«Գարու մեշոկներ ենք դրել, որ արկի բեկորները ներս չթափանցեն». Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ
Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներն այս օրերին տան տարբեր անկյուններից արկի կտորներ են հավաքում: Բնակիչներից մեկը լրագրողներին պատմում էր, որ վերջին տարիներին գյուղում հանգիստ էր, անգամ թոռնիկներն էին հյուր գալիս, այս անգամ ստիպված է եղել նրանց հետ ուղարկել:
«Վնասվել ա ջրի խողովակը, ապակիները, կոֆեի սեղանը, փոքրիկ հայելի կար դրսում, դա է վնասվել: Տան վերևի հատվածին ոչինչ չի պատահել, դե գիտեն, որ ներքևում ենք մնում, նենց են արել, որ ներքևի մասը վնասվի»,- ասաց ներքինկարմիրաղբյուրցի տիկինը:
Գյուղի բնակիչն ասաց, որ ստիպված են լինում լիքը պարկերով պաշտպանիչ բարիկադներ դնել պատուհանների դիմաց:
«Գարու մեշոկներ ենք դրել, որ արկի բեկորները ներս չթափանցեն: Հենց կրակոցը դադարում է, շարունակում ենք բնականոն կյանքով ապրել, մոռանում ենք կրակոցները և շարունակում ենք ապրել»,- ասաց Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը:
Գյուղի մեկ այլ բնակիչ, լրագրողի հարցին, թե կրակոցների ժամանակ ավելի ապահո՞վ վայր են տեղափոխվում, պատասխանեց.
«Ապահով տեղ չկա»: