«Նման պաշտոնյան իրավունք չունի այդպիսի միտք արտահայտել. ներդրողի համար դա վատագույն ազդակներից է». Ստեփան Ավագյան
Բիզնես խորհրդատու Ստեփան Ավագյանը չի հասկանում՝ ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ պետք է նոր որակի, նոր կարգի տնտեսություն ունենալ:
«Բավականին հնչեղ բառեր են, բայց կամ կա աճող, զարգացող տնտեսություն, կամ չկա նման տնտեսություն: Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա կառավարության կողմից թիրախավորվել են գյուղատնտեսության, շինարարության ոլորտները, բարձր տեխնոլոգիաները, արտահանմանը միտված տնտեսությունը: Այս բոլոր մտքերը ճիշտ են, բայց գործողությունները չեն համապատասխանում հնչեցված մտքերին: Նման մտքեր, արդեն 2 տարի է՝ լսում ենք: Հեղափոխությունից կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ սկսվում է տնտեսական հեղափոխությունը, որն իրականում տեղի չունեցավ, ինչպեսև՝ մյուս ոլորտներում հեղափոխությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գյուղատնտեսության ոլորտի թիրախավորումը, նրա խոսքով՝ չէր կարող հաջողվել, որովհետև չկա գյուղատնտեսության նախարարություն. «Թիրախավորում հնարավոր է անել, եթե ունենք գործիքակազմ. Որպես այդպիսին՝ Հայաստանում հնարավոր չէ թիրախավորել, քանի որ մենք չունենք տվյալների բազա: Գյուղատնտեսության վրա շեշտադրում արվեց նաև ծրագրերով, թիրախավորված մոտեցում ցուցաբերվեց այն դեպքում, երբ հնարավոր չէր իրականացնել թիրախավորում. անմիտ ծրագրեր էին»:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից թիրախավորված մյուս ոլորտին՝ շինարարությանը, նա ասաց, որ միանշանակ շինարարությունը նման իրավիճակներում կարող է դառնալ տնտեսական զարգացման լոկոմոտիվը. «Հիմա շինարարությունը թիրախավորված է, բայց փաստացի ոլորտը գնում է նույն հունով, ինչպես որ գնում էր: Երբ դու ոլորտ ես թիրախավորում, որով ուզում ես ստեղծված բարդ իրավիճակում զարգացնել տնտեսությունդ, պետք է ոլորտի պատասխանատու մարմինները դառնան շատ օպերատիվ, մոբիլիզացվեն և խթանեն ոլորտի զարգացումը, որը միանշանակ տեղի չունեցավ: Ինչո՞ւ: Բազմաթիվ են պատճառները: Մի փոքր պատճառ նշենք՝ Երևանի քաղաքապետն այդ թիրախավորումից հետո հայտնում է միտք, որ գիտեք՝ անշարժ գույքի գների անկում է սպասվում, վաճառեք այն գույքը, ինչ ուզում եք վաճառել, քանի կարող եք: Ժողովուրդ, ես միանշանակ եմ ասում, որ նման պաշտոնյան իրավունք չունի այդպիսի միտք արտահայտել: Նախ՝ չկա ուսումնասիրություն, իրական գնահատականներ՝ այդպես լինելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե նույնիսկ նշմարվում է նման իրավիճակ, ապա այդպիսի պաշտոնյան չպետք է նման միտք արտահայտի, որովհետև ներդրողի համար դա վատագույն ազդակներից է: Դրանից տուժում են նաև ընթացիկ շինարարությունները և կառուցապատողները նույնպես տուժում են, որովհետև վաճառքի խնդիրներ են առաջանում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում