը նախկինում ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների» ծրագրում, դուրս է հանվել, և համաձայն Կառավարության 22․08․2019թ․ թիվ 1064-Ա որոշման՝ վերջինի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 100 տոկոսով վերապահվել են Առողջապահության նախարարությանը։

Սրան զուգահեռ՝ 1 մլն դոլարի ծրագիրը 100 տոկոսով իր ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնին հանձնելն Առողջապահության նախարարությունը հիմնավորել է նաև նրանով, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը» (ՈՒԱԿ-ը) Հայաստանում միակ մասնագիտացված կազմակերպությունն է, որտեղ հնարավոր է իրականացնել ուռուցքային հիվանդությունների ամբողջական և բազմակողմանի բուժում/վարում, այդ թվում` հիվանդության ախտորոշում, քիմիաթերապիա, վիրահատական միջամտություն և ճառագայթային բուժում:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ սահմանամերձ 3 մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50% ընդգրկվածություն։

Ներկա պահին, սքրինինգային ծրագրերի իրականացման նպատակով ձեռք է բերվել շարժական մամոգրաֆիայի սարքավորում, որն արդեն Հայաստանում է։

Բնակչությանը ծրագրի վերաբերյալ հնարավորինս տեղեկացնելու նպատակով իրականացվել են հանրային իրազեկման քարոզարշավի մի շարք նախապատրաստական աշխատանքներ, իսկ բժշկական և վարչական անձնակազմի վերապատրաստման նպատակով մշակվել են հետազոտությունների վարման համապատասխան ընթացակարգեր և գործառնական ձեռնարկներ, ներկայում ընթացքի մեջ է կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ իրականացնող անհատ խորհրդատուի ընտրության գործընթացը։

Դրամաշնորհային ծրագրով նախատեսված սքրինինգային հետազոտությունները նախատեսվում է մեկնարկել 2020թ․երկրորդ կիսամյակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս