«Վնասվել է 20 տուն, վիրավորներ, մարդկային կորուստներ չունենք». Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ
Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը սահմանից հեռու է ընդամենը 700 մ։ Լրագրողների հետ զրույցում գյուղապետ Լևոն Առաքելյանը պատմեց, որ գյուղը մի քանի օրվա ընթացքում երկու անգամ գնդակոծվել է:
«Առաջին դեպքը եղել է ամսի 14-ին, 4 արկ ա ընկել գյուղի վրա, որի հետևանքով վնասվել ա 10 տուն: Ամսի 16-ին ժամը 6-ին 3 արկ ա ընկել գյուղի վրա, ևս 10 տուն վնասվել ա: Ըստ մեր պատկերացրածի՝ տանկից են խփել: Վերջին անգամ 2014-ին էին կրակել մեր գյուղի վրա, շատ թեթև, կարելի է ասել՝ նման դեպքեր չեն էլ եղել, եթե եղել են, ապա ավտոմատից ա եղել»,- ասաց Առաքելյանը:
Գյուղապետը վստահեցրեց, որ վնասված բոլոր տների համար փոխհատուցում է տրվելու, իսկ այս օրերին չափագրում են կատարում:
«Բնակչության շրջանում վիրավորներ ու մարդկային կորուստներ չունենք»,- ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը:
Հարցին, թե կրակոցների ընթացքում գյուղը լքողներ եղե՞լ են, Լևոն Առաքելյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ մեր գյուղում կլինեն նենց բնակիչներ, որ լքեն գյուղը: Բոլորը պատրաստ են մնալ, կռիվ տալ, պայքարել»: