«1000 հոգու գերեզման եք ուղարկել. դա՞ է հաղթանակը». Տիգրան Քոչարյան
«Մենք գտնվում ենք այնպիսի պետական, քաղաքական ճգնաժամի մեջ, որ ընդդիմության կողմից որևէ բողոք իշխանությունը չի ընդունում, ինչ ուզում՝ անում են, իրենց դեմ խաղ չկա, նաև օգտվում են նրանից, որ մինչև հիմա ընդդիմությունը չի կարողանում միավորվել և հստակ օրակարգով հանդես գալ: Դրա համար ունենալով բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում և տոտալ դիկտատուրա՝ կառավարությունում, անում են այն, ինչ ուզում են: Ով համարվում է Փաշինյանի մերձավորը՝ ինչ ուզում՝ անում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Բոլոր այն ոլորտները, որոնց պատասխանատուն քայլածներն են, ձախողվել են: Որտեղ հներն են՝ այնտեղ հաջողություններ կան, օրինակ՝ պաշտպանական ոլորտը, իսկ որտեղ քայլածներն են, դա լինի կրթություն, առողջապահություն և այլն, ձախողվել են»,- նկատեց նա:
Մեդիափորձագետի խոսքով՝ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ իշխանություններն էին թավշյա, ոչ թե ընդդիմությունը.
«Եթե իշխանությունները թավշյա չլինեին, ոչ մի թավշյա հեղափոխություն չէր լինի: Իսկ այս իշխանության վարքագիծը 2 տարվա ընթացքում ապացուցում է, որ հնարավոր փողոցային ցույցերի, երթերի, բախումների ժամանակ այս իշխանությունն այդքան թավշյա չի գտնվելու և կիրառելու է ամբողջ արսենալը, որն ունի իր ձեռքի տակ: Այսպիսի անարյուն, ոչ բռնի հեղափոխություն, որ արեց Նիկոլ Փաշինյանը, մյուս ուժերին չի հաջողվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը հակված չէ թավշյա մեթոդների: Մենք տեսնում ենք, որ երկու հոգի ցույց է անում՝ 200-300 ոստիկան է հավաքվում: Այսինքն՝ Փաշինյանի վախը, որ ինքն այդպես գահընկեց արեց Սերժ Սարգսյանին, և իրեն էլ այդպես կարող են անել, ստիպում է իրեն երկիրը դարձնել ոստիկանական: Եվ թիվս ԱԱԾ այլ գործառույթների՝ ինքն ԱԱԾ-ն սարքեց հերթական մահակ ժողովրդի գլխին»:
Տիգրան Քոչարյանի տպավորությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից բոլորը վախենում են.
«Ներկա պահին ընդդիմադիր դաշտում չկա նրա նման խարիզմատիկ մարդ, ես չեմ վատաբանում այլ ընդդիմադիր գործիչներին, բայց կան օբյեկտիվ հանգամանքներ: Որոշ դեպքերում, դա, բացի նրանից, որ վախ է առաջացնում իշխանության մոտ, այլև ընդդիմադիր դաշտի նախանձն է շարժում: Հիմա կարող են ասել՝ ինչո՞ւ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին՝ նա բացահայտ հայտ չի տվել ընդդիմադիր դաշտում, այսինքն՝ ՀՀԿ-ն գործում է, բայց Սերժ Սարգսյանը խոստացել է, որ ինչ-որ պահի նոր ինքը կխոսի: Քոչարյանն այն մարդն է, որ այդ հայտը ներկայացրել է»:
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները սկսել են խոսել կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին այն դեպքում, երբ մոտ 1000 մարդ է մահացել. «Անցել է կես տարի, ամեն ինչ ձախողել են, և հիմա սկսում են հաղթանակի մասին խոսել: 1000 հոգու գերեզման եք ուղարկել. դա՞ է հաղթանակը: Նույնիսկ Բելառուսում, որը կարանտին չի մտցրել, ավելի քիչ են մահերը, դուք ի՞նչ հաղթանակի, ի՞նչ կորոնավիրուսի մեջքը ջարդելու մասին եք խոսում: Վատը նա է, որ էլի անպատժելիություն է: Ոչ ոք չի ուզում և պատասխան չի տալիս այդ 1000 հոգու համար՝ ինչո՞ւ մահացան այդ մարդիկ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում