«Կոմպետենտության ճգնաժամ». Արմեն Աշոտյանի պատասխանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական սադրանքից և ՀՀ ԶՈւ-երի ջախջախիչ հակահարվածներից հետո երկու երկրների իշխանությունները անցան ակտիվ քարոզչական աշխատանքի։ Եթե Ադրբեջանի իշխանությունների քարոզչության հիմնական թիրախը միջազգային հանրությունն է, ապա, ցավոք, նույնը դժվար է պնդել ՀՀ իշխանությունների վարքագծի մասին։ Պատահական չէ, որ մինչ այժմ բացակայում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի տարբերակված և ուղիղ գնահատականները ադրբեջանական հերթական արկածախնդրության վերաբերյալ։
Արդյոք ճի՞շտ ուղղությամբ է ընթանում հայկական պաշտոնական քարոզչությունը
Քարոզչական պայքարի հենց սկզբից ՀՀ իշխանությունները որդեգրեցին մի շատ պարզունակ մոտեցում՝ փորձելով Ադրբեջանի գործողությունների տրամաբանության հիմքում ներկայացնել հիմնականում այդ երկրի ներքաղաքական իրողությունները և Բաքվի գործողությունները բացատրել զուտ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների լույսի ներքո։ Ընդհանուր բնորոշմամբ այս մոտեցման առանցքում հետևյալ թեզն էր, որ «Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները փորձում են երկրում առկա սոցիալ-տնտեսական, ներքաղաքական խնդիրները լուծել ժողովրդավարական Հայաստանի վրա հարձակման միջոցով»։
Քարոզչական այս գծի ընտրությունը միանգամայն «տրամաբանական» էր, եթե հաշվի առնենք նաև ՀՀ իշխանությունների ներքաղաքական վարքագիծն ու նպատակները։ Նախ՝ այն թույլ է տալիս նորից խոսել Հայաստանում տեղի ունեցած «ժողովրդավարական հեղափոխության» 2 տարի ծամծմված «արժեքների» մասին՝ փորձելով բացառապես ԶՈՒ-ի պրոֆեսիոնալիզմի հաշվին ունեցած հաջողությունը վերագրել «հեղափոխությանը» և դրա արդյունքում ձևավորված իշխանություններին։ Միաժամանակ հնարավորություն է տալիս էլ ավելի խորացնել հասարակական բևեռացումը, ընդգծել «նախկինի և նորի տարբերությունը», նորից շրջանառության մեջ դնել Ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ միֆերը, որոնք վերջին շրջանում իրենց իսկ կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից փոշիացվել էին։ Բացի այդ, իշխանությունները այս թեզի շրջանառությամբ փորձում են հերթական անգամ միջազգային շրջանակների ուշադրությունը սևեռել ոչ այնքան Ադրբեջանի ընդհանուր ապակառուցողական վարքագծի, որքան Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխության» և դրա «արժեքներին» սպառնացող վտանգների վրա՝ զուգահեռաբար տարբեր քարոզչական գործիքների միջոցով խրախուսելով հակառուսական տրամադրությունների տարածումը։
Իհարկե, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների հանգամանքն իրոք կարող էր լինել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դրդապատճառներից մեկը, սակայն միանշանակորեն՝ ոչ հիմնականը։ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները ոչ մի քանի ամսվա, և ոչ էլ նույնիսկ մի քանի տարվա պատմություն ունեն, դրանք միշտ կիրառվել են, այդ թվում՝ անկախ ներքաղաքական իրավիճակից, նավթի գներից և այլ գործոններից։ Այդ գործողությունները նախ և առաջ պայմանավորված են Ադրբեջան պետության հայատյաց բնույթով և Հայաստանի ու Արցախի նկատմամբ տարածքային նկրտումներով։
Եթե Հայաստանի ներքին լսարանի համար այս թեզի շահարկումը կարող է որոշակիորեն արդյունավետ լինել և իշխանությունների համար ներքաղաքական որոշ միավորներ ապահովել, ապա միջազգային հարթակներում պետական քարոզչության տեսանկյունից այն չափազանց վտանգավոր ու անհեռանկարային է։ Նախ միջազգային հանրությունը և տարբեր երկրների իշխանությունները սովորաբար տարածաշրջանային տարբեր խնդիրներն ու հակամարտությունները դիտարկում են ավելի լայն համատեքստում, և դժվար թե սահմանային լարվածությունը պայմանավորեն զուտ Ադրբեջանի ներքաղաքական իրողություններով։ Փորձը ցույց է տալիս, որ հատկապես վերջին տարիներին պետությունները հազվադեպ են իրենց գործողություններն ու այս կամ այն պետության նկատմամբ քաղաքականությունը պայմանավորում այդ երկրներում ժողովրդավարության մակարդակով։
Միաժամանակ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքը, մեղմ ասած, նույնը չէ, ինչ 2 տարի առաջ ձևավորված ակնկալիքների համատեքստում էր՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանի զարգացումները՝ առաջին հերթին ՍԴ շուրջ, որոնք արժանացան տարբեր միջազգային կառույցների կոշտ գնահատականներին։ Հետևաբար՝ քարոզչական այս մարտավարությունը կոնկրետ Ադրբեջանի հետ հակամարտության տեսանկյունից միջազգային ասպարեզում Հայաստանի համար որևէ լուրջ դրական հետևանքներ չի կարող ապահովել։
Մյուս կողմից, նման մոտեցումը որոշակիորեն ջուր է լցնում նաև Ադրբեջանի իշխանությունների ջրաղացին, քանի որ վերջիններս նույնպես ակտիվորեն շահարկում են ներքաղաքական գործոնը՝ փորձելով հայկական կողմի դեմ իրենց հետագա գործողությունները պայմանավորել նաև ներքաղաքական ճնշմամբ և հանրային պահանջով։ Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական քարոզչության մեջ, այդ թվում՝ Ալիևի վերջին հարցազրույցների ու հայտարարությունների շրջանակներում, արդեն իսկ ակտիվորեն շահարկում են Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական զարգացումները։ Հայկական կողմի քարոզչական այս թեզի միջազգայնացումը վերջիններիս թույլ է տալու միջազգային կառույցներում ակտիվորեն օգտագործել Հայաստանում իշխանության կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ դրանց վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները, և հակադարձել մեր պաշտոնական քարոզչությանը։
ԱԽ քարտուղարի պարզունակ հոդվածը և կարևոր պետական ինստիտուտի դեմոնիզացիան
Քարոզչական այս մարտավարության կիրառումը տարբեր իշխանամերձ վերլուծաբանների, ԶԼՄ-ների և պատգամավորների կողմից դեռևս ինչ-որ տեղ կարելի է հասկանալ և դրանք գնահատել՝ զուտ որպես ներքաղաքական նպատակներ հետապնդող գործողություններ։ Երբ այս թեզը շրջանառվում է նախկինում պաշտոն զբաղեցրած, արևմտյան տարբեր հիմնադրամների հետ համագործակցությամբ հայտնի անձանց, որոշ պատգամավորների կողմից, դա գուցե հնարավոր է նաև անտեսել։
Ավելի մտահոգիչ են այն դեպքերը, երբ իրադարձություններն այս պարզունակ քարոզչական լույսի ներքո են մեկնաբանում գործադիր իշխանության կարկառուն ներկայացուցիչները, այն էլ՝ այնպիսի կարևոր պաշտոն զբաղեցնող անձը, ինչպիսին Անվտանգության խորհրդի քարտուղարն է։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Անվտանգության խորհրդին և դրա քարտուղարին ամենևին էլ վերապահված չէ իշխանական քարոզչության հիմնական գործիքի դերակատարությունը, վերջինս ստեղծված իրավիճակում պետք է զբաղված լիներ Ադրբեջանի (և ոչ միայն) գործողությունների, տեղի ունեցող իրադարձությունների և հնարավոր զարգացումների խորքային վերլուծությամբ, տարբեր սցենարների, ինչպես նաև՝ ռազմավարությունների (այդ թվում՝ քարոզչական) մշակմամբ։ Սակայն, երբ այսպիսի կարևոր պաշտոն զբաղեցնող անձը փորձում է միանշանակ գնահատականներ տալ դեռևս նույնիսկ ամբողջությամբ չավարտված ռազմական գործողություններին, ավելին, ամփոփում է դրանց պատճառներն ու արդյունքները՝ հիմնվելով նման պարզունակ մոտեցման վրա, սա խոսում է առաջին հերթին՝ վերջինիս մոտ կոմպետենտության բացակայության մասին, ինչպես նաև կասկածի տակ է դնում մի ամբողջ պետական ինստիտուտի՝ Անվտանգության խորհրդի պրոֆեսիոնալիզմը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 21-ին հրապարակել է մի հոդված, որտեղ փորձել է գնահատել Տավուշում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների դրդապատճառները, ինչպես նաև գնահատականներ ներկայացնել այդ գործողությունների, նախկինում տեղի ունեցած նմանատիպ իրադարձությունների վերաբերյալ։ Նա Ադրբեջանի հարձակումը համեմատել է 2016թ․-ի ռազմական գործողությունների հետ՝ նշելով, թե այս անգամ ռազմական գործողություններն «այլ ընթացք են ունեցել Հայաստանի անվտանգային համակարգում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունների շնորհիվ»։ Ողջ հոդվածի առանցքում ԱԽ քարտուղարը դրել է նավթի համաշխարհային գների տատանման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման փոխկապակցվածության գաղափարը՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական սադրանքի հիմնական նախադրյալ։ Միաժամանակ փորձ է արել ռազմաճակատում ՀՀ ԶՈՒ-երի գրանցած հաջողությունները վերագրել գործող իշխանություններին և դրանք կապել «հետհեղափոխական բարեփոխումների» հետ։
ԱԽ քարտուղարը, ինչպես իշխանական ողջ քարոզչամեքենան, գնում է նույն պարզունակ ճանապարհով՝ Ադրբեջանի գործողությունների հիմքում դնելով նավթի գների անկման, դրա հետևանքով Ադրբեջանում սոցիալ-տնտեսական, ներքաղաքական խնդիրների առաջացման գաղափարը։ Այս մարտավարության խոցելի կողմերի մասին արդեն նշեցինք, սակայն առավել տարօրինակ է, որ այն կիրառվում է ԱԽ քարտուղարի կողմից։ Դրա պարզունակությունն ընդգծելու համար բավական է հնչեցնել մի հասարակ հարց․ եթե Ադրբեջանի ագրեսիան պայմանավորված է նավթի գների անկմամբ, ապա ի՞նչ է անում այդ երկիրը նավթի բարձր գների առկայության դեպքում։ Պատասխանը շատ հստակ է, Ադրբեջանի իշխանությունները նավթի բարձր գներն ու դրանից ստացած եկամուտներն օգտագործում են սպառազինությունների ձեռքբերման, զինվելու և պատերազմին նախապատրաստվելու նպատակով։ Այսինքն, Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը պետք է փնտրել ոչ թե տարբեր մասնավոր գործոնների մեջ, այլ վերջինիս ընդհանուր ռազմաքաղաքական ծրագրերի ու նպատակների շրջանակներում։
Ավելին, Ադրբեջանի գործողությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝թուրք-ադրբեջանական տանդեմի շրջանակներում և ավելի խորը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո։ Անվտանգության խորհրդի քարտուղարն առավել ևս պետք է ուշադրություն դարձներ այս հանգամանքին՝ այդ թվում՝ հաշվի առնելով Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականությունը․ տարբեր մակարդակներում Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունն ու դրա վերաբերյալ հայտարարությունները, Հայաստանի նկատմամբ ակնհայտ ռազմական սպառնալիքները այդ երկրի նախագահի և ԶՈՒ ղեկավարության կողմից։
Վերջին տարիներին Թուրքիան ակնհայտ սպառնալիք է դարձել տարածաշրջանի պետությունների համար։ Վերջինս ռազմակալել է հարևան Իրաքի, Սիրիայի, Կիպրոսի տարածքների մի մասը, անթաքույց իր հավակնություններն է ներկայացնում Լիբիայում, Միջերկրական ծովում, մարտահրավեր է նետել Հունաստանին, ՌԴ-ին, Իրանին և նույնիսկ ՆԱՏՕ-ի սեփական դաշնակիցներին, ուժեղացրել է երկրում ազգայնական տրամադրությունները՝ ոտնձգություններ կազմակերպելով քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Հարավկովկասյան տարածաշրջանը նույնպես շարունակում է մնալ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության թիրախում, և վերջինս անմիջականորեն աջակցում է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ռազմական գործողություններին։
Ակնհայտ է նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը միջազգային հարթակներում, ընդհուպ մինչև սփյուռքի մակարդակով՝ տարբեր երկրներում հակահայկական ցույցերի ժամանակ։ Չպետք է նաև մոռանալ, որ Ադրբեջանը նախագահում է Չմիացման շարժման կազմակերպությունում, իսկ Թուրքիան՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, ինչը վերջիններիս համար սեփական տեսակետը միջազգային հանրությանը հրամցնելու ավելի մեծ հնարավորություններ է բացել։ ԱԽ քարտուղարն իր հոդվածում անտեսում է այս կարևոր հանգամանքները՝ ողջ գործընթացը դիտարկելով նավթային գործոնի նեղ դիտանկյունից։
Հոդվածում Գրիգորյանն անընդհատ հորիզոնականներ է անցկացնում 2016թ․-ի և ներկայիս ռազմական գործողությունների միջև, դրանք հակադրում է՝ փորձելով 2016թ․-ի ռազմական գործողությունները ներկայացնել Հայաստանի համար ավելի բացասական լույսի ներքո։ Այսինքն՝ պահպանում է Ապրիլյան պատերազմի ձեռքբերումները նսեմացնելու իշխանական քարոզչության գիծը։ Նախ 2016թ․-ի գործողություններն իրենց մասշտաբով, ռազմաճակատի ողջ երկայնքի ընդգրկումով, կիրառված ռազմատեխնիկայով, կողմերի կորուստներով և մի շարք այլ գործոններով անհամեմատելի էին վերջին գործողությունների հետ։ Անհամեմատելի են նաև սեփական ԶՈՒ-երի առջև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից դրված խնդիրները 2016 և 2020 թվականների գործողություններից առաջ։ Թերևս, միակ համեմատելի հանգամանքը Բաքվին Թուրքիայի անվերապահ աջակցությունն է և ռազմական գործողություններում վերջինիս շահագրգռվածությունը, թեև 2016թ․-ին այն ավելի զուսպ բնույթ էր կրում։
2016թ․-ին Ադրբեջանի զինված ուժերը լիովին ձախողել են իրենց առջև դրված առաջադրանքը, որի հետևանքով հայտնվել էին դիվանագիտական փակուղում և ստիպված էին գնալ Վիեննայի ու Ս․ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններին։ Այժմ Ադրբեջանի նպատակադրումները դեռ անորոշ են և ենթակա են ավելի խորը վերլուծության, ինչպես նաև դեռ հայտնի չէ, թե ռազմաճակատում Ադրբեջանը ինչ նոր քայլեր է նախապատրաստում։ Բացի այդ, Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ նման սադրանքներ, գրեթե նույն մասշտաբներով, նախաձեռնել է նաև նախկինում՝ 2012թ. հունիս, 2014-2015թթ., սակայն միշտ հայկական կողմից արժանի հակահարված է ստացել։ Այլ հարց է, որ տեղեկատվական մակարդակում արձագանքն է մի փոքր այլ եղել։
Ինչպես նշվեց, քանի դեռ ռազմական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, բավականին վաղ է դրանց արդյունքների վերաբերյալ հիմնավոր գնահատականներ տալու համար։ Առավել ևս անիմաստ են ռազմական հաջողությունները պետական կառավարման համակարգի այս կամ այն գործոնի հետ կապելու փորձերը, մինչդեռ ԱԽ քարտուղարը արդեն իսկ դրանք կապում է «հեղափոխության» հետևանքով Հայաստանի կառավարման համակարգի «կարողությունների բարեփոխման» հետ։ Ըստ նրա, հեղափոխությունից հետո շեշտակիորեն բարձրացել են Ադրբեջանը խորությամբ հետազոտելու և վերջինիս գործողությունները կանխատեսելու հնարավորությունները։
Նա նաև ռազմական հաջողությունները կապում է վերջին երկու տարիներին ժամանակակից սպառազինությունների «աննախադեպ ծավալի ձեռքբերման», «իշխանության նկատմամբ հանրային վստահության», «կառավարման համակարգի կուռ աշխատանքի» հետ։ Այս տեսակետները հիմնավորելու համար Գրիգորյանը մեջբերում է նաև Ադրբեջանի ՊՆ այն հայտարարությունը, որտեղ վերջինս բողոքել էր սահմանի երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքերից, որոնք դժվարացնում են հանկարծակի հարձակման հնարավորությունը։
Նախ նշենք, որ Ադրբեջանը խորությամբ հետազոտելու և վերջիններիս գործողությունները կանխատեսելու հնարավորություն ՀՀ ԶՈւ-ն միշտ էլ ունեցել է, և տարիների ընթացքում դրանք էլ ավելի են կատարելագործել, և նաև դա է պատճառը, որ Ադրբեջանը 30 տարի շարունակ ռազմաճակատում որևէ հաջողություն չի կարողացել գրանցել։ Իհարկե, եղել են թերություններ, որոնք պարբերաբար շտկվել են՝ ինչպես 2016թ․-ի ռազմական գործողություններից հետո, այնպես էլ՝ դրանից առաջ տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում։ Որքան էլ խոսվի ներկայիս ռազմական գործողությունների փայլուն արդյունքների մասին, մենք, դժբախտաբար, ունեցել ենք զոհեր և վիրավորներ, ինչը նշանակում է, որ այս գործողությունները նույնպես դեռ վերլուծության են ենթարկվելու, և ԶՈՒ-ն փորձելու է էլ ավելի կատարելագործել իր պաշտպանական կարողությունները։
Ինչ վերաբերում է սահմանին տեսադիտարկման սարքերի տեղադրմանը, որը այդքան ցավոտ են ընդունում Ադրբեջանում, ապա այդ գործընթացը սկսվել է դեռևս 2016թ․-ի ռազմական գործողություններից առաջ, իսկ դրանից հետո սկսվել է ավելի մեծ թափով իրականացվել։ Այստեղ նոր իշխանությունների «վաստակը» միայն կայանում է նրանում, որ պահպանել են սահմանագծի ամրապնդմանը միտված այդ գործողությունների շարունակությունը՝ ընդ որում, արդեն իսկ մշակված և իրականացվող ծրագրերի հիման վրա։
Խոսելով աննախադեպ ծավալի սպառազինության ձեռքբերման մասին, գործող իշխանությունները մոռացության են մատնում այն փաստը, որ դրա մեծ մասը տեղի է ունենում նախկին իշխանությունների օրոք ստորագրված համաձայնագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում՝ ՌԴ-ի հետ ստորագրված 300 մլն դոլարի վարկային համաձայնագրերի շնորհիվ։ Առհասարակ, ՀՀ ԶՈՒ-ի սպառազինումը տեղի է ունենում՝ համաձայն նախապես մշակված պլանի, այն միշտ էլ իրականացվել է՝ համաձայն ԶՈՒ-ի կարիքների և հնարավորությունների։ Իրականում աննախադեպ քանակի սպառազինություն ձեռք է բերվել ոչ թե վերջին 2 տարիների, այլ վերջին 5 տարիների ընթացքում՝ 2016թ․-ի ռազմական գործողություններից հետո, թեև դրանից առաջ էլ ունեցել ենք բազմաթիվ կարևոր ձեռքբերումներ։
Գրիգորյանը փորձում է նաև ԶՈՒ-ի հաջողությունները կապել «հեղափոխության» հետևանքով Հայաստանի կառավարման համակարգի «կարողությունների բարեփոխման», «իշխանության նկատմամբ հանրային վստահության», «կառավարման համակարգի կուռ աշխատանքի» հետ։ Այս պնդումն առհասարակ քննադատությանը չի դիմանում, քանի որ ԶՈՒ-ի կառավարման համակարգում իշխանափոխությունից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, առանցքային պաշտոններում շարունակում են մնալ նախորդ տասնամյակնեի ընթացքում ձևավորված սպաներն ու գեներալները, իսկ գործադիր իշխանությունը և պետական կառավարման համակարգը որևէ կապ չի կարող ունենալ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետ։ Առավել ևս, որևէ ազդեցություն չէր կարող ունենալ իշխանության նկատմամբ կասկածելի «հանրային վստահության» հանգամանքը, քանի որ ԶՈՒ-ն միշտ էլ վայելել է հանրության ճնշող մեծամասնության վստահությունը՝ անկախ երկրում առկա քաղաքական դասավորությունից։
Ավելի զավեշտալի են ռազմական հաջողությունները կառավարման «համակարգի կուռ աշխատանքի հետ» կապելու փորձերը, քանի որ հենց վարչապետը կառավարության հայտնի նիստի ժամանակ խիստ կասկածի տակ դրեց այդ հանգամանքը՝ ի ցույց դնելով ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին իր խեղաթյուրված պատկերացումները։ Ավելի ճիշտ կլիներ ընդգծել ԶՈՒ համակարգի կուռ աշխատանքը, որը իրականացվում է ի հեճուկս քաղաքական իշխանության ոչ կոմպետենտ պահվածքի։
Առհասարակ, որքանո՞վ է տեղին խոսել կառավարման համակարգի կարողությունների հետհեղափոխական բարեփոխման և կուռ աշխատանքի մասին, երբ գրեթե բոլոր ոլորտներում ակնհայտ են կառավարման ճգնաժամերը։ Իշխանությունների կողմից կառավարման ցածր մակարդակն առավել ցայտուն ձևով դրսևորվեց կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային պայքարի ձախողմամբ, որը Հայաստանը դարձրեց այս ուղղությամբ ոչ միայն՝ տարածաշրջանում, այլև՝ աշխարհում վատթարագույն արդյունքը գրանցած երկրներից մեկը․ մեկ շնչին ընկնող վարակվածների և մահերի քանակով Հայաստանն աշխարհի վատագույն երկրների շարքում է։ Նույն դիտարկումը կարելի է անել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և այս ուղղությամբ իրականացված քաղաքականության մասով։ Առհասարակ, թերի կառավարումը նկատելի է գրեթե բոլոր ոլորտներում, ինչը փոքր խնդիրները վերածում է մեծ մարտահրավերների։
Առաջ անցնելով, ԱԽ քարտուղարն իր հոդվածում ազդարարում է նաև Ադրբեջանի «դիվանագիտական պարտության» մասին, նշելով, թե միջազգային հանրությունը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը։ Սա՝ այն պարագայում, երբ ի տարբերություն հենց նույն 2016թ.-ին, ինչպես նաև դրանից առաջ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ, երբ տարբեր միջազգային կառույցներ հանդես էին գալիս Ադրբեջանի դեմ հասցեական հայտարարություններով, այս օրերին որևէ նման հայտարարություն չեղավ՝ այդ թվում՝ ՀՀ դաշնակիցների կողմից։ Ավելին, միայն այն փաստը, որ վարչապետը ռազմական գործողություններից հետո նորից հիշեց Վիեննայի և Ս․Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որոնք 2016թ․-ի ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական դիվանագիտության փայլուն հաղթանակի խորհրդանիշն են և վերջին 2 տարիներին մսխվել էին իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, ի ցույց է դնում ԱԽ քարտուղարի պնդման ողջ սնանկությունը։
Իրականում «Դիվանագիտական հաղթանակների» մասին խոսելը նույնպես դեռ բավականին վաղ է։ Հայկական կողմը դեռևս պետք է փորձի գոնե միջազգային կառույցների և դաշնակիցների ադեկվատ արձագանքն ապահովել Ադրբեջանի նախահարձակ գործողությունների, առավել ևս՝ հայկական ԱԷԿ-ի վրա հարձակման աննախադեպ հոխորտանքների վերաբերյալ, որը, ցավոք, դեռևս չի ստացվում։ Ավելին, Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում նախաձեռնում է հակահայկական բանաձևերի ու հայտարարությունների ընդունում՝ ԳՈՒԱՄ, Իսլամական համագործակցության կազմակերպություն, Չմիացման շարժման կազմակերպություն, Թուրքալեզու պետությունների կազմակերպություն, որոնց հակակշռող գործողություններ հայկական կողմը չի կարողանում իրականացնել։ Այս փուլում առնվազն հարկավոր է ուղղել նախկինում թույլ տված սխալները և վերջին իրադարձություններն օգտագործել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները բանակցությունների օրակարգի առաջնահերթ պլան մղելու, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միակողմանի քաղաքականությունից հրաժարվելու նպատակով։
ԱԽ քարտուղարն իր հոդվածում նաև չի խորշում կանխատեսել ռազմական ձախողման արդյունքում Ալիևին իշխանազրկելու հեռանկարը, այն դեպքում, երբ ավելի իրատեսական է Ալիևի կողմից նոր ռազմական սադրանքների նախաձեռնության սցենարը։ Ընդհանրապես, քանի դեռ նույնիսկ չի ավարտվել ռազմական գործողությունների ակտիվ փուլը, որի վկայությունն է հուլիսի 21-ի երեկոյան ադրբեջանական հերթական դիվերսիայի փորձը, պետական լուրջ ինստիտուտները և դրանց ղեկավարները պետք է խուսափեն դրանց արդյունքների վերաբերյալ վերլուծություններ ներկայացնելու, հետևանքները ամփոփելու գործելաոճից։
Ներքին քարոզչության համար իշխանությունն առանց այն էլ ունի բավականին մեծ «գործիքակազմ» (անկախ այն հանգամանքից, թե որքանով է ստեղծված իրավիճակում դրա կիրառումը, իր բոլոր խեղված դրսևորումներով հանդերձ, նպատակահարմար և պետականամետ), իսկ հաշվի առնելով հիմնական ընդդիմադիր ուժերի և ԶԼՄ-ների կառուցողական վարքագիծը, դրա կարիքն առհասարակ չկա։ Ուստի, գոնե քիչ թե շատ լուրջ պետական ինստիտուտները պետք է զբաղվեն իրենց անմիջական պարտականությունների իրականացմամբ, այլապես նույնիսկ մեծ զոհողությունների գնով ձեռք բերած ռազմական հաղթանակներն այլ հարթակներում կարող են վերածվել ցավալի պարտության։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքի պատճառներին և նախադրյալներին, անշուշտ, նավթի գների անկումն ու այդ երկրում տիրող ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը նպաստել են Բաքվի գործողություներին, սակայն դրանք չի կարելի համարել միակ կամ նույնիսկ հիմնական պատճառները։ Ալիևի սադրիչ գործողություններին ավելի շատ նպաստել են նրա կողմից ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան՝ Հայաստանից և միջազգային շրջանակներից ադեկվատ արձագանքի բացակայությունը և անպատժելիության մթնոլորտը, դիվանագիտական ճակատում հայկական կողմի ձախողումները և բանակցային գործընթացը փակուղային վիճակի հասցնելը, միջազգային ասպարեզում հայկական կողմի դիրքերի թուլացումը, միակողմանի խաղաղասիրական կոչերը, բանակցային գործընթացների վերաբերյալ հակասական հայտարարություններն ու ձևակերպումները, և այլն։
Միաժամանակ Ադրբեջանի գործողությունները կարող էին պայմանավորված լինել նաև Հայաստանում տիրող իրավիճակով․ իշխանության կողմից համավարակի դեմ պայքարի տապալումը, հասարակության բևեռացմանը նպաստող գործողությունները, երկրում ստեղծված ոչ պակաս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, հիմնական դաշնակիցների հետ հակասությունների խորացումը կարող էին Բաքվում սին հույսեր ստեղծել, թե դրանք իրենց ազդեցությունն են ունեցել նաև ՀՀ ԶՈՒ-ի մարտունակության վրա։
Վերոնշյալ բոլորը իրողությունները ոչ պակաս կարևոր են, դրանք կարող էին նպաստել Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմական գործողությունների սանձազերծմանը։ Հետևաբար՝ ԱԽ քարտուղարի կողմից Բաքվի գործողությունների պարզունակ վերլուծությունը սոսկ նավթի համաշխարհային շուկայում տատանումների և «հեղափոխության» համատեքստում վկայում է երկրի ղեկավարության կոմպետենտության ճգնաժամի մասին։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ