«Մարտունու ԲԿ»-ում կորոնավիրուսով հիվանդ 24 պացիենտ է բուժվում
Գեղարքունիքի մարզում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, չնայած Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը, առողջապահական որոշ հաստատություններ արձանագրել են ձեռքբերումներ՝ համալրվելով ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ մասնագետ կադրերով: Ինչպես կիսամյակային աշխատանքային հաշվետվության ժամանակ տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համավավարակի պայմաններում մեծ ծանրաբեռնվածությամբ են գործել մարզի բոլոր բուժհաստատությունները: Այդուհանդերձ, մարզի առողջապահության ոլորտը եւս արձանագրել է նկատելի ձեռքբերումներ: 2020 թվականի հունվարի 29-ից գործում է «Մարտունու ԲԿ»-ի հեմոդիալիզի բաժանմունքը՝ 5 մահճակալ հզորությամբ, որտեղ ըստ գրաֆիկի բուժում են ստանում ցուցված 25 հիվանդներ: Կապիտալ վերանորոգվել է «Մարտունու ԲԿ»-ի վերակենդանացման 5 մահճակալ հզորությամբ բաժանմունքը: Ավարտվել են «Մարտունու ԲԿ»-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար ստեղծված բաժանմունքի շինարարական աշխատանքները։
Այն արդեն գործում է հուլիսի 20-ից, եւ այժմ այնտեղ բուժում են ստանում 24 պացիենտ, որոնցից 23-ը Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
«Գավառի ԲԿ» ՓԲԸ-ն հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերել նոր հեմոդիալիզի ապարատ եւ ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով կկատարվի բարդ վիրահատություններ: «Գավառի ԲԿ»-ն ձեռք է բերել նաև վերջին սերնդի հեմոտոլագիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնելու նաև COVID-19 – ով հիվանդների արյան ընդհանուր քննությունը։ Մեկնարկել են «Մարտունու հիվանդանոց ԲԿ»-ի միջազգային չափանիշներին համապատասխան նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված են ավատին հասցնել մինչև 2022թվականը ։ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն հագեցվել է 23 նոր բազմաֆուկցիոնալ մահճակալներով: Նախատեսված է ձեռք բերել էնդոսկոպիկ հետազոտության սարքավորում եւ ժամանակակից սոնոգրաֆիայի ապարատ իր տվիչներով: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Վարդենիկի ԱԿ-ում եւ Կարմիրգյուղի ԲԱ-ում: Երիտասարդ բժիշկ-մասնագետներով են համալրվել Ճամբարակի ԱԿ-ն եւ Վարդենիսի ԲԿ-ն: «Ինչպես տեսնում եք, արտակարգ դրաույան պայմաններում անգամ, երբ մարզի բուժանձնակազմը գործել է գերբեռնված, հասցրել ենք առաջընթաց գրանցել: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն պետական կառույցներին, միջազգային ու հասարակական կազմակերպություններին, բուժաշխատողներին, պետական ու հանրային ծառայողներին, որոնց ջանքերի շնորհիվ մենք կարողացանք կանխել համավարակի տարածման աշխարհագրությունը, եւ արդեն շուրջ քսան օր է, ինչ կարողանում ենք վարակվածների թիվը պահել կայուն ու վերասհսկելի սահմաններում: Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերած օգնությունը եւս արժանի է դրվատանքի, այլապես համավարակի դեմ պայքարը շատ ավելի դժվարին բնույթ կկրեր: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ստեղծված իրավիճակը»,-նշեց Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան