Մեկ անձից հերթական գնումը՝ կառավարության օրակարգի չզեկուցվող հարց
Կառավարությունը 143 միլիոն դրամ կհատկացնի պետական նշանակության 60 կմ ճանապարհի հիմնանորոգման նպատակով։ Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է հուլիսի 23-ի նիստում՝ կառավարության օրակարգում ներառված չզեկուցվող հարցերից մեկով։
Ըստ այդ որոշման՝ Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի և 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի ծրագրի կառուցում և հիմնանորոգում» միջոցառման համաֆինանսավորման հատկացումներից 143,000.0 հազ. դրամը կուղղվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով։
Ի դեպ, Ֆինանսների նախարարությունը մի քանի կետից բաղկացած առարկություններ և առաջարկություններ է արել՝ էական նշանակություն ունեցող նկատառումներից՝ մինչև խմբագրական թերություններ։
Այսպես, Ֆինանսների նախարարությունն առաջարկում է՝ «նկատի ունենալով, որ Նախագիծը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալու և ուժի մեջ մտնելու, ինչպես նաև պայմանագրերի կնքման համար կպահանջվի շուրջ 20 օր, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծով սահմանված՝ հրատապության հիմքով մեկ անձից գնման ձևով աշխատանքների ձեռքբերումը մրցակցային ընթացակարգերի կիրառմամբ ձեռքբերելու հնարավորության հարցը՝ գնման ընթացակարգը կազմակերպելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորումներին համապատասխան՝ փակ նպատակային մրցույթով, որի պարագայում կպահանջվի շուրջ 35 օր»:
Բացի դրանից, ըստ ներկայացված առարկություն-առաջարկների՝
նախագծի փաթեթը չի պարունակում հիմնավորումներ աշխատանքների գնման ընթացակարգը գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների նկատմամբ բացառություններով կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ, այնինչ ըստ Ֆինանսների նախարարության գրառման, եթե դրանք չսահմանվեն, ապա ընթացակարգին մասնակցելու հնարավորություն կունենան մեկից ավելի մասնակիցներ: Միաժամանակ, որպես ավելորդ դրույթ, անհրաժեշտ է հանել նաև ՀՀ կառավարության 06.04.2017թ.-ին N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի նկատմամբ սահմանվող բացառությունը, նկատի ունենալով, որ պետական գաղտնիք պարունակող գնման ընթացակարգերը չեն կազմակերպվում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով:
Մի խոսքով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ընդունել է մի քանի կետից բաղկացած առարկություններն ու առաջարկությունները, կատարել համապատասխան փոփոխությունները, կառավարությունն էլ հաստատել է օրակարգում որպես չզեկուցվող հարց ներառված որոշումը և հնարավորություն տվել մեկ անձից գնում կատարել։