Որտե՞ղ են պատրաստվում իրենց հանգիստն անցկացնել հայերը. հարցում
Հանգստի մեկնելու համար մտավախություններ կան, բայց դե ի՞նչ անենք, հոգնել ենք այս կարանտինից: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց Երևանի բնակիչներից մեկը:
168.am-ը շրջել է Երևանում, զրուցել քաղաքացիների հետ և հետաքրքրվել, թե ինչպե՞ս են պատրաստվում իրենց ամառային հանգիստը կազմակերպել:
«Այս վիճակում չենք ուզում գնանք, արտակարգ իրավիճակ, այսքան հիվանդներ, դեռ չենք ուզում, զսպվում ենք»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Ճիշտն ասած՝ Դուբայից եմ, եկել ենք, թռիչքները փակվել են, մնացել ենք Հայաստանում, հուսանք՝ թռիչքները կլինեն, հետ կվերադառնանք: Սիրում եմ, գնում ենք քաղաքից դուրս՝ Դիլիջան, Գառնի, Գեղարդ, ման ենք գալիս, բայց պահում ենք անվտանգության կանոնները»,- ասաց հարցվածներից մեկը:
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հանգիստը տանն է անցկացնելու. «Երևանում եմ մնալու, վախենում եմ ուրիշ տեղեր գնալ, երկրորդն էլ՝ ֆինանսական վիճակը, ամեն ինչ խառնվել է իրար: Անցած տարի Վրաստանում ենք հանգստացել, գոհ էինք, ավելի մատչելի ու լավ էր, քան մեզ մոտ, երևի դրա ազդեցության տակ էլ ռիսկ չենք անում այստեղ գնանք հանգստանալու, ամեն դեպքում Հայաստանում թանկ է ամեն ինչ»:
Քաղաքացիները տարբեր տեղեր նշեցին հանգստի մեկնելու համար՝ Սևան, Աղվերան, Ծաղկաձոր, Դիլիջան, մի մասն էլ հանգիստը տանն է կազմակերպելու:
Ի դեպ, հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ նախորդ տարի իրենց հանգիստը կազմակերպել են հարևան Վրաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում