
Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի

Հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն տվեց դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին, որ ներկայացվել էին նախորդ օրը: Դրանից հետո ԱԱԾ-ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան` դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Գևորգ Նարինյանը կալանավորվեց այսօր, իսկ Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր 18:00-ին:
Եվ ահա տեղեկացանք, որ դատարանը՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է բավարարել Արա Կուբանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը:
Լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը: