«Հրադադարի վերականգման գործում արդյունավետ էր հատկապես Ռուսաստանի ներգրավումը». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության հերթական նիստում անդրադառնալով հուլիսի 12-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ և մարտական գործողություններին՝ ասաց, որ դրանից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտող և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։
«Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրները։ Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավումը, որն արտահայտվեց՝ ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբների մակարդակով։
Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունն իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս պահվածքն անակնկալ չէր, սակայն նրա ագրեսիվության աճն առաջ է բերում մեր քաղաքականության, որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։