Հարկատուները՝ համավարակի պահին

Հրապարակվեց այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Համավարակի ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս օրերին հաշվետվությունների նկատմամբ առանձնակի հետաքրքրություն կա: 2019թ. առաջին կիսամյակում մեր 1000 խոշոր հարկատուների պետբյուջե մուծած հարկերի ընդհանուր գումարը կազմել էր 511 մլրդ 33 մլն 906.000 դրամ:

Այս տարվա ցուցանիշն ավելի «համեստ» է՝ 492 մլրդ 668 մլն 865.000 դրամ (18.365 մլրդ դրամ պակաս նախորդ տարվանից): Հասկանալի է, որ խոշոր հարկատուների ցանկն էական փոփոխությունների չի ենթարկվել: Պարզապես բոլորն այս կամ այն չափով պակաս գումար են մուծել:

Հետևաբար՝ կատարված փոփոխություններն այդքան ակնհայտ չեն: Հասկանալի է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններն» այս կիսամյակին՝ նախորդ տարվա համեմատ, պիտի որ հարկեր քիչ մուծեր (մոտ 2 անգամ), բայց ոչ մի պատճառ չկա, որ էներգաարտադրող, տեղափոխող կազմակերպությունները, սուպերմարկետները, կամ, ասենք՝ բուհերը պակաս հարկեր մուծեին: Նրանց համար տնտեսական իրավիճակ չի փոխվել (մի մեղադրեք՝ մարկետ ու բուհ բառերն իրար հետևից նույն նախադասության մեջ գրելու համար: Ինձ էլ է տարօրինակ տեսնել, որ խոշոր հարկատուների ցանկում Երևանի պոետական համալսարանն ավելի մեծ հարկատու է, քան, ասենք, «Երևանի գարեջուր» հանրահայտ գործարանը, կամ, ասենք, նույնքան հանրահայտ «Վիվառո Գրուպը»):

Անգամ համավարակի առկայության պարագային:

Այլ կերպ ասած՝ շատ խոշորների համար իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Անցած տարի 1 մլրդ դրամից ավելի հարկային մուտք ապահովել էր 94 կազմակերպություն: Այս տարի՝ 91: Այսինքն՝ խոշոր կազմակերպություն-տնտեսվարողներն առաջին կիսամյակի ցուցանիշներով էական չեն տուժել: Հասկանալի է՝ հարկային մուծումների տեսանկյունից: Որովհետև հարկերը մուծել են նախկին՝ նախահամավարակային շրջանի գործունեության «համաձայն»: Հետևաբար՝ համավարակային ծանր թվերն ավելի նկատելի կլինեն երրորդ եռամսյակում:

Հիմա փորձենք դիտարկել, թե որ տնտեսվարողների համար է այն ավելի ծանր լինելու: 500 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ հարկային մուտքեր այս տարի ապահովել է ճիշտ նույնքան կազմակերպություն՝ 80, որքան անցած տարի:

Ավելի ցածր մուծումներ կատարած կազմակերպությունների համեմատություններն այս աստիճան նույնական չեն: 2019-ին 100-200 մլն դրամ հարկեր մուծել էր 408 կազմակերպություն: Իսկ այս տարի նրանց թիվը 380 է:

Անցած տարի 100 մլն դրամ հարկեր մուծած 176 տնտեսվարող էր հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում: Այս տարի այդպիսիք 211-ն են: Կարելի է արձանագրել մեկ փաստ ևս: Պակաս հարկային մուտքեր ապահովողների միայն քանակը չէ, որ ավելացել է: Անցած տարվա ցանկը եզրափակող կազմակերպությունը մուծել էր 80 մլն 266.000 դրամ:

Այսինքն՝ ցանկ մտել էին այդ գումարից ավելի հարկային մուտքեր կատարածները: Այս տարի այդ «շեմը» ևս նվազել է: Վերջին՝ 1000-րդ տեղում գտնվող խոշոր հարկատուն մուծել է 74 մլն 386.000 դրամ: Ընդ որում, հենց այս ընկերությունը նախորդ տարվա ցուցակի համեմատ՝ նահանջել է 78 տեղով: Կարելի է եզրակացնել, որ համավարակով պայմանավորված գործընթացներն առաջին հերթին նկատելի բացասական ազդեցություն են թողել խոշոր հարկատուների ցանկի ամենափոքր տնտեսվարողների վրա: Կարելի է եզրակացնել ու շարունակել, որ այս ցանկ չմտած, իսկապես մանր ու միջին տնտեսվարողների համար վիճակն ավելի բարդ է:

«Մինչև հաստը բարակի՝ բարակը կկտրվի» ժողովրդական ասացվածքի հանգույն:

Տեսանյութեր

Լրահոս