«Խաղաղասիրությանը նպաստող միջավայրի գոյությունը երաշխավորում են բռնությունն արդյունավետ կիրառելու մասնագետները». Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարև, իմ խաղաղասեր եղբայր։ Կամ քույրիկ։
Եկել եմ ասեմ, որ ես էլ եմ խաղաղություն սիրում։
Սիրում եմ ամառվա շոգին նստել մեր տան բակում ու սառը գարեջրի քրտնած շիշը ձեռքիս մտորել, օրինակ՝ Օզի Օսբորնի՝ ադրբեջանական ռեփի վրա թողած ազդեցության մասին։
Ու ես էլ եմ խաղաղություն ուզում, գիտե՞ս։
Ու քանի որ խաղաղություն եմ ուզում, պետք է պատրաստ լինեմ պատերազմի։
Այսօր։ Վաղը։ Եկող շաբաթ։ Եկող ամիս։ Ամիսներ։ Տարիներ։ Միշտ։
Որովհետև այսօր իմ բակում խաղաղ նստելու և մշակութային անսպասելի կազուսների մասին մտորելու ճոխությունը գին ունի։
Որովհետև խաղաղությունը միշտ գին ունի։
Ադրբեջանական ռեփի զվարճալի առանձնահատկությունների մասին հանգիստ մտորելու, «Բլեք Սաբաթ» կամ «Սոնիկ Յութ» լսելու, «Բրեյքինգ բեդ» նայելու, փաբում ընկերների հետ լռվելու ու սիրածիդ հետ սեքսով զբաղվելու հնարավորությունը գին ունի։
Անվճար խաղաղություն չի լինում։
Այդ գինը վճարում է զինվորականը, որի հետ դու, իմ խաղաղասեր ու զարգացած եղբայր կամ քույրիկ, հավանաբար, մշակութային ընդհանրություններ գրեթե չունես։ Նա սիրում է քո ատած ռաբիսն ու ռուսական էստրադան, ամենայն հավանականությամբ քո պես նրբաճաշակ չէ և չի ընկալում անգլերեն բառախաղերով կատակները, ապրում է քո համար անհասկանալի «պանյատներով»։
Կարևորն այն է, որ նա միշտ պատրաստ է առանց երկմտելու թշնամու ոտը ոռից պոկել։
Չճանաչելով քեզ, նույնիսկ չկասկածելով քո գոյության մասին, նա պատրաստ է նաև իր կյանքը զոհաբերել հանուն քո անվտանգության։
Իր այդ պատրաստակամության, իր ուժի, պետք եղած ժամանակ նաև կատաղության ու դաժանության ՇՆՈՐՀԻՎ է, որ այսօր դու կարող ես Երևանի trendy փաբերից մեկում լռված քննարկել #metoo-ն ու #blm-ը, կարող ես հանգիստ խոսել խաղաղասիրությունից ու նաև այն մասին, թե ինչ կայֆ տպեր են քո ադրբեջանցի ընկերները։
Ինչքան էլ պարադոքսալ թվա, բայց խաղաղասիրությանը նպաստող միջավայրի գոյությունը երաշխավորում են բռնությունն արդյունավետ կիրառելու մասնագետները։
Քանի դեռ Հայաստանում ես ապրում, դու էլ ունես պարտավորություններ այն մարդկանց հանդեպ, որոնք պաշտպանում են քեզ։
Մինչ ապրում ես Հայաստանում, դու էլ պիտի պատրաստ լինես թշնամու, պայմանականորեն ասած՝ «ոտքը ոռից պոկել» հանուն այն բանի, որ այն մյուս տղերքը կարողանան կիրակի երեկոյան քո չսիրած ռաբիսը լսել։
Ուզում ես խաղաղություն, եղիր պատրաստ պատերազմի։
Միշտ։
#peace»: