«Ո՞վ է վարչապետի կինը, որ զինվորական համազգեստ հագնի, այն էլ՝ այդ հագուստը կրելու խախտումներով». Հրանտ Սարկիսով
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի մարզում սկսված մարտական գործողությունների օրերին խաղաղասիրական կոչով հանդես եկավ, և, եթե որպես վարչապետի կին, որպես զինվորի մայր՝ դա կարող է հասկանալ, մտածել, որ դա անում է՝ որպես դիվանագիտական քայլ, ապա ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ այն, որ նա զինվորական համազգեստով ներկայանում է սպային, որը նրան պատվի է արժանացնում ու զեկուցում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը։
«Ո՞վ է վարչապետի կինը, որ նրան սպան զեկուցի, կամ ո՞վ է վարչապետի կինը, որ Զինված ուժերի համազգեստ հագնի, որը հագնելու պարտականություն ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու Զինված ուժերի անդամները։ Ես պահանջում են ծառայողական քննություն, որպեսզի հասկանանք՝ ինչ է զեկուցել այս սպան տիկին Հակոբյանին։ Աննորմալ է նաև Աննա Հակոբյանի՝ համազգեստի կրումը, այն էլ՝ համազգեստի կրման խախտումով՝ չկար շալվարը, գլխարկը և այլն»,- ասաց Սարկիսովը։
Անդրադառնալով իր բարձրաձայնած խնդրին ի պատասխան Աննա Հակոբյանի հրապարկմանն ու կից գրառմանը, որտեղ Հակոբյանը նշել էր, որ 2019թ. հուլիսին Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելության ռազմաբազայում իրեն դիմավորել է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար գեներալը և պատվի արժանացրել՝ Հրանտ Սարկիսովն ասաց.
«Վարչապետի կին լինելուց նրա կարգավիճակը չի փոխվում։ Մենք ԱՄՆ-ը չենք, որտեղ նախագահի կինը համարվում է նաև առաջին տիկին և նախագահի օգնականը՝ ի պաշտոնե»,- ասաց Սարկիսովը՝ ցավով նշելով, որ մեր հասարակությունը դեգրադացվել է այն աստիճան, որ, եթե 2016 թվականին ապրիլյան պատերազմի մասնակցի նկատմամբ ուներ ամենաջերմ վերաբերմունքը, ապա հիմա նրան կարող է թաղել և անիծել միայն այն բանի համար, որ հանդգնում է բարձրաձայնել նկատած խնդիրներն ու սխալները։
Դիտարկմանը, թե վարչապետ Փաշինյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ շեշտեց, որ հուլիսյան մարտական գործողությունները ցույց տվեցին, որ մեր հասարակությունը համախմբված է և միակամ, մինչդեռ ինքը խոսում է դեգրադացված հասարակության մասին, Հրանտ Սարկիսովն ասաց.
«Հակախմբվածությունն ինչի՞ շուրջ ցույց տվեցին՝ բանակի՞, թե՞ քաղաքական ինստիտուտի. սրանք տարբեր բաներ են։ Բանակը չի՛ կարելի դիտարկել քաղաքական կոնյունկտուրայի շրջանակում, բանակը մոնոլիտ կառույց է։ Բանակը երկու տարվա ընթացքում չէ, որ դարձել է այսպիսին, այո, երեկվա բանակը նման չէ այսօրվանին, բայց դա բնականոն գործընթաց է։ Եթե մինչև հիմա կայացած 30 տարվա բանակը չլիներ, որևէ մեկին հետաքրքիր չէր լինելու՝ ջուրը փոխվեց հյութո՞վ, թե՞ ոչ։ Ասել, որ ունեցածն այսօրվա իշխանության ձեռքբերումն է, ես չեմ ընդունում, թեև բոլոր իշխանություններն էլ ցանկանում են հաղթանակները կապել իրենց հետ, բայց թե ով կմտնի ինչ վերմակի տակ, դա արդեն մի քանի տարի անց ցույց կտա պատմությունը. հարցի պատասխաները կկարդանք պատմության դասագրքերում»,- ասաց Սարկիսովը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում